NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տ.Օհանջանյանի գործով փորձագիտական հանձնաժողովը սկսեց իր աշխատանքը

2007թ. Վարդենիսի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը՝ էլեկտրահարումը, վճռաբեկ դատարանը հերքեց։ Գործը ներկայումս գտնվում է Զինվորական դատախազության վարույթում, ընթանում է լրացուցիչ նախաքննություն։
Առողջապահության նախարարի 10.09.2010թ. հրամանով ձևավորվել է 10 փորձագետից բաղկացած հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատաբժշկական երկու եզրակացությունները և գործով եղած մյուս ապացույցները, որպեսզի հայտնաբերի մահվան իրական պատճառը։
Տ.Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը www.hra.am-ին տեղեկացրել էր, որ ինքը և տուժողի իրավահաջորդ Ս.Օհանջանյանը հոկտեմբերի 14-ի դրությամբ հանդիպել են հանձնաժողովի 4 անդամների, որոնք տեղյակ չեն եղել, որ իրենք ընդգրկված են նման հանձնաժողովում։
Հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչ Նելլի Խոստիկյանին քննիչը տեղեկացրել է հեռախոսով։ ՀՀ գլխավոր այրվածքաբան Հովհաննես Շամախյանին, ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Բորիս Խուդավերդյանին, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանին և ԵՊԲՀ դատաբժշկական ամբիոնի վարիչ Գագիկ Հարությունյանին ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել։
«Երեք ամիս է մենք միջնորդություններ ենք ներկայացրել, որ այս կամ այն մարդուն հարցաքննեն, հոսպիտալի բժշկին հարցաքննեն։ Այս երեք ամիսների ընթացքում ոչինչ չի արվել։ Քննիչի անգործությունը չի՞ այստեղ։ Մենք բողոքարկել էինք Զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանին։ Գործով հսկող դատախազ Կարեն Հարությունյանը մեզ գրություն է ուղարկում, որ դիմումը հետ է վերադարձնում, որովհետև հիմքեր չկա քննիչին անգործության մեջ մեղադրելու»,- ասում է Գոհար Սարգսյանը։
«Մենք հոկտեմբերի 15-ին եղել ենք Կարեն Հարությունյանի մոտ, ասացինք, որ մինչև հանձնաժողովի աշխատանքը սկսելը դուք գոնե համապատասխան հարցաքննություն արեք այդ հակասությունների պահով վկաներ հարցաքննեք և այլն, ինչի՞ էն ժամանակ էսպես եք ասել, հիմա տեսնենք՝ ի՞նչ եք ասելու, եթե հերքվել է էլեկտրահարումը։ Նա ասում է՝ դա քննիչի աշխատանքն է։ Ես ասում եմ՝ բա քննիչը ինչի՞ էսպես-էսպես բաներ չի անում։ Ասում է՝ գիտե՞ք, ես գործին ծանոթ չեմ։ Բա 9 հատոր գործ է, եթե դուք գործին ծանոթ չեք, հսկող դատախազ եք, ի՞նչն եք հսկում։ Զարմանքից էլ չգիտեմ, թե ինչ անեմ»,- նշում է Գ.Սարգսյանը։
Մենք պարզաբանումներ ստացանք նաև գործով քննիչ Լևոն Պետրոսյանից։ Գործը քննվում է 2 վարկածով՝ դժբախտ պատահար և սպանություն, այս պահին որևէ կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ։ «Ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ օրս» հարցին, քննիչը չցանկացավ պատասխանել. «Մի շարք աշխատանքներ, որոնց մասին չեմ ուզում խոսեմ, իրավունք չունեմ ուղղակի»։
Իսկ այն, որ ծնողների հավաստմամբ հանձնաժողովի անդամների մի մասը տեղյակ չի եղել, որ ներգրավված է գործում որպես փորձագետ, քննիչը հերքեց. «Դա իրականությանը չի համապատասխանում»։
Ըստ Լևոն Պետրոսյանի՝ հանձնաժողովի անդամներին պետք է տեղեկացներ հանձնաժողովի նախագահը, իսկ քննիչը «իրավասու չէ փորձաքննություն կազմակերպել»։
Հանձնաժողովի ձևավորումից մոտ մեկ ու կես ամիս անց՝ հոկտեմբերի 26-ին կայացել է հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ հանձնաժողովի անդամները ծանոթացել են քրեական գործին։
«Իսկ ինչո՞ւ մինչ այժմ նիստեր չեն եղել» www.hra.am-ի հարցին ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչ, Տ.Օհանջանյանի գործով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Նելլի Խոստիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել, որովհետև 10-ից ավելի մարդ է ընդգրկված։ Ամեն մարդ մի օր էստեղ է, մի օր էնտեղ չի, մի օր կարող է, մի օր չի կարող»։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
