NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արձագանք հրապարակմանը.Բոլոր կարծիքներն իրավունք ունեն գոյություն ունենալ

«Լրագիր» ինտերնետային թերթում 11.01.11թ. տեղադրվել էր «Հետաքննություն ըստ Կենտրոն TV-ի» խորագրով մի հրապարակում՝ անդրադառնալով կոնկրետ քրեական գործով ԶԼՄ-ներին դատախազության կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա պատրաստված հաղորդման դեմ փաստաբար Սեդա Սաֆարյանի հայցադիմումին: Նկատի ունենալով, որ հոդվածագիրը տվյալ հարցը ներկայացրել էր միակողմանի և օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ընձեռված իրավունքից ներկայացնում ենք դատախազության պատասխանը տվյալ հրապարակմանը
«Դատախազությունը նույնպես կարծիք հայտնելու իրավունք ունի:
Կարևորելով հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ դատախազությունը պարբերաբար տեղեկատվություն տրամադրում է իր գործունեության, կատարած աշխատանքների վերաբերյալ: Անշուշտ, դրանք հաճախ վերաբերում են նաև կոնկրետ քրեական գործերի, քանզի ՀՀ գործող օրենսդրությամբ դատախազությունն է լիազորված քրեական գործերով դատարաններում պաշտպանել մեղադրանքը և տրամադրվող տեղեկատվությունը վերաբերում է տարբեր գործերով տարբեր անձանց:
Անձի խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը առաջին հերթին բխում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից (հոդված 19) և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայից (հոդված 10), համաձայն որի անձի կարծիք ունենալու իրավունքը ներառում է տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը: Դրանցից ածանցված ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածն ուղակիորեն հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով, անկախ պետական սահմանից:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը: Եվ դատախազությունն իր տեղեկատվական քաղաքականությունն իրականացնելիս փորձում է համադրել տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ սահմանադրական մյուս իրավունքների հետ՝ պահպանելով օրենսդրության պահանջը:
Սակայն ի զարմանս, զանգվածային լրատվության որոշ միջոցներ սկսել են բողոքել տեղեկատվության ազատությունից ու նեղացնել տրամադրվող տեղեկատվության շրջանակը՝ բողոքում այդ թվում քրեական գործերով դատական ակտերի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության դեմ: Ապացույցը՝ դիտարկվող հոդվածն է:
Դատախազության կողմից 2010 թվականին տարածված հերթական տեղեկատվությունը վերաբերել է վերջին տարիներին պետական դավաճանության կամ լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին՝ ԶԼՄ-ներին տրամադրելով ամփոփ տվյալներ նշված քրեական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքի վերաբերյալ, այդ թվում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի մասին , որով ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանը և ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիին հանցավոր են ճանաչվել համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել) և ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից) և դատապարտվել ազատազրկման: (Տես՝ http://www.genproc.am/am/49/item/6470/): Բացի այդ՝ դատախազության նախաձեռնությամբ պատրաստվել է հեռուստահաղորդում:
Նշված տեղեկատվությունը չի կարող դիտարկվել որպես անմեղության կանխավարկածի խախտում, քանզի անձը ներկայացվել է ոչ թե որպես հանցագործ, այլ տեղեկատվություն է տրամադրվել դատական ակտի մասին: Անմեղության կանխավարկածի խախտում չի կարող դիտարկվել նաև անձին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դատախազության հնչեցրած հայտարարությունները: Ընդ որում սա ոչ թե մեր՝ սուբյեկտիվ կարծիքն է, այլ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումը, որը հատուկ ուշադրություն է դարձնում ԶԼՄ-ներով անձի մեղավորության վերաբերյալ դատախազության հայտարարություններրին: ԵԴ-ը, անձի մեղավորության մասին դատախազության կողմից արված հայտարարության վերաբերյալ իր դիրքորոշումն առավել մանրամասն արտահայտել է Դակտարասն ընդդեմ Լիտվայի ( 2000թ. հունվարի 11) և Բուտկյևիչուսն ընդդեմ Լիտվայի գործերով /26.03.2002/՝ նշելով, որ «....դատախազի հայտարարությունները կարելի է մեկնաբանել որպես պարզ պնդում այն մասին, որ առկա են բավարար ապացույցներ, որով կարելի է հիմնավորել դիմումատուի մեղավորությունը......: Այսինքն դատախազի հայատարարությունները չի կարող դիտվել որպես անմեղության կանխավարկածի խախտում:
«ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ԿԵՆՏՐՈՆ TV-Ի» հրապարակման հեղինակի իրավունքն է ունենալ կարծիք և ներկայացնել այն, սակայն առայժմ ապացույցները հիմնավորված համարել -չհամարելու իրավունքը վերապահված է դատարաններին, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գ.Հայրապետյանին և Բ.Բաղերիին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են համարվել՝ նրանց դատապարտելով ազատազրկման: Եվ դատախազության տրամադրած տեղեկատվությունը տվյալ պարագայում վերաբերել է դատական այդ ակտին, իսկ եթե հոդվածի հեղինակը կարծում է, որ քրեական գործերով մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը չպետք է տեղեկատվություն տրամադրվի, ապա, անշուշտ, կարող է հանդես գալ տեղեկատվության տրամադրումը սահմանափակելու նախաձեռնությամբ, որը, կարծում ենք, կվերաբերի բոլոր քրեական գործերին և դատավարության բոլոր կողմերին: Իսկ քանի դեռ նման սահմանափակում չկա և լրատվամիջոցները տեղեկատվություն են ակնկալում, պահանջում այդ թվում դատախազությունից հարուցված տարբեր քրեական գործերի մասին, իսկ փաստաբաններն էլ ազատորեն ներկայացնում իրենց դիրքորոշումները պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ դատախազությունը շարունակելու է տրամադրել տեղեկատվություն՝ ի կատարումն «Տեղեկատվության ազատության» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքների:
Դիտարկվող քրեական գործով դատաքննության փուլում փաստաբանները պարբերաբար հանդես են եկել մամուլի հրապարակումներով, հարցազրույցներով՝ օգտվելով իրենց իրավունքից, իսկ դատախազությունն էլ, օգտվելով իր իրավունքից, տեղեկատվություն է տրամադրել դռնբաց դատական նիստում ընդհանուր իրավասության դատարանի հնչեցրած դատական ակտի վերաբերյալ, ինչը, անհասկանալի պատճառներով անհանգստացրել է հոդվածի հեղինակին: (Ի դեպ, տեղեկատվություն տրամադրվել է նաև դռնբաց տեղի ունեցած առաջին դատական նիստի մասին. Տես՝ http://www.genproc.am/am/49/item/6061/):
Հարկ ենք համարում պարզաբանել, որ որևէ քրական գործով դատախազության կողմից նախաքննության փուլում տեղեկատվություն տրամադրելու դեպքում՝ դատախազությունը փորձում է ապահովել տեղեկատվության տրամադրումը նաև նախաքննության և դատաքննության վերջնական արդյունքների մասին, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա հետևելու և տեղեկանալու տվյալ քրեական գործի ընթացքի մասին՝ պատասխանելով այդ թվում ԶԼՄ-ների հարցերին:
Գուցե հոդվածի հեղինակը կարծում է, որ քրեական գործերով միայն փաստաբաններն իրավունք ունեն կարծիք կամ տեղեկություն հայտնելու կամ միայն տվյալ լրագրողն իրավունք ունի տեղեկություն տրամադրել կամ լուսաբանել քրեական գործերը, դատական ակտերը կամ միայն իր կարծիքին համահունչ տեղեկատվությունն իրավունք ունի գոյություն ունենալ, բայց դա ընդամենը նրա սուբյեկտիվ կարծիքն է: Իսկ մեր սուբյեկտիվ կարծիքով բոլոր կարծիքներն էլ պետք է իրավունք ունենան գոյություն ունենալ՝ անկախ կոնկրետ քրեական գործով շահագրգիռ անձանց մասնավոր կարծիքներից:
Վստահեցնում ենք, որ դատախազությունն այսուհետ նույնպես շարունակելու է տեղեկատվություն տրամադրել իր սահմանադրական գործառույթների իրականացման վերաբերյալ՝ գործող օրենսդրության պահպանմամբ»:
Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը
