Մարդու իրավունքները Հայաստանում. դիտարկում Ժնևից

Մայիսի 6-ին Ժնևում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը' ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին է ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ազգային զեկույցը: 

Զեկույցում, որպես Հայաստանում մարդու իրավունքների վիճակ, ներկայացվել են ՀՀ օրենսդրության պահանջները, անդրադարձ է կա նաև Ցեղասպանության ճանաչման և ԼՂ ժողովրդի ինքնորոշման խնդիրներին:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ժնևից հաղորդել է, որ զեկույցը ներկայացվելուց հետո որոշ երկրների ներկայացուցիչներ խոսել են Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդիրների մասին'  այդպիսով պատկերը մոտեցնելով  իրականությանը: ՀՀ զեկույցի առնչությամբ հարցադրումներով եւ առաջարկություններով են հանդես եկել 47 երկրների ներկայացուցիչներ:

Լևոն Բարսեղյանը, խմբավորելով հնչեցված հարցերն ու առաջարկները, նկատել է. «Իսլամական երկրները շեշտում են սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությունը և ընտանեկան բռնությունների բացառումը: Իսկ տատանվող ու կասկածելի ժողովրդավարությամբ երկրները կամ հիմնականում ողջունում են Հայաստանին, կամ 1-2 սոցիալական խնդիր են հատկանշում, ասես' ձևի համար»:

 Այնուհետև Լևոն Բարսեղյանը մեջբերումներ է արել ելույթներից'

ՌԴ.- Ողջունում ենք Հայաստանին, Ռուսաստանը Հայաստանի հետ դարավոր սերտ եւ եղբայրական կապեր ունենք, շնորհակալ ենք պատվիրակությանը: Հայաստանը հասել է լուրջ առաջընթացի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, միջազգային օրենսդրության մաս կազմող բազմաթիվ փաստաթղթեր են վավերացվել: Առաջարկում ենք Հայաստանին շարունակել կայուն զարգացման ազգային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի Մարդու իրավունքների հետագա պաշտպանությանը երկրում:

Թուրքիա.- Ողջունելով ժողովրդավարական զարգացումները եւ ՄԻ պաշտպանության ոլորտում առաջընթացը, նշում ենք, որ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերի լիակատար հետաքննությունը պիտի մնա օրակարգում: Ցուցարարների նկատմամբ չափազանց մեծ ուժ կիրառելու մասին տեղյակ ենք ու ուշադիր ենք: Առաջարկում ենք Հայաստանին շարունակել դատավորների ուսուցումը: Հայաստանի զեկույցում հնչած «գենոցիդ» հասկացությունը պիտի օգտագործվի միայն ՄԱԿ-ի կոնվենցիայով հաստատված իմաստով եւ համապատասխանությամբ, հակառակ դեպքում այդ հասկացությունը կարող է նենգափոխվել, իսկ կոնվենցիան' ուղղակի լուծվել: ԼՂ կոնֆլիկտի հետ կապված, մենք կարծում ենք, որ այն պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակցային գործընթացով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջամտությամբ' հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Համարում ենք, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը եւ ադրբեջանական տարածքների օկուպացման դադարեցման պահանջի կատարումը էական է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի հեղինակության բարձրացման համար:

Իսպանիա.- Առաջարկում եմ Հայաստանին վավերացնել Հաշմանդամների սոցիալ, տնտեսական, մշակութային պաշտպանության կոնվենցիան: Առաջարկում ենք 2008 թվի դեպքերի դատական քննություններ անցկացնել այնպես, որ լիակատար հստակեցվի մեղավորների պատասխանատվության չափը եւ տուժածներին պատշաճ փոխհատուցում տրվի, որքան հնարավոր է, դա հարկավոր է արագ անել: Առաջարկում ենք «Հեռուստատեսության  եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարել եւ հեռուսատաընկերություններին ու ռադիոկայաններին հեռարձակման լիցենզիաներ ստանալու հնարավորություն տալ: Առաջարկում ենք  «Հավաքների...» մասին օրենքի 9.4.3 հոդվածում փոփոխությունենր կատարելով, ապահովել հավաքների ազատությունը:

 ԱՄՆ.- 2009 թվի համաներումը թույլ տվեց բանտերից ազատել 30 հոգու, որոնք ակնհայտորեն հետապնդվել էին քաղաքական հայացքների համար, դա դրական քայլ էր, բայց ուրիշները մնացել են բանտերում, եւ հարկավոր է աբվելին անել որպեսզի ապահովվի հարգանքը ընդդիմության քաղաքական ազատությունների նկատմամբ եւ ակտիվիստները հնարավորություն ստանան առանց վախենալու իրենց գործունեություն իրականացնել: Ուրախ ենք, որ 2010-ի հունիսին դադարեցվելու է լիցենզավորման մրցույթների սառեցումը, եւ հույս ունենք, որ թափանցիկ կլինի լիցենզավորման ընթացքը, առաջարկում ենք ոլոտում թվայնացումը իրականացնել թափանցիկ եւ արդարացի կերպով:

 Սլովենիա.- Կալանավայրերում եւ բանտերում տեղի ունեցող խոշտանգումները մեզ շատ են մտահոգում: Առաջարկում ենք շուտափույթ միջոցներ ձեռք առնել նման խոշտանգումների դեպքերի հետաքննությունների համար:

 Իռլանդիա.- Հավաքների ազատությունը 2008 թվի նախագահական ընտրություններից հետո օրենքում արված մի քանի փոփոխությունների պատճառով սահմանափակվել են: Կանանց իրավունքների ոտնահարումները մտահոգում են մեզ:

 Նիդերլանդներ.-  2008 թվի հունիսին Եվրոպական դատարանը վճռեց, որ Հայաստանը խախտել է ՄԻԵ կոնվենցիան եւ «Ա1+» հեռուստաընկերության իրավունքը, ապա Հայաստանը որոշեց սառեցնել լիցենզավորումը, ինչով խոչընդոտեց հաճախություն ստանալը, այդպիսով նաեւ խոչընդոտվեց հեռուստաընկերության խախտված իրավունքի վերականգնման հնարավորությունը: Առաջարկում ենք ապահովել ՄԻԵ դատարանի վճռի կատարումը հեռուստաընկերության ոտնահարված իրավունքի վերականգնման համար, ապա' օրենքում այնպիսի փոփոխություններ կատարել, որոնցով կապահովվի կարգավորող մարմնի իրական անկախությունը: Առաջարկում ենք պրակտիկայում չներդնել եւ չիրականացնել մարդկանց խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման խոչընդոտող գործողություններ: Դատական համակարգի մասով առաջարկում ենք առաջնորդվելով ԵԱՀԿ ԺՄԻՀԳ իրականացրած դատական համակարգի մոնիտորինգի արդյունքներով արդարադատության բարեփոխումներ իրականացնել:

 Շվեդիա.- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից դժգոհություններ ենք լսել այն մասին, որ հեռարձակման լիցենզավորման դժվարություններ են առաջացել Հայաստանում, լսել ենք նաեւ լրագրողների իրավունքների ոտնահարումների մասին: Առաջարկում ենք միջոցներ ձեռք առնել որպեսզի ոչ ոք չհետապնդվի կարծիքի արտահայտման իրավունքի օգտագործման համար: Մտահոգիչ տեղեկություններ ունենք այն մասին, որ դատարաններն անկախ չեն, 2008 թվի ընտրությունների ժամանակ կեղծիքներ, լցոնումներ, կրկնակի քվեարկություններ են եղել: Առաջարկում ենք միջոցներ ձեռք առնել դատարաններում անկախ եւ թափանցիկ արդարադատություն իրականացնելու եւ առաջիկայում ազատ եւ արդար ընտրությունների իրականացումն ապահովելու համար:

 Իտալիա.- Առաջարկում ենք ծրագիր ստեղծել ոստիկանների վերապատրաստումների համար, կալանավայրերում եւ բանտերում խոշտանգումները բացառելու նպատակով: Առաջարկում ենք արդյունավետ միջոցառումներ ձեռք առնել դատարանների անկախացման համար:

 Գերմանիա.-Առաջարկում ենք Հայաստանին Հատուկ զեկուցող հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության խնդրով, եւ ապա, առաջարկում ենք ակտիվորեն ջանքեր ներդնել մարդկանց առեւտրի եւ թրաֆիկինգի բացառման ու այդ պրոբլեմից տուժածներին պատշաճ աջակցվություն ցուցաբերելու համար:

 Ֆրանսիա.- Մեզ համար պատիվ է լինել Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման տրոյկայի խմբում: Ողջունում ենք ԶԼՄ բարեփոխումների գործողությունները, առաջարկում ենք համապատասխան միջոցներ ձեռք առնել ազգային կարգավորող հանձնաժողովի անկախացման համար, ինչը հնարավորություն կտա հաճախականություններ ստանալ հեռարձակել կամեցողներին:

 Կանադա.- Առաջարկում ենք միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ազատությունների ապահովման համար, բարենպաստ միջավայր ձեւավորել հետաքննական լրագրության զարգացման համար, կալանավայրերում պատշաճ պայմաններ ստեղծել այնտեղ պահվող մարդկանց համար, բանտերում եւ կալանավայրերում իրականացված խոշտանգումների գործերով հետաքննություններ իրականացնել, առաջարկում ենք իրավական դաշտն այնպես կատարելագործել, որ Հայաստանը կարողանա արդյունավետ կերպով պայքարել մարդկանց առեւտրի դեմ:

 Բոսնիա եւ Հերցեգովինա.- Մեզ համար պարզ չէ, թե քաղաքացիական հասարակության մասնակցությունը մեզ ներկայացված այս զեկույցի կազմման գործում ինչպիսին է եղել, կուզեինք իմանալ, թե ինչ դեր է ունեցել քաղաքացիական հասարակությունը այդ գործում եւ հետագայում ինչպես են ներգրավվելու ն րանք: Բանտերում եւ անչափահասների կալանավայրերում ինչպե՞ս են բարելավվելու բանտարկյալների պայմանները: Առաջարկում ենք բանտերում եւ կալանավայրերում մարդկանց նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքը բացառելու համար համապատասխան աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումներ անցկացնել:

 ՄԹ.- 20 ից ավելի ՀԿ-ների զեկույցներն ենք ուսումնասիրել եւ համարում ենք, որ կան ոլորտներ, որտեղ իշխանությունների կարող էին ավելին անել մարդու իրավունքների պաշտպանության համար:  Համաներումը հնարավորություն տվեց մի շարք դատապարտվածների ազատվել: Համարում ենք, որ անկախ հետաքննություն պիտի իրականացվի սպանությունները բացահայտելու համար: Առաջարկում ենք իրականացնել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ դատական մոնիտորինգի արդյունքների առաջարկները, ապահովել 2008 թվի ընտրություններից հետո իրականացված 10 սպանությունների անկախ հետաքննությունը, համապատասխան միջոցներ ձեռք առնել ընտանեկան բռնությունները բացառելու համար, Հայաստանին առաջարկում ենք վավերացնել Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան ու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին պակտի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, ինչպես նաեւ' ստորագրի Հռոմի ստատուտը եւ միանա դրան:

 Հունգարիա.- Մտահոգվում ենք արդար դատաքննության սկզբունքների խախտումների պատճառով:  Դատավորների անկախության երաշխիքները մտահոգող են, առաջարկում ենք հատուկ զեկուցողներ հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության մասով: Առաջարկում ենք հատուկ բաժին ստեղծել ՄԻՊ գրասենյակում երեխաների խնդրով զբաղվելու համար;

Շվեյցարիա.- 2008-ի ընտրություններից հետո ընդդիմությունն ու լրագրողները հարձակումների են ենթարկվել, առաջարկում են խորհրդարանում  հատուկ հանձնաժողով ստեղծել եւ հետաքննել տեղի ունեցած օրինախախտումները: Կարեւորում ենք ազատ ԶԼՄ-ների դերը երկրում: Ոստիկանությունը պիտի իմանա, թե ինչպիսի պատասխանատվություն է կրելու մարդկանց իրավունքների խախտումների համար:

 Պետությունների ելույթներից հետո Հայաստանի պատվիրակությունը հնարավորություն ստացավ պատասխանել մի շարք հարցերի եւ հատկապես նրանց, որոնք ստացվել էին նախապես' գրավոր: Պատվիրակությունից ելույթ ունեցողներից հատկանշական է ՀՀ Դատախազության  ներկայացուցիչ, ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանի պատասխանը, որը վերապահություն չհանդուրժող տոնով, ինչպես և իր վերադասը, մերժեց Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, ասելով, թե «...վերջին ժամանակներս Հայաստանի որոշ քաղաքական ուժեր քաղաքական պաշտպանության տակ են առել 14 դատապարտվածների, բայց նրանք ձերբակալվել են ոչ թե քաղաքական համոզմունքների, այլ կոնկրետ քրեական իրավախախտումների համար, կարող եմ ասել, որ հենց անկարգությունների կազմակերպման եւ իրականացման համար, զենք ու զինամթերքի անօրինական ձեռքբերման, կրելու, պահելու եւ տեղափոխելու համար:

Հետաքրքիր է այն, որ այդ անձանցից մի քանիսը դատապարտվել են մարտի 1-ից առաջ, եւ նրանք դատապարտվել են ուրիշ հանցագործությունների համար,  օրինակ, որջեր պահելու, պոռնկությամբ եւ կավատությամբ զբաղվելու համար, զենքի անօրինական ձեռքբերման համար, պետական դավաճանության համար» (պետական դավաճանության եւ ոչ թե պետությանը դավաճանելու-Լ.Բ.): Պարոնը նշեց նաև, թե ոստիկանությունում խոշտանգումների մասին բոլոր հաղորդումները պարտադիր քննվում են: Ավելացրեց, թե մարտի 1-ի սպանությունների հետաքննության շրջանակներում հարուցվել է 2 քրեական գործ 4 ոստիկանների դեմ: Այդ գործերից մեկի դատավարությունն արդեն ավարտվել է արդեն եւ ոստիկանները դատապարտվել են դատարանի վճռով, իսկ մյուս գործով քրեական գործը առանձնացվել է եւ նախաքննություն է իրականացվում...:

 Լևոն Բարսեղյանի հաղորդմամբ, Ժնեում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրը լռությամբ տարավ այս ամենը և նիստի ավարտից հետո իրեն մոտեցած մեկ-երկու հոգու հետ կարճ զրույցներից հետո հանդարտ հեռացավ, ներկաները' ծանոթ-անծանոթ, ջանում էին նրա կողքին կամ ֆոնին լուսանկարվել: «Դժվար է ասել, թե մեծ երգիչն ինչ էր մտածում Հայաստանի փոխարտգործնախարարի ներկայացրած հեքիաթային պատկերի և ավելի տեղյակ օտարերկրացիների սառը ցնցուղի մասին, որ որոշ ընդմիջումներով պահեցին հայոց պատվիրակության վրա երեք ժամ շարունակ»:

«Հանրագումարելով այս ամենը հետեւյալ պատկերն է ստացվում: Անդառնալի ժողովրդավարությամբ երկրները հայաստանի հիմնախնդիրները թվելիս հիմնական շեշտը դնում են արտահայտման, խոսքի, մամուլի, դավանանքի ազատության, իրավապահ համակարգի կարգավորման, արդարադատության անկախության, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ եւ հետո տեղի ունեցած իրավախախտումների եւ հանցագործությունների արդար քննության ու մեղավորներին պատժելու վրա: Իսլամական երկրները շեշտում են սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնություններիբացառումը, իսկ տատանվող ու կասկածելի ժողովրդավարությամբ երկրները, կամ հիմնականում ողջունում են Հայաստանին կամ 1-2 սոցիալական խնդիր են հատկանշում, ասես' ձեւի համար: Այս շարքերից կան այնպիսի հասկանալի բացառություններ, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը:

 Հայաստանի զեկույցի վերջնական տարբերակը հաստատվելու է մայիսի 10-ին, իսկ թե Հայաստանը արված առաջարկություններից որոնք կընդունի եւ դրանով կստանձնի այդ ոլորտների կարգավորման պատասխանատվությունը առաջիկա 4 տարիների ընթացքում, եւ' որոնք կմերժի, համարելով, թե այդպիսիք չկան ու չեն էլ եղել, պարզ կդառնա 3-4 ամսից, հավանաբար սեպտեմբերին: Այդ պահից սկսած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նրանց խնմբերն ու Հայաստանով հետաքրքրված միջազգային կազմակերպուջթյունները լրջագույն անելիքներ կունենան Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկելու, պարբերական հաշվետվություններով դրանք հայաստանյան հարկատուներին, իշխանություններին եւ միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

 Այդ նույն պահից սկսած Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ կլինեն իրենց ստանձնած պարտավորությունների համար զանազան ֆինանսական միջոցների հայթայթման համաշխարհային գործընթացի ծավալմանը, ըստ էության հիմնավորելով, թե' դե պարտավորություն է' պիտի կատարեն, որ, իբր, ժողովրդավարություն տեղի ունենա, բայց թե ինչպես կկատարեն, բավականաչափ մեծ մոտավորությամբ հայտնի է. պատմությունը կրկնվելու վատ բնավորություն ունի:

 Այդ դրամահայթայթման գործընթացում իշխանությունները անպայման հազարապատիկ ավելի շատ դրամաշնորհներ կամ վարկեր կստանան միջազգային դոնորներից, քան քաղաքացիական հասարակության բոլոր հաստատությունները մեկտեղ վերցրած' այդ պարտավորությունների կատարումը վերահսկելու համար, բայց այդ իշխանությունները կլինեն, որ մյուսներին գրանտակերներ կկոչեն...: Չնայած, չի էլ բացառվում, որ իշխանությունները ամենեւին էլ չլրջացնեն պարտավորությունների ստանձնումն ու դրանց կատարումը, որովհետեւ Համընդհանուր պարբերական դիտարկումների (UPR) փորձագետները, մեկնաբանելով այդ գործընթացները, շեշտում են այն հանգամանքը, որ սա մարդու իրավունքների պաշտպանության տակավին նոր համակարգ է եւ առաջին փորձաշրջանն է անցնում, մարդիկ, քաղաքացիներն ու իրավապաշտպաններն են, որ իրենց երկրներում պիտի խթանեն այս գործընթացները եւ հասնեն փոփոխությունենրի, ՄԱԿ-ն ինքն իրենով անկարող է գալ եւ ստիպել երկրի իշխանություններին փոփոխություններ կատարել, մանավանդ եթե այդ երկրի հասարակությունը այդ փոփոխություններն ինքը չի պարտադրում:

 Եւ վերջապես, այս հնարավոր զարգացումները անկարելի է քննարկել Հայաստանի ներքին քաղաքական եւ հարակից զարգացումների հնարավոր սցենարներից զատ: Բայց դա մեկ այլ փաստավավերագրական ֆիլմից է»,-հաղորդում այսպես է ավարտել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: