NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարտի 1-ի զոհերի հարազատները Թոմաս Համարբերգի հետ հանդիպում են պահանջում

Երևանի Սուրբ Կաթողիկե Աստվածածին եկեղեցում հինգշաբթի օրը հոգեհանգստի արարողություն անցկացվեց ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի, որից հետո զոհերի հարազատները այցելեցին Եվրախորհրդի ներկայացուցչություն ու նամակ-դիմում հանձնեցին` հանդիպում պահանջելով Հայաստան ժամանող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ:
«Չնայած ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողները խոստացան մեզ, որ կբացահայտնվի մեր երեխաների սպանությունը, սակայն ահա արդեն անցել է մոտ երեք տարի, սակայն ոչինչ էլ չարվեց», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց մարտյան իրադարաձությունների հետևանքով սպանված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:
«Մենք նորից բողոք ենք ներկայացնում Համարբերգին, որ չի կատարվել 4 բանաձևերից ոչ մեկը: Ամսի 18-ին, 19-ին, 20-ին այստեղ է լինելու Համարբերգը, տեսնենք` մեզ կընդունի, թե չէ: Ընդունելու դեպքում մենք մեր պահանջները կներկայացնենք, բայց որևէ ակնկալիք չունենք, որովհետև այս իշխանությունները Համարբերգին խոստանալու են, որ ամեն ինչ կանեն, «փափուկ բարձ կդնեն գլխի տակ» և նա կգնա, նրանից հետո ոչինչ չեն անելու», - կարծիք հայտնեց Գոռ Քլոյանի հայրը:
Հայտնի է, որ Թոմաս Համարբերգի այցը Հայաստան նախատեսվում է հունվարի 18-ից 21-ը: Վերջին անգամ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը Երևանում էր 2009թ. նոյեմբերին:
2008թ. մարտի 1-ին սպանվածներից` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իր կարծիքով Եվրոպայից եկող պաշտոնյաներից միայն Համարբերգն էր, որ ավելի շատ հետամուտ եղավ մարտի 1-ի դատավարությունների ընթացքին:
«Կարծում եմ, որ մեզ կընդունի, կլսի: Եթե հույս չունենայի, դիմում չէի գրի», - ասաց Ալլա Հովհաննիսյանը:
«Համարբերգը եվրոպական այն պաշտոնյաներից է, որոնց այցերի ընթացքում և հետո մարտի 1-ի գործերով որոշակի փոփոխություններ եղել են»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գագիկ Ջհանգիրյանը` միաժամանակ ավելացնելով, թե մինչ օրս Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի կոծկեն կատարված սպանությունների հանգամանքները:
«Կարծում եմ, որ այս անգամ ևս Համարբերգի այցելությունը որոշակի ազդեցություն կունենա մեր քաղբանտարկյալների թվի կրճատման վրա: Նաև վստահ եմ, որ այդ այցելության արդյունքում ներկայացվող զեկույցին հետագայում անդրադարձ կլինի [ԵԽԽՎ-ի] գարնանային նստաշրջանի բանաձևում», - հավելեց Ջհանգիրյանը:
«Գիտենք, որ Եվրոպայի խորհրդի 1677 բանաձևը մնացել է չկատարված: Երբ 2009թ.ին 30-ից ավել քաղբանտարկյալի ազատեցին, միջազգային հանրությունը, կարծես, մի քիչ հանգստացել էր` ակնկալելով, որ աստիճանաբար կլուծվեն նաև մյուսների խնդիրները: Բայց փորձը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն անում` ելնելով բարի կամքից», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե ինչ ակնկալիքներ ունի Համարբերգի այցից, ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Նրանք որևէ քայլ անում են միայն ճնշումների տակ, և քաղբանտարկյալների հարցը, ըստ էության, վերածել են պատանդների առևտրի: Թոմաս Համարբերգի այցը, և նրանից հետո նաև համազեկուցողների այցը կապված է այն հանգամանքի հետ, որ Եվրոպայի խորհուրդը հասկացել է, որ պետք է լուրջ քայլեր գործադրի Հայաստանի իշխանություններից ստանալու համար 1677 բանաձևի կատարումը», - հավելեց ընդդիմադիր գործիչը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Երևան սպասվում է փետրվարի սկզբին:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am/
