NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Պրոֆեսիոնալ լրագրողները հանուն մարդու իրավունքների»։ Պաշտպանվա՞ծ են արդյոք հաշմանդամների աշխատանքային իրավունքները
2010թ. Մայիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Counterpart International Armenia» ֆինանսական աջակցությամբ Երևանում կազմակերպել էր եռօրա դասընթացներ «Պրոֆեսիոնալ լրագրողները հանուն մարդու իրավունքների»: Դասընթացները վարում էին իրավաբան Սիրանուշ Սահակյանը, լրագրող Լիանա Սայադյանը, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը և ՔՀԻ հկ նախագահ Արման Դանիելյանը: Դասընթացների ավարտից հետո մասնակիցների գրած լավագույն նյութերը տպագրվեցին «Հետք» թերթի հատուկ ներդիրում:
www.hra.am խմբագրությունը հրապարակում է «Պրոֆեսիոնալ լրագրողները հանուն մարդու իրավունքների» դասընթացների մասնակիցների կողմից պատրաստված նյութերի շարք: Ընտրված են այնպիսի նյութեր, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը:
www.hra.am խմբագրություն
Պաշտպանվա՞ծ են արդյոք հաշմանդամների աշխատանքային իրավունքները
«Թե ինչի՞ նստեցի էդ ավտոբուսը»,- ամեն անգամ ավտովթարի մասին հիշելիս ինքն իրեն հարց է տալիս բժիշկ-համաճարակաբան Եպրաքսյա Գրիգորյանը:
2 տարի առաջ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (ՄՕ) Սանիտարական կարանտինային կետ աշխատանքի գնալիս Եպրաքսյան օգտվել է «Զվարթնոց» ՄՕ-ի ծառայողական ավտոբուսից, որը հարվածել է գովազդային սյանը: Եպրաքսյան ընկել է նստատեղից եւ ողնաշարի գոտկատեղային հատվածի կոտրվածք ստացել: «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատվելուց (մետաղական կառուցվածք են տեղադրել) 3 ամիս անց Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւանի թիվ 4 Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից ճանաչվել է առաջին խմբի հաշմանդամ:
Հաշմանդամության տեղեկանքում հաշմանդամության պատճառը նշվել է ընդհանուր հիվանդություն, ոչ թե խեղում դժբախտ դեպքի պատճառով:
Եպրաքսյան դիմել է 4-րդ ԲՍՓՀ' հաշմանդամության պատճառը ճշտելու եւ աշխատունակության կորստի աստիճանը որոշելու: Ստացված գրավոր պատասխանում նշվել է. «...Համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի «ե» կետի՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները չունեն ընդհանուր աշխատունակության կորստի աստիճան որոշելու գործառույթ, այլ միայն որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը:
Օրենքի նույն կետի համաձայն՝ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշվում է՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում: Հետեւաբար, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը կարող է որոշվել միայն հաշմանդամություն առաջացնող վնասվածքի վերաբերյալ համապատասխան դժբախտ դեպքի ակտի առկայության դեպքում»:
«Դիմեցի նաեւ գործատուիս՝ Առողջապահության նախարարություն (ԱՆ)՝ դժբախտ դեպքի ակտ ստանալու ակնկալիքով: Նախարարությունը մերժեց՝ պատճառաբանելով, թե ավտոբուսը, որով գնացել եմ այդ օրն աշխատանքի, պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, որի հետ նախարարությունը պայմանագիր չունի, որ ես չպետք է նստեի այդ ավտոբուսը, ուստի գործատուիս իրավասություններից դուրս է դժբախտ դեպքի ակտ տրամադրելը»,- ասում է Եպրաքսյան:
Մեկուկես ամիս հիվանդանոցում պառկելուց հետո բժշկուհին բուժումն անցել է Կարմիր Խաչի միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում, որտեղ վերականգնվել է ոտքի զգացողությունը, շարժը, սկսել է տեղաշարժվել սայլակով:
1 տարի անց՝ 2009թ.-ին սեպտեմբերին, Առողջապահության նախարարության իրավաբանը հեռախոսով տեղեկացրել է՝ եթե անմիջական պետը եւ աշխատակիցները համաձայնեն, Եպրաքսյան կարող է շարունակել աշխատել:
«Բայց պետի հետ հեռախոսազրույցից հետո պարզ դարձավ, որ նա չի ցանկանում եւ չի կարող ինձ համար աշխատանքային պայմաններ ստեղծել»,- ասում է Եպրաքսյան:
Այնուհետեւ այլ աշխատանքի տեղափոխվելու առաջարկություններ են եղել: Պետական Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալը առաջարկել է այլ աշխատանքի տեղափոխվել՝ կես դրույքով, եթե Եպրաքսյա Գրիգորյանը դիմում գրի եւ ազատվի «Զվարթնոց» ՄՕ Սանիտարական կարանտինային կետում իր աշխատանքից: Ամիսների ընթացքում այդ ուղղությամբ գործնական ոչ մի քայլ չի կատարվել:
2009 թ.-ի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում ԱՆ-ը բացատրագիր է պահանջել, թե ինչու է Եպրաքսյա Գրիգորյանը անհարգելի բացակայում աշխատանքից: Եպրաքսյան պատասխան նամակ է ուղարկել՝ մանրամասն ներկայացնելով բացակայության պատճառները, նաեւ նշել է, որ տվյալ ժամանակահատվածում վերականգնվում է Կարմիր Խաչում: 2010 թ.-ի փետրվարին ԱՆ-ից ծանուցագիր է ստացել՝ աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ: Փետրվարի 28-ին արդեն նամակ է ստացել, որով տեղեկացրել են, որ փետրվարի 22-ի դրությամբ լուծվել է նրա հետ աշխատանքային պայմանագիրը:
«...Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշների 11-րդ կետի համաձայն՝ Եպրաքսյա Գրիգորյանի համար սահմանվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 2-րդ աստիճանի սահմանափակում (հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների եւ (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն), ինչպես նաեւ այն, որ Ե. Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը կրում է կայուն բնույթ եւ բացառում է աշխատանքը շարունակելու հնարավորությունը»,- գրված է նամակում:
«Սա այն դեպքում, երբ ես հորիզոնական դիրքից ուղղահայաց դիրքի եմ փոխվել: Ձեռնափայտով եմ տեղաշարժվում, եւ առողջական վիճակս կայուն լավանում է, ոչ թե վատթարանում: Փաստորեն մինչ ես իմ վերականգնողական բուժումն էի ստանում, ԱՆ-ը լուծել էր իմ աշխատանքային պայմանագիրը եւ ազատել աշխատանքից»,-ասում է Եպրաքսյան:
Բժիշկ-համաճարակաբանը 2010թ. մարտին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության՝ անվավեր ճանաչելու աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնելու իրեն իր պաշտոնում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակաշրջանի համար միջին ամսական աշխատավարձի չափով, սկսած 27.02.2010 թ.-ից մինչև աշխատանքի վերականգնելը:
Եպրաքսյան եւս մեկ հայց է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան' ընդդեմ Երեւանի թիվ 4 ԲՍՓՀ-ի՝ հաշմանդամության պատճառահետեւանքային կապը ճիշտ նշելու (հաշմանդամություն դժբախտ դեպքի, ոչ թե ընդհանուր հիվանդության պատճառով) եւ Առողջապահության նախարարության՝ դժբախտ դեպքի ակտ տրամադրելու պահանջով:
Դատական գործերն ընթացքի մեջ են:
Հ.Գ. Եպրաքսյա Գրիգորյանին աշխատանքից ազատելու հիմքերը ճշտելու համար դիմեցինք Առողջապահության նախարարություն: Նախարարի խորհրդական Սուրեն Քրմոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Եպրաքսյա Գրիգորյանը 4 ամիս եւ ավելի չի եկել աշխատանքի, նա չէր կարող աշխատել: Մենք հո հատուկ չենք ազատել, ինչո՞ւ պետք է ուզենանք մեր աշխատողին աշխատանքից հանել»:
Մեր այն դիտարկմանը, թե այդ ժամանակ նա բյուլետենի մեջ է եղել, պատասխանեց. «Ի՞նչ բյուլետեն: Մարդ եթե 10 օր էլ աշխատանքի չի գալիս, հանում են»:
Աննա Բարսեղյան
