NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խոսքի ազատության ժամանակը

Մայիսի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է մամուլի ազատության միջազգային օրը:
«Խոսքի ազատության ժամանակն օբյեկտիվորեն դեռ չի եկել Հայաստան», այսօր՝ մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում ասել է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը։ Վերջինիս կարծիքով ազատ լրագրողների համար այսօր Հայաստանում դրսևորվելու դաշտ չկա։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով' Հայաստանում լրագրողների հանդեպ կիրառվող բռնություններն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են: Եթե 2009թ. առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք էր գրանցվել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում բռնության է ենթարկվել 5 լրագրող:
Արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 3 դեպք' նախորդ տարվա 2-ի փոխարեն: Ըստ կոմիտեի' Հայաստանում բռնության ենթարկված լրագրողները իրավացիորեն չեն հավատում, որ իրավապահ մարմիններն իրենց նկատմամբ ոտնձգություն կատարողներին կպատժեն:
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի'այս փաստն ուրախալի է, քանի որ վիճակը չի վատացել և միևնույն ժամանակ' մտահոգիչ, որ հայաստանյան լրատվամիջոցները դեռևս մնում են անազատների շարքում:
«Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես ուզում են, որպեսզի մեր մոտ ազատ մամուլ, այնուամենայնիվ, կայանա, պետք են և' օրենսդրական փոփոխություններ, և', ամենակարևորը, պետք է թույլ տալ ազատ գործելու հեռարձակվող լրատվամիջոնցներին, առաջին հերթին խոսքս հեռուստատեսությունների մասին է, որոնք ըստ մեր գնահատականների, նույնպես գտնվում են իշխանությունների վերահսկման ներքո»,- ասաում է Աշոտ Մելիքյանը:
Օրեր առաջ հրապարակվել էր նաև Freedom House-ի մամուլի ազատության 2010թ. զեկույցը, որում երկրները դասակարգվել են ըստ ազատ, մասամբ ազատ ու ոչ ազատ խմբերի: Հայաստանն ընդգրկվել է ոչ ազատ երկրների խմբում, որի շարքում են նաև Կամերունը, Կոտ դ'Իվուարը, Մարոկկոն, Կատարը, Ադրբեջանը, Իրանը։
Այնուամենայնիվ Freedom House-ը որոշ բարելավում է արձանագրել Հայաստանում. Հայաստանը 66 միավոր ունի՝ նախորդ տարվա 68-ի փոխարեն, այսինքն 2 կետով բարելավել է իր դիրքը՝ այդուհանդերձ մնալով նույն խմբում։
Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունները կշարունակվեն նաև ապագայում, քանի որ երկրում պաշտպանված չեն ոչ միայն լրագրողների, այլև քաղաքացիների իրավունքները։ Մյուս կողմից էլ, ըստ Նավասարդյանի, եթե ներկա պայմաններում չարձանագրվեն բռնություններ լրագրողների նկատմամբ, կնշանակի «մենք Հայաստանում կորցնում ենք լրագրությունն իբրև մասնագիտություն»։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, 2009թ. աշխարհում իրենց մասնագիտական պարտքը կատարելու պատճառով սպանվել են 70 լրագրողներ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով' հայկական իրականության համար միակ հուսադրող բանն այն է, որ այստեղ լրագրող չեն սպանում, փոխարենը բազմաթիվ են բռնությունների, ծեծի, ճնշումների և հարձակումների դեպքերը։
Դոյդոյանը համոզված է, որ իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ բարձրանա հասարակության իրավագիտակցությունը, որ լրագրողի հրապարակումից դժգոհ անձը իր հարցը լուծի դատարանում և ոչ թե խմբագրության շենքից դուրս՝ հաշվեհարդարի եղանակով։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով էլ առավել անընդունելի է հրապարակումը կանխելու նպատակով արված բռնությունը կամ ճնշումը
.«Ինձ համար՝ որպես խմբագրի, արտադրության տեսակետից, սա շատ տհաճ է»:
«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ կարծում է, որ նախընտրական փուլի նախաշեմին օրենսդրական փոփոխությունները «լրատվամիջոցներին իրենց տեղը դնելու համար է»:
«Ես կարծում եմ, որ մինչև ընտրությունները մի քանի աղմկահարույց դատական գործեր է լինելու: Վստահ եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կանցնի և կընդունվի օրենքում»,- ասաց նա: Իսկ աղմկահարույց դատական գործերը, ըստ Է. Բաղդասարյանի, սարքելը դժվար չէ, քանզի կան թերթեր, որոնց հրապարակումների հիման վրա կարելի է դա անել, որը դաս է լինելու դաշտում անվերահսկելի լրատվամիջոցներին նույնպես կառավարելի դարձնելու համար:
Ըստ «Հետք»-ի խմբագրի' Հայաստանում, այնուամենայնիվ, լրագրողներն ավելի պաշտպանված են, քան սովորական քաղաքացիները: Դրա վառ ապացույցը Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան դեպքն է.
«Մենք չգիտենք, թե մարզերում ինչ է կատարվում, դա եզակի դեպք չէ, սա ուղղակի դեպք էր, որը մահվան ելքով ավարտվեց, դրա համար ամբողջ հասարակությունն իմացավ, բայց Չարենցավանի քրեականի բաժնի պետի մասին երբ հարցնում ես, պատմում են, որ նա ամեն օր նման բռնություններ է կատարել մարդկանց նկատմամբ քննության ժամանակ»:
Մամուլի ազատության միջազգային օրն աշխարհում նշվում է 1994-ից: Ամեն տարի այս օրը ուղերձով հանդես է գալիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ այսօր Երևանում կազմակերպել է «Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
Քրիստինե Վարդանյան
