NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության հայտարարությունը
Զգուշացե´ք արարքից, որն ըստ իրավապահների, քրեորեն անպատժելի է
2008 թվականի ապրիլի 23-ին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գրասենյակ է դիմել քաղաքացի Լյուդմիլա Լիգինան` իր խախտված իրավունքների վերականգնման հարցում իրավական աջակցություն ստանալու նպատակով:
ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ Ս. Հարությունյանն ապօրինի կերպով մերժել է քաղաքացի Գարրի Աղաբաբյանին ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ¥առանձնապես խոշոր չափերով խարդախություն) քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լյուդմիլա Լիգինայի ներկայացրած դիմումը: Իրավապահ մարմինների անգործության շնորհիվ Գարրի Աղաբաբյանն այժմ գտնվում է ազատության մեջ, իսկ կենսաթոշակառու Լ. Լիգինան զրկվելով բնակարանից` հայտնվել է փողոցում:
Երևան քաղաքի Սեբաստիա փող. 142/2շ. 25 բնակարանի բնակչուհի Լյուդմիլա Լիգինան 2004թ. մայիս ամսին փոխառությամբ գումար է խնդրել Երևան քաղաքի, Սարկավագի 54/4 հասցեի բնակիչ Գարրի Աղաբաբյանից: Գարրի Աղաբաբյանը, համաձայնել է վերջինիս տրամադրել 960.000 ՀՀ դրամ պայմանով, որ Լիգինան նախապես լիազորի իրեն, որպեսզի փոխառությամբ վերցված գումարը չվերադարձնելու դեպքում կարողանա վաճառել Լիգինայի բնակարանը: Միևնույն ժամանակ նրան հավաստիացրել է, որ լիազորագրի տրամադրումը բացառապես պարտավորության ապահովման միջոց է և նման իրավահարաբերություններում լիովին տարածված և ընդունելի ձև:
Այսպիսով, խաբեությամբ վստահություն առաջացնելով թոշակառու Լիգինայի մոտ, Գարրի Աղաբաբյանին հաջողվել է վերցնել լիազորագիրը: Հետագայում Լիգինան, մաս առ մաս վերադարձրել է վերցրած փոխառությունը (ինչը հաստատվել է ստացականներով¤ և 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ Լիգինան Աղաբաբյանին մնացել է պարտք ընդամեը 65.000 ՀՀ դրամ:
2006թ.-ի հուլիսի 30-ին Գ. Աղաբաբյանը հետ է վերադարձրել լիազորագրի մեկ օրինակը, ինչը Լիգինան պառել է լիազորագիրը վավերացրած նոտարի կողմից դրա գործողությունը դադարեցնելու փոխարեն` կարծելով, որ լիազորագրի մեկ օրինակը ոչնչացնելը միանգամայն բավական է իր և Գ. Աղաբաբյանի միջև առկա իրավահարավերությունները դադարեցնելու համար:
2007թ. մայիսի 17-ին Գ. Աղաբաբյանը, օգտագործելով իր մոտ մնացած լիազորագրի օրինակը, իրականացրել է Սեբաստիա փող. 142/2շ. 25 բնակարանի վաճառքը շուկայականից ակնհայտ ցածր` 5.400.000 (հինգ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով և ամբողջությամբ յուրացրել բնակարանի վաճառքից ստացած գումարը: Ինչպես պարզվեց գործի նյութերի ուսումնասիրությունից, բնակարանի գնորդը Գ. Աղաբաբյանի մտերիմ ծանոթն է`ոմն Մկրտիչ Շահրիկյանը:
Այնուհետև Լիգինայի կողմից փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել Մալաթիայի ոստիկանության բաժին և բարձրաձայնվել Գ. Աղաբաբյանի և Մ. Շահրիկյանի հանցավոր գործողությունների մասին:
Թեև հետաքննիչը պարզել է, որ «Վաճառքի գումարից Գ. Աղաբաբյանը վերցրել է 4000 ԱՄՆ դոլլար, իսկ մնացած գումարը տվել է Մ. Շահիկյանին, որն էլ այդ գումարից 3500 ԱՄՆ դոլարը տվել է իր եղբորը` Գրիգոր Շահիկյանին, 1500 ԱՄՆ դոլարը տվել է ոմն Հայաստան Եփրկյանին, 2500 ԱՄՆ դոլարը` Սամվել Առաքելյանին, 2000 ԱՄՆ դոլարը ոմն Զառա Նահապետյանին, որոնց իբր պարտք է եղել Լյուդմիլա Լիգինայի որդին` Ռոման Լիգինը», այնուամենայնիվ մերժել է քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության հիմքով:
Արդյունքում ստացվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրավապահ մարմինները լիովին իրավաչափ են համարել այն, որ Գ. Աղաբաբյանը չարաշահելով Լիգինայի վստահությունն անտեսել է քաղաքացիական իրավահարաբերություններում կիրառման ենթակա հայցի ապահովման միջոցները և խաբեությամբ կորզել գույքը վաճառելու իրավունք վերապահող լիազորագիր, 65 հազար ՀՀ դրամը դատական կարգով բռնագանձելու պահանջ ներկայացնելու փոխարեն ընտրել է իննը միլիոն ընդհանուր արժողությամբ անշարժ գույքը վաճառելու տարբերակը, բնակարանը շուկայականից կրկնակի անգամ էժան գնով վաճառել է իր ծանոթ ոմն Մ. Շահրիկյանի, և ինչը որ ամենաարտառոցն է` վաճառքից ստացված գումարից մեկ լումա անգամ չի տվել գույքի սեփականատիրոջը: Բոլոր փաստերի համադրությունն ակնհայտորեն խոսում են այն մասին, որ Գ. Աղաբաբյանը լիազորագիրը վերցրել է ոչ թե որպես պարտավորության ապահովման միջոց, այլ նպատակ է ունեցել կատարել ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն:
Եթե անգամ ենթադրենք, որ հետաքննիչը Գ. Աղաբաբյանի և Մ. Շահրիկյանի արարքը չի գնահատել որպես խարդախություն, ապա սեփական որոշման մեջ նշելով Գ. Աղաբաբյանի կողմից վաճառքից ստացված միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու հանգամանքը, արդյոք չի նկատել յուրացման հատկանիշներ և միթե տեղեկացված չէ ՀՀ քր. Դատ. Օր. 27 հոդվածի պահանջի մասին, համաձայն որի հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Հավելենք նաև, որ ուրիշի գյուքի խոշոր չափերով հափշտակությունը միանգամայն իրավաչափ է համարել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Սիմոնյանը:
Ներկայումս քրեական գործ հարուցելը մերժելու մասին վերոնշյալ որոշումը բողոքարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին` հուսալով դատական ատյաններին դիմելուց առաջ ստանալ գեթ ինչ որ իրավաբանորեն հիմնավորված պատասխան:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն
