NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարորդների իրավունքների պաշտպանը գտնում է, որ ավտոապահովագրություն չանցնելու համար 50 հազար տուգանքը շատ է
Պարտադիր ավտոապահովագրության ժամկետները խախտելու համար նախատեսված 50 հազ. դրամ տուգանքը չափից ավելի բարձր է։ Այսօր՝ հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հ/կ-ի նախագահ Էդուրադ Հովհաննիսյանն ու հավելեց. «Եթե սա իսկապես սոցիալական ծրագիր է, ապա տուգանքը չէր կարող այդքան բարձր լինել»:
Նրա խոսքով՝ վարորդները դարձել են ճանապարհային ոստիկանության թիրախ։ Նրանք ստիպված են ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրեր գնել, այլև գումարներ ծախսել վարորդական իրավունքների վկայականները փոխելու համար։ «Չի կարելի վարորդների վրա այդքան պարտավորություններ դնել»,- ասաց Է. Հովհաննիսյանը։
Վարորդների իրավունքների պաշտպանը դժգոհեց նաև այն հանգամանքից, որ ճանապարհային ոստիկանությունը մեքենան հաշվառումից չի հանում մինչև չներկայանա սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը։ Սակայն, ըստ Հովհաննիսյանի, հանրապետությունում 30-50 հազ. մեքենա փաստացի օգտագործվում է դրանց տերերի բացակայության պայմաններում (նրանք հանրապետությունից դուրս են), իսկ օրենքը չի արգելում մեքենան հաշվառումից հանել դրանք փաստացի օգտագործողների ցանկությամբ։
Աղբյուր՝http://news.am
