NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բացօթյա արվեստանոցը խլել են և ծառայեցնում են այլ նպատակների

www.hra.am խմբագրություն եկած Կարինե Մանսուրյանը բնակվում է Կիլիկիա թաղամասի 1-ին փողոցի 23 տանը։ Նրա խոսքերով՝ իր հարևանը խաբեությամբ տիրացել է այն հողակտորին, որն իր ընտանիքը 50 տարի շարունակ օգտագործել է։ Նա իր հետ բերել էր փաստաթղթերի, դիմումների և պատասխանների մի կապոց։ «Բանավոր եմ դիմում, գրավոր եմ դիմում, մեկ է, օգուտ չկա»,- վրդովված ասում էր տիկին Կարինեն։
Կարինե Մանսուրյանը պատմում է, որ իրենց տան ետնամասում գտնվող զառիթափ հողակտորը դեռևս 60-ական թվականներին իր հայրն է հարթեցրել և բարեկարգել։ 1988 թվականին տիկին Կարինեի ամուսինը՝ քանդակագործ Վաչագան Մանսուրյանը, 206 քմ մակերեսով տարածքը առանձնացրել է, կանաչապատել, կառուցել տաղավար ու հուշաղբյուր և օգտագործել որպես բացօթյա արվեստանոց։
Քանդակագործը դիմել է Շահումյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ Վահան Զատիկյանին, ում որոշմամբ տարածքը հատկացվել է ստեղծագործական արվեստանոց կառուցելու համար, սակայն համապատասխան վճարումները չկատարելու պատճառով իրավունքները չեն գրանցվել։
2002 թվականին Վաչագան Մանսուրյանը դիմել է քաղաքապետարանին այդ տարածքում արվեստանոց կառուցելու նպատակով շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն ստանալու համար։ Երևանի էկոլոգիական անվտանգության և հսկողության կենտրոնը 24.10.2003թ. տվել է դրական եզրակացություն՝ պարտավորեցնելով կառուցապատումից դուրս մնացած տարածքը կանաչապատել և բարեկարգել։ Քաղաքապետարանը նույնպես իր համաձայնությունն է տվել։ Հողամասի կադաստրային արժեքը չվճարելու պատճառով սեփականաշնորհման գործընթացը չի կայացել։ Կարինե Մանսուրյանի պատմելով՝ կադաստրում անհարկի ձգձգել և խափանել են գործընթացը:
Մի օր էլ Մանսուրյանները պատահաբար իմացել են, որ հողը աճուրդի է հանվել։ Դիմել են ՀՀ Նախագահի աշխատակազմին, և հաջողվել է կասեցնել աճուրդի գործընթացը։
Դրանից հետո 2004 թվականին Վաչագան Մանսուրյանը ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով հողամասի օգտագործման իրավունքի ճանաչման պահանջով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Դատարանը 16.03.2005թ կայացրած վճիռով բավարարել է հայցը, քանի որ վիճարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին։
Քաղաքապետարանը վճիռը վիճարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում այն հիմնավորմամբ, որ հայցվորի կողմից հողամասը տասը տարի անընդմեջ ու բացահայտ օգտագործելու վերաբերյալ դատարան որևէ ապացույց չի ներկայացվել։ Բացի այդ՝ քաղաքապետարանը հողը դիտում է ոչ թե որպես տնամերձ հողատարածք, այլ՝ առանձին գույքային միավոր, քանի որ անմիջապես կպած չէ Մանսուրյանների տանը։ Իսկ Կ.Մանսուրյանը բերում է այն փաստարկը, որ տունը և հողակտորը բաժանող փոքր տարածքը փողոց չէ և անուն չունի։
Երեք դատական նիստ է հրավիրվել, որոնց քաղաքապետարանի ներկայացուցիչը չի մասնակցել։ Տիկին Կարինեն ասում է, որ իրենց փաստաբանը նույնպես չի մասնակցել նիստերին։ «Ասում էր՝ «քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր եկել, ես էլ չմտա նիստին։ էդպես ավելի լավ է ձեզ համար»։ Մենք էլ վստահում էինք իրեն»։
Արդյունքում վերաքննիչ բողոքը մնացել է առանց քննության, որի պատճառով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը չի մտել օրինական ուժի մեջ։ Այսինքն՝ ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով հողամասի օգտագործման իրավունքի ճանաչման պահանջը չի բավարարվել։
Տիկին Կարինեի խոսքերով, իրենց հարևան Բաղդասար Խալաթյանը վաղուց «աչք է ունեցել» այդ հողակտորի վրա։ 2007 թվականին նա ապօրինի բռնազավթել է հողամասը, քանդել է բացօթյա տաղավարը, այրել ծառերը և սկսել է ինքնակամ շինարարություն։
2007-ի ապրիլի 29-ին Կարինե Մանսուրյանը ականատես է եղել, թե ինչպես է Բաղդասար Խալաթյանը երկու բանվորների հետ ցանկապատ կառուցելու համար հիմք փորում։ Նրանց միջև ծագած վիճաբանության ժամանակ Բ.Խալաթյանը ֆիզիկական ուժ է գործադրել, որի արդյունքում Կ.Մանսուրյանի առողջությանը հասցվել է միջին ծանրության վնաս։ «Ինձ ծեծեց, գցեց հիվանդանոց, 17 օր հետո հիվանդանոցից դուրս եմ եկել, ինքը անշնորհք հարևանների միջոցով /չեմ էլ ճանաչում ստորագրողներին/ թուղթ է հանում, որ այդ տեղում ուզում է երեխաների և ծերերի համար հանգստյան գոտի սարքել»,- ասում է Կարինե Մանսուրյանը։
Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Ռ.Համբարձումյանի որոշմամբ՝ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։
Բաղդասար Խալաթյանը դիմում է Կենտրոն թաղապետարանին և 17.05.2007թ որոշմամբ ստանում է իր միջոցներով հիշյալ հողատարածքը բարեկարգելու, կանաչապատելու, այդ վայրում մանկական խաղահրապարակ և մեծահասակների համար հանգստյան գոտի կառուցելու թույլտվություն։
«Շինարարության ժամանակ բազմիցս բողոքել ենք քաղաքապետարանին, որ ապօրինի շինություններ են կառուցվում։ Մեզ գրավոր հայտնել են, որ Բ.Խալաթյանի կողմից նախաձեռնված ինքնակամ շինարարական աշխատանքները կանխվել են, սակայն իրականում ոչինչ չի ձեռնարկվել»,- ասում է Կարինե Մանսուրյանը։
Նրա վկայությամբ՝ տարածքը երբևէ չի ծառայել որպես մանկական խաղահրապարակ և հանգստյան գոտի, գտնվում է ցանկապատված վիճակում, իսկ դուռը մշտապես կողպեքով փակ է։ «Երեխաների խաղահրապարակը կողպեքով անընդհատ փակված կլինի՞։ Հիմա ինքը էնտեղ սարքել է պահեստանման տեղեր, ավտոպահեստամասերի առք ու վաճառք է անում»,- ասում է տիկին Կարինեն։
Վաչագան Մանսուրյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ ասված է. «Ինչո՞ւ է մերժված վաստակաշատ արվեստագետը, քանդակագործը, մանկավարժը, իսկ անձնական շահերի համար ապօրինի բացված պահեստը պետք է բարգավաճի Բ.Խալաթյանի կողմից։ Ստացվում է, որ տարիներ շարունակ ինձ թույլ չեմ տվել խախտել օրենքը, փաստացի իմ տիրապետության տակ գտնվող հողի վրա ինքնակամ շինություններ չեմ կառուցել, որ այսօր ինչ-որ մեկի զորբայությամբ կառուցվող ինքնակամ շինություննե՞րը օրինականացվեն։ Սա՞ է Ձեր կարծիքով օրենքի երկիր դառնալու ճանապարհը»։
Փաստորեն, օրենքի չիմացության և փաստաբանի ոչ ճիշտ գործողությունների պատճառով Մանսուրյանները կորցրել են իրենց կողմից փաստացի օգտագործվող հողատարածքը, որը իրավունք ունեին նաև սեփականաշնորհել։ Իսկ քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքում նրանց բազմաթիվ դիմում-բողոքներին։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում այն հարևանները, ովքեր տվյալ տարածքը մանուկների խաղահրապարակ դարձնելու գրավոր համաձայնություն էին հայտնել։ Նրանց չի՞ հուզում այն հարցը, թե խաղահրապարակը ինչո՞ւ է ցանկապատված և մշտապես փակ, կամ ի՞նչ նպատակով է այդ խաղահրապարակում պահեստանման շինություն կառուցվել։
Եվ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը այս հարցի շուրջ։ Կարծում ենք, հարկ է, որ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները մի օր առանց նախապես զգուշացնելու այցելեն Կիլիկիա 1-ին փողոց (կոնյակի գործարանի հարևանությամբ) և տեղում համոզվեն, թե խաղահրապարակը ծառայո՞ւմ է իր նպատակին, թե՞ ոչ։
Իսկ Մանսուրյաններին խորհուրդ կտանք դիմել Վերաքննիչ դատարան և հետամուտ լինել, որպեսզի գործը քննվի և վերջնական վճիռ կայացվի։
Տիկին Կարինեն այլևս չի վստահում փաստաբաններին, քանի որ մեկ անգամ վստահելով՝ արդեն խաբվել է։ Նա կարող է ինքը անձամբ պաշտպանել իր իրավունքները դատարանում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
