Մահվան պատճառը կպարզի հանձնաժողովը

Ստեղծվել է 10 պրոֆեսորներից բաղկացած նոր հանձնաժողով` Վարդենիսի զորամասերից մեկում 2007թ. օգոստոսին մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան իրական պատճառը բացահայտելու համար:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը, երեկ երեկոյան կայացած նիստի ժամանակ իրենք հանձնաժողովին խնդրել են գիտականորեն ապացուցել, թե ի վերջո իրենց որդին էլեկտրահարումի՞ց է մահացել, (ինչը նախկինում ՊՆ քննչական վարչության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը պնդում էր, որը սակայն բացառել է Վերաքննիչ քրեական դատարանը), թե՞ նրան սպանել են:
«Գործում երկու կարևոր հակասություն կա, մեկն այն է, որ տվել էր դիահերձող բժիշկ Վիգեն Ադամյանը, որ մահը վրա է հասել տեղում էլեկտրահարումից, իսկ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հանձնաժողովը հերքել է հոսանքի ելքը` հիմնվելով առաջին դատաբժշկական եզրակացության հիստոլոգների հիման վրա»,- ասաց Գոհար Սարգսյանը:
Փորձագետները հիմնվելու են առկա դատաբժշկական եզրակացության վրա, ինչպես նաև հաշվի կառնվեն գործում առկա տեսաերիզներն ու նկարները` որպես եզրակացությունը հիմնական կասկածի տակ դնող ապացույցներ:
Գոհար Սարգսյանը նշեց նաև, որ փորձագետները պահանջեցին, որ հաջորդ անգամ կայանալիք հանդիպմանը ներկա գտնվի դիահերձող բժիշկը` Վիգեն Ադամյանը: «Բացի այդ մենք պետք է մեր հարցերը գրավոր տեսքով ներկայացնենք, որոնց հանձնաժողովը փորձի պատասխանել», -ասաց տիկին Գոհարը:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 16-ին:

Աղբյուր՝ http://www.a1plus.am