NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ֆրանսիական համալսարանի դասախոսների հայցով գործը կասեցվել է

Այսօր` դեկտեմբերի 8-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց հայցվոր՝ ֆրանսիական համալսարանի դասախոսներ Նարինե Կոխտիևա և այլոց միջնորդությունն առ այն, որ անցկացվի դատահաշվապահական փորձաքննություն՝ պարզելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որքան արձակուրդային գումար պետք է վճարվեր յուրաքանչյուր հայցվորին իր աշխատած ժամանակահատվածում, որքան արձակուրդային գումար է վճարվել յուրաքանչյուր հայցվորին, եթե արձակուրդային գումարներից պակաս է վճարվել, հայցվորներից յուրաքանչյուրին որքան արձակուրդային գումար է ենթակա վճարման:
Փորձաքննությունը հանձնարարվեց ՀՀ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնի փորձագետներին: Գործի վարույթը կասեցվեց մինչև դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն ստանալը:
Ֆրանսիական համալսարանի դասախոսների ներկայացուցիչ փաստաբան Անահիտ Հակոբյանը hra.am-ին հայտնեց, որ իր կարծիքով՝ «դատավորը գործը քննում է շատ գրագետ, բարձր մակարդակով, օբյեկտիվ»:
«Մենք առ այսօր որևէ պահանջ, դժգոհություն չենք ունեցել և հույս ունենանք, որ չենք էլ ունենա: Կարծում ենք՝ ամեն ինչ ընթանում է արդար, և կընդունենք դատարանի ցանկացած վճիռ»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքերով՝ պատասխանող կողմը համապատասխան փաստեր չի կարողանում բերել, դատարանի կողմից պահանջված որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ներկայացնում է միայն այն փաստաթղթերը, որոնք ինքը կարևոր է գտնում:
«Կարծում եմ՝ դատարանը դրա իրավական գնահատականը կտա»,- ասում է ֆրանսիական համալսարանի դասախոսների ներկայացուցիչը:
Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ Հրանտ Գրիգորյանը հրաժարվեց hra.am-ի հարցերին պատասխանել՝ ասելով՝ «քանի դեռ գործը քննվում է դատարանում, ոչ մի մեկնաբանություն չի անի»:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
