NON-GOVERNMENTAL ORGANIZATION
1.5- ամյա երեխայի խնամակալության գործընթացը խախտումներով է ընթանում
«Մասիսի քաղաքապետարանի գործելաոճը ցույց է տալիս, որ նրանք որդեգրել են կողմանակալ վերաբերմունք»,- hra.am-ին հայտնեց Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդ Հասմիկ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գոռ Մարգարյանը՝ գնահատելով Զարուհու դստեր՝ 1.5-ամյա Լիլիա Սարկիսովայի խնամակալության հարցը որոշելու համար տարվող աշխատանքները:
Նրա խոսքերով՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինը (Մասիսի քաղաքապետարանը) թույլ է տվել մի շարք խախտումներ. չի ստանձնել երեխայի նկատմամբ ժամանակավոր խնամակալության պարտականությունը, ինչը պարտավոր էր կատարել այն պահից, երբ իմացել է, որ երեխան առանց խնամակալի է: Մեկ ամսվա ընթացքում չի լուծել խնամակալության հարցը՝ չնայած այն բանին, որ Հայաստան Պետրոսյանի կողմից նշված ժամկետում ներկայացվել է դիմում՝ երեխայի խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ:
«Խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է տվյալ հարցը լուծեր 1-ամսյա ընթացքում այն օրվանից, երբ իմացել է, որ երեխան գտնվում է առանց խնամակալի, այսինքն՝ նոյեմբերի 23-ին նրանք պետք է որոշում կայացնեին, և երեխայի նկատմամբ խնամակալություն նշանակված լիներ, ինչը չի արվել»,- նշում է փաստաբանը:
Երեխան մինչև հիմա գտնվում է դե ֆակտո տատիկի մոտ, բայց իրավաբանորեն Լիլիա Սարկիսովան նրա տատիկը չի հանդիսանում, քանի որ Յանիս Սարկիսովի հայրությունը երեխայի նկատմամբ ճանաչված չէ: Խնամակալության և հոգաբարձության մարմինը մինչև երեխայի նկատմամբ խնամակալության հարցը լուծելը պետք է ժամանակավորապես կատարեր խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները, այսինքն՝ ամենաուշը հոկտեմբերի 22-ին պետք է վերցներ երեխայի խնամքը համապատասխան հաստատությունում՝ լիներ դա մանկատուն, մանկապարտեզ կամ մեկ ուրիշ հաստատություն, ինչը, սակայն, չի արել:
«Այժմ էլ որոշակի պատճառաբանություններով ձգձգում է հարցի լուծումը, մինչև կստանա հորեղբոր կողմից խնամակալության պարտականությունը ստանձնելու մասին դիմումը, ինչպես նաև մինչև այն պահը, երբ փաստացի հոր կողմից կճանաչվի հայրությունը երեխայի նկատմամբ, ինչը, ըստ էության, ինքնըստինքյան կդարձնի Լիլիա Սարկիսովային երեխայի դե յուրե խնամակալ, քանի որ հոր բացակայության ժամանակ տատիկը իրավունք կունենա հոգ տանել երեխայի մասին»,- ասում է Գոռ Մարգարյանը:
Նա պատմում է, որ Մասիսի քաղաքապետարանի իրավաբանական վարչության համապատասխան պաշտոնատար անձը տեղեկացրել է, որ իրենք սպասում են երեխայի դե ֆակտո հորեղբորից խնամակալության վերաբերյալ դիմումի ստացմանը, այսինքն՝ դեռևս դիմումը չկա, բայց իրենք սպասում են, իրենց ուղղակի տեղեկացրել են, որ նման դիմում լինելու է, ինչը, սակայն, չի արդարացնում նրանց՝ երեխայի նկատմամբ խնամակալության որոշումը չկայացնելը: Նույն անձի տեղեկատվությամբ՝ Լիլիա Սարկիսովան միայն վերջերս՝ անցյալ շաբաթվա ընթացքում է դիմել խնամակալություն ստանձնելու համար:
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Արթուր Բադալյանը hra.am-ին հայտնեց, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել, քանի որ սպասում են կալանավորվածի եղբոր դիմումին:
«Պետք է գա, տեսնենք ինչ է, ոնց է: Բայց ինչպես գիտեք, երեխայի հոր համաձայնությունը պարտադիր է, որ խնամակալ ճանաչվի: Եթե նա համաձայն չեղավ, իրավունք չունենք խնամակալ ճանաչել: Քանի որ հայրական իրավունքից զրկված չէ, իսկ օրենքով իրավունք չունեն դիմել դատարան հայրական իրավունքից զրկելու: Դրա համար նորից լրացուցիչ ուսումնասիրություն ենք անում, որ որոշենք՝ ինչ ենք անելու: Հեշտ գործ չի էլի, որ երեխային վերցնենք, մանկատուն տեղավորենք կամ մորքուրին տանք, բայց չէ, օրենք գոյություն ունի, և մենք պետք է օրենքի շրջանակներում որոշենք, հակառակ դեպքում հակառակ կողմը մեզ կարող է դատի տալ»,- ասում է նա:
Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդ Հասմիկ Պետրոսյանի ներկայացուցիչը նշեց նաև՝ երբ որոշում է կայացվում երեխայի խնամակալությունը կոնկրետ անձին հանձնելու վերաբերյալ, հաշվի է առնվում խնամարկյալի կապվածությունը այդ անձի հետ, ով տվյալ դեպքում տատիկն է լինելու, քանի որ քաղաքապետարանը, երեխային թողնելով տատիկի մոտ, արհեստականորեն ժամանակ է տալիս, որպեսզի տատիկը կարողանա համապատասխան վերաբերմունքով փոքր երեխային գրավել իր կողմը և հետագայում կարողանա դա դնել իր որոշման հիմքում և որոշումը կայացնել հօգուտ Լիլիա Սարկիսովայի՝ մերժելով Հայաստան Պետրոսյանի դիմումը:
«Այսքան ժամանակ Հայաստան Պետրոսյանը քաղաքապետարանի անգործությունը չի բողոքարկել՝ համոզված լինելով, որ քաղաքապետարանը աշխատում է օրենքի շրջանակներում, ու աչք է փակել որոշակի հանգամանքների վրա՝ ելնելով երեխայի շահերից, սակայն նման վարքագծի շարունակության դեպքում մենք պատրաստ ենք բողոքարկել քաղաքապետարանի անգործությունը և անօրինականությունները դատական կարգով»,- հավելեց Գոռ Մարգարյանը:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
