NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օրվա խորհրդանիշի մասին

Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է որպես Ուսանողների միջազգային օր: Դեռ 1939թ., երբ նացիստները հարձակվում են Չեխոսլովակիայի վրա, նոյեմբերի 17-ին Պրահայի համալսարանի ուսանողները մասսայական հականացիստական ցույց են իրականացնում ինչպես նացիստների կողմից երկրի պաշարման դեմ, այնպես էլ սպանված 9 երիտասարդ ուսանողական առաջնորդների, համակենտրոնացման ճամբար ուղարկված 1200 ուսանողների և չեխական բոլոր համալսարանների փակման դեմ: Արդեն 1941թ. Լոնդոնում նոյեմբերի 17 նշվում է որպես Ուսանողների միջազգային օր Ուսանողների միջազգային խորհրդի կողմից, որը ի դեպ, բազմաթիվ փախստականներ ուներ իր շարքերում: Իսկ այնուհետ, այդ օրը պաշտոնապես գրանցվում է ՄԱԿ-ում և նշվում որպես Ուսանողների միջազգային օր:
Այսօր, այնուամենայնիվ, ոչ բոլորն են տեղյակ վերը նշված թեկուզ պատմություն դարձած, սակայն շատ նշանակալից իրադարձությունների մասին: Նշանակալից, քանի որ յուրաքանչյուր երիտասարդ իր մեջ պիտի ունենա իր երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում: Լոնդոնյան վերջին ցույցերը ուսանողների մասնակցությամբ, ովքեր բողոքում էին կրթության վարձավճարների հնարավոր բարձրացման դեմ, հերթական անգամ ցույց տվեցին ոչ միայն բրիտանացի, այլև, ընդհանրապես, եվրոպացի երիտասարդության ինքնագիտակցության բարձր մակարդակի մասին: Ուսանողները կրկին ցուցաբերեցին պատրաստակամություն' պաշտպանելու սեփական իրավունքները' այս դեպքում կրթության հասանելիության բնագավառում, իսկ դա արդեն իսկ ձևավորում է մի հասարակություն, որտեղ մարդիկ ոչ միայն կրում են պատասխանատվություն իրենց, այլև ապագա սերունդների համար:
Ուսանողների միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում: Կազմակերպվում են ֆիլմերի դիտումներ, դրանց քննարկումներ, երեկույթներ: Իսկ մասսայական ցույցեր, որ եղել են վերջին շրջանում, օրինակ, օտարալեզու դպրոցների վերաբացման համար, կամ օրինակ, ցույցեր ընդդեմ այն որոշման, համաձայն որի՝ պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողները չեն ստանա թոշակ, կարծես թե չեն գրավել մեր ուսանողների մեծամասնության ուշադրությունը: Ավելին, յուրաքանչյուր տոն /և ոչ միայն տոն/ ևս մեկ առիթ է ուսանողության համար դասերից բացակայելու համար: Դե իսկ կրթական նոր համակարգը' կրեդիտային համակարգը, խոստանում է թեժացնել կրթական պայքարը, սակայն, ցավոք սրտի, ոչ թե գիտելիքների մակարդակի բարձրացնելու հարցում, այլև գնահատականների հավերժ մրցապայքարում:
Այնուամենայնիվ, հուսանք, որ հենց մենք ենք լինելու այն երիտասարդությունը, որը բերելու է սպասված «փոփոխությունների քամին» և, պաշտպանելով սեփական իրավունքները, հիմք է դնելու վաղվա սերնդի կայուն և ապահով ապագայի:
Սոֆյա Մանուկյան
