NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ով է մահվան հասցրել Խալաֆյանին

Դեկտեմբերի 30-ին Հաղորդում հանցագործության մասին հայտարարությամբ են հանդես եկել Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի ծնողները, որն ուղղել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Մենք ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի ծնողներն ենք:
Մեր որդին` Աշոտ Հարությունյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի 2010-ի նոյեմբերի 29-ի դատավճռով անարդարացիորեն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-ի հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ, իբր, անցել է պաշտոնական լիազորությունները` անօրինական ցուցում է տվել, առանց պատշաճ որոշման, ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել նույն քաղաքի բնակիչ Վահան Խալաֆյանին, այնուհետև իբր ծեծի է ենթարկել նրան, ինչի հետևանքով վերջինս խիստ լարված վիճակի է հասել և դանակով ինքն իրեն վնասվածքներ հասցնելով ինքնասպան եղել:
Դեպքը տեղի է ունեցել ունեցել 2010-ի ապրիլի 13-ին, ապրիլի 26-ին կալանավորվել է մեր որդին` Աշոտ Հարությունյանը, շուրջ 3 ամիս ՀՔԾ-ում ընթացել է նախաքննություն, այնուհետև 2010-ի հուլիսից շուրջ հինգ ամիս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է դատաքննություն, և այդ ողջ ընթացքում համբերությամբ և հավատով սպասել ենք, որ կբացահայտվի գործով ճշմարտությունը, կբացահայտվեն Վահան Խալաֆյանի մահվան իրական մեղավորները, սակայն այդպես էլ ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանը չցանկացան դուրս գալ ի սկզբանե նախասահմանված վարկածի շրջանակներից և մեր որդին` Աշոտ Հարությունյանը քավության նոխազ դարձվեց, ու դատապարտվեց ուրիշի գործած մեղքի համար:
Այժմ գործը գտնվում է վերաքննիչ բողոքարկման փուլում, ինչը նշանակում է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, և անմեղության կանխավարկածի հիմքով Աշոտ Հարությունյանը իրավունք ունի անմեղ համարվել, սակայն ինչպես դատաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետը, ՀՔԾ-ն և դատախազությունն իրենց կանխակալ հայտարարություններով կանխորոշեցին գործի ելքը, այդպես էլ հիմա գլխավոր դատախազության դատախազներ Կորյուն Փիլոյանը և Հարություն Հարությունյանը Կենտրոն հեռուստաընկերության եթերով փորձում են հանրությանը համոզել, ինչու չէ` նաև ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանալիք դատաքննության ելքը կանխորոշել, որպեսզի գործով ճշմարտությունն այդպես էլ չբացահայտվի և մեր որդին շարունակի պատիժը կրել ուրիշի կատարած հանցագործության համար:
Մենք եկանք այն համոզման, որ ոչ դատախազությունը, ոչ էլ դատարանը չցանկացան բացահայտել իրական հանցագործին,քանի որ ինչպես դռնբաց դատավարության ընթացքում տուժողի հարազատները, այնպես էլ մենք բազմիցս դատարանի դահլիճում հայտարարություններ ենք արել դատավարության ընթացքին հետևող լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցազրույցներ ենք տվել ու հայտնել իսկական հանցագործի անունը, դա լսել են ինչպես դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազներ Կորյուն Փիլոյանը և Հարություն Հարությունյանը, այնպես էլ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն ոչ մի արձագանք չեղավ մեր հայտարարությունների կապակցությամբ, չցանկացան պարզել մեր իրազեկության աղբյուրը և հայտարարությունների հիմնավորվածությունը:
Չլինելով իրավաբան և չունենալով համապատասխան փորձ այդ բնագավառում, չիմանալով իրավապահ մարմինների աշխատանքի առանձնահատկությունները, մեզ թվում էր, որ դատարանն ու դատախազները օպերատիվ ծառայություններին հանձնարարել են օպերատիվ ճշտումներ կատարել և մինչև դատավարության ավարտը անպայման կբացահայտեն գործով ճշմատությունը և պատասխանատվության կկանչեն իրական հանցագործին, ինչով և կապացուցվի Աշոտ Հարութթյունյանի անմեղությունը: Սակայն դատավարությունն ավարտվեց ու նոր միայն հասկացանք, որ ոչ մի օպերատիվ ճշտում էլ չի կատարվել: Ուստի որոշեցինք ինքներս դիմել Ձեզ և հայտնել մեզ հայտնի ճշմարտությունը Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների և նրան ոստիկանությունում բռնությունների ենթարկած անձի մասին:
2010-ի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանին ծեծի է ենթարկել ու մահվան հասցրել ոչ թե քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, այլ նույն բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանը, և դա հայտնի է ինպես ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցներին, այնպես էլ Չարենցավան քաղաքի բնակչությանը. բայց քանի որ դեպքի կապակցությամբ իր պաշտոնից հեռացվեց միայն ոստիկանության բաժնի պետ Նորիկ Հեբոյանը, իսկ օպերատիվ գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի առանձնահատուկ բարեհաճությամբ մինչև օրս շարունակում է պաշտոնավարել, այսինքն իր ձեռքում է պահում իշխանական լծակները, ուստի կարողանում է ահ ու սարսափի մեջ պահել ինչպես Չարենցավանի բնակիչներին, այնպես էլ, հատկապես, իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության բաժնի աշխատակիցներին, որպեսզի լռեն և չհայտնեն իրենց հայտնի ճշմարտությունը:
Նրա ազդեցությունն ու իշխանությունն այնքան մեծ է, որ դատարանում որպես վկա հարցաքննված ոստիկանները չէին համարձակվում ցուցմունք տալ անգամ դեպքի հանրահայտ հանգամանքների մասին, որքան էլ զավեշտական է, ոստիկաններից ոմանք անգամ հայտարարեցին, որ իրենց բաժնում տեղի ունեցած դեպքի մասին իմացել են լրատվամիջոցների հրապարակումներից:
Մասնավոր խոսակցություններից հայտնի է դարձել Չարենցավանի բնակիչների ու ոստիկանների այն համոզմունքը, որ Սամվել Տոնոյանը վայելում է ՀՀ գլխավոր դատախազի և ոստիկանապետի առանձնահատուկ հովանավորությունը, դրա համար էլ բաժնի պետին հեռացրեցին, քրեական բաժանմունքի պետին դատեցին, իսկ Տոնոյանը շարունակում է պաշտոնավարել: Ուրեմն նրա դեմ ցուցմունք տվողը միայն ինքն իրեն կվտանգի, իսկ Սամվել Տոնոյանին էլ ոչինչ չի լինի, կշարունակի պաշտոնավարել: Այս ենթադրությունն այնքանով է համոզիչ, որ եթե ՀՀ ոսիկանապետի համար թանկ լիներ ոչ թե ՍամվելՏոնոյանը, այլ գործով ճշմարությունը, ապա եթե չէր հեռացնի պաշտոնից, գոնե մինչև դատավարության ավարտը կկասեցներ նրա պաշտոնավարությունը և կբացառեր նրա անօրինական ազդեցությունը վկաների վրա, որպեսզի վկաները համարձակ ու անկաշկանդ ճշմարտացի ցուցմունքներ տային:
Իսկ ճշմարտությունը հետևյալն է:
Մեր որդուն` Աշոտ Հարությունյանին կալանավորելուց մի քանի օր հետո, տարբեր վայրերում մի քանի անգամ հանդիպել ենք Սամվել Տոնոյանի հետ ու զրուցել դեպքի մասին, հարցրել ենք, թե ինչ ընթացքի մեջ է քննությունը և ինչու են կալանավորել մեր որդուն: Սամվել Տոնոյանը մեզ անկեղծորեն պատմել է, որ 2010-ի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանին Աշոտն անգամ մատով չի կպել, այդ ինքն է ծեծի ենթարկել Վահանին, իր իսկ բառերով "Տեղն ըլնի, ես եմ լխկել": Այնուհետև խոսեց Վահանի գլխի ծանր վնասվածքի մասին, ասաց, որ այդ խնդիրն ինքը կկարգավորի ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և դատաբժշկի հետ, որպեսզի վնասվածքը մեղմ և նորմալ գրվի:
Մեզ հայտնի է ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսվող քրեական պատասխանատվության մասին, և ամենայն պատասխանատվությամբ պնդում ենք մեր հայտարարությունը և պահանջում ենք քննություն կատարել Սամվել Տոնոյանի կողմից Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու և մահվան հասցնելու փաստով:
Պահանջում ենք անցկացնել առերես հարցաքննություններ նրա հետ, մենք մեր հայտարարությունը նրան առերես կպնդենք և կապացուցենք: Միաժամանակ պահանջում ենք, որ ոստիկանության պետը այդ քննության ընթացքում կասեցնի Սամվել Տոնոյանի պաշտոնավարությունը, և այդ պայմաններում միայն հարցաքննվեն Չարենցավանի ոստիկանության բաժնի աշխատակիցները, որպեսզի նրանք անօրինական ազդեցության չենթարկվեն Սամվել Տոնոյանի կողմից և տան ճշմարտացի ցուցմունքներ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԶՈՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30.12.2010
Հ.Գ. Մեզ հեռախոսազրույցում Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպեր գծով տեղակալ Սամվել Տոնոյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ Աշոտ Հարությունյանի ծնողների հաղորդումից: Նա նաև հավելեց. «Թող գրեն, ում ուզում են թող դիմեն, եթե ես մեղավոր եմ, թող ինձ պատժեն, իմ խիղճը մաքուր է:
Աղբյուր՝ http://lragir.am
