NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հոգեբանը «էմոների» և բանակում գրանցված սպանությունների մասին

Անցած տարվա ընթացքում բուռն քննարկումների առիթ դարձան բանակում գրանցված կասկածելի մահվան դեպքերի աճը և «էմո»-ների ենթամշակույթի վտանգավոր լինել-չլինելու հարցը:
Զինված ուժերում կատարվող սպանությունները և ինքնասպանությունները ինչպե՞ս կարող են անդրադառնալ հասարակության՝ դեպի բանակը ունեցած վերաբերմունքի վրա: Պատասխանելով www.hra.am-ի այս հարցին՝ հոգեբան Սամվել Խուդոյանը միանշանակ պատասխանեց. «Իհարկե, բացասական»:
Նրա կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ բանակում շատ խնդիրներ կան: «Ծածկադմբոց են անում, իբր զբաղվում են, բայց իրականում չեն զբաղվում: Շատ դեպքերում բարձիթողի վիճակ է, ոչ ճիշտ հարաբերություններ են կառուցվում: էստեղ հենց ղեկավարությունն է մեղավոր, ուրիշ ոչ ոք, որը դաստիարակչական աշխատանքներ չի տանում, չէ՞ որ նրանք երեխաներ են»,- ասում է Խուդոյանը:
Նա խորհուրդ է տալիս, որ բանակում լուրջ հոգեբաններ աշխատեն, որոնք ախտորոշեն այն մարդկանց, ովքեր հակում ունեն դեպի ագրեսիան կամ դեպրեսիաները և աշխատեն նրանց հետ. «Շատ հաճախ հիվանդություններ, հոգեբանական լուրջ շեղումներ են առաջանում ծառայության ժամանակ և դրանից հետո, ինչը վկայում է, որ բանակում անառողջ մթնոլորտ է: Իսկ սպանությունները և ինքնասպանությունները այդ անառողջ մթնոլորտի հետևանքն են»:
Անդրադառնալով դեռահասների շրջանում մոդայիկ դարձած «էմո» շարժմանը՝ հոգեբանը նկատեց, որ դեստրուկտիվ ցանկացած շարժում դեռահասության տարիքում վտանգ է պարունակում, դա կլինի «էմոների» ենթամշակույթ, աղանդավորական շարժում, թե հանցագործ խմբավորում: «Առանց այդ էլ վտանգավոր անցումային շրջան է դեռահասությունը, պատանեկությունը: Էդ շրջանում ինքնասպանությունները, իսկապես, շատ են»,- նշում է նա: Խուդոյանի կարծիքով՝ նմանատիպ խմբերում հայտնվում են հիմնականում ընտանիքում իրենց հասկացված չզգացող, ցածր ինքնագնահատական կամ հոգեկան լուրջ շեղումներ ունեցող անձինք:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
