NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մասնագետ. Գենդերային բռնությունը Հայաստանի համար լուրջ խնդիր է
Գենդերային բռնությունը Հայաստանի համար շատ լուրջ խնդիր է: Այսօր` մինչ «Ընդդեմ գենդերային բռնությանը Հայաստանում» թեմայով լրագրողների համար սեմինարի մեկնարկը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հոգևոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, գենդերային բռնությունների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների համահեղինակ Անահիտ Հարությունյանը:
«Սա այն ոլորտն է, երբ չես կարող առաջնորդվել վիճակագրությամբ»,-փաստեց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց, որ աշխարհում բռնությունների մասին վիճակագրությունը աղաղակող է, իսկ Հայաստանում ազգային մենթալիտետն ու մտածողությունը թույլ չեն տալիս, որ կանայք իրենց նկատմամբ իրականացված բռնությունները տնից դուրս հանեն:
«Ամենալուրջ խնդիրը Հայաստանում այն է, որ չկան բռնության ենթարկվողին աջակցության ցուցաբերման սոցիալական ինստիտուտներ: Իրավական համակարգն էլ է շատ թերի, միայն գործում է քրեական պատասխնատվության տարբերակը: Արտասահմանում բռնությունների թիվը շատ մեծ է, բայց նրանց անմիջապես օգնության են հասնում»,-ասաց մասնագետը:
Տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բռնությունները հիմնականում ներընտանեկան բնույթ ունեն, աշխատավայրերում խնդրի ուսումնասիրություն իրականացվել է, սակայն արդյունքները չեն հրապարակվել: Ա. Հարությունյանն ասաց, որ իրենք էլ անհամաբեր այդ արդյունքներին են սպասել, սակայն պատվիրատուն անորակ է համարել աշխատանքը ու չի հրապարակել վիճակագրությունը:
Գենդերային բռնությունները մասնագետները համարում են սպառնալիք ազգային անվտանգության համար: «Ես սա համարում եմ ազգային անվտանգության խնդիր: Եթե մի ընտանիքում բռնություն կա ու այդտեղ երեխա է մեծանում, ապա մենք մեր ապագան ենք վտանգում: Մենք մեծացնում ենք բռնացող»,-կարծիք հայտնեց ՀԿ-ի նախագահը:
Հայաստանում առավել շատ տարածված է հոգեբանական բռնությունը, շատ անգամ առկա կարծրատիպերի պայմաններում /կինը պետք է տանը նստի, երեխա պահի, քաղաքականությունը կնոջ բանը չէ/ կանայք չեն էլ գիտակցում, որ իրենց նկատմամբ բռնություն է իրականացվում:
«Երբ նրանց արգելում են ինչ-որ բան անել, երբ կինը պետք է անելուց առաջ ամեն ինչ հարցնի, դա բռնություն է, ինքը չգիտի էլ այդ մասին: Շատ են խոսում նաև ծեծի մասին»,-ասաց Ա. Հարությունյանը, ապա հայաստանյան իրականությանը բնորոշ մի առանձնահատկություն ներկայացրեց. «Եթե ուրիշ երկրներում ներընտանեկան բռնություններում շատ է խոսվում զուգընկերոջ կողմից ծեծի մասին, կամ ծնողի կողմից երեխային բռնության ենթարկելու մասին, ապա Հայաստանում շատ է շեշտվում սկսեսուրների կողմից հարսների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին: Տարօրինակ է»,-նկատեց նա:
Նշենք, որ միջոցառման ընթացքում սեմինարավարներն ընդգծեցին, որ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լրատվամիջոցները ոչ միայն չեն օգնում կոտրել գենդերային հարցերի վերաբերյալ եղած կարծրատիպերը, այլև վերարտադրում են դրանք:
«Կինը և տղամարդը հավասար են: Ուղղակի աստված կին ու տղամարդ է ստեղծել, որ վերարտադրվեն: Իսկ դրա հետևանքով չպետք է կողմերից որևէ մեկը տուժի»,-ընդգծեց Ա. Հարությունյանը ու խորհուրդ տվեց հրապարակումների հիմքում հենց սա դնել, հակառակ դեպքում` առանց տղամարդու ու կնոջ հավասարության զարգացում չի կարող լինել:
Աղբյուր` Panorama.am
