NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սեռական բնույթի գործողությունները անչափահասի նկատմամբ քրեորեն պատժելի են

Հունվարի 24-ին հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչները քննարկում էին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից մշակված ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) 138-142 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկի փաթեթը:
Նախագծում արված փոփոխությունների համաձայն 18 տարին լրացած անձի կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 18 տարին չլրացած անձի հետ պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով (հոդված 141)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձինք գտնվում են օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ: Գործող օրենքով պատիժ է սահմանվում չափահասի կողմից 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալու համար:
«Տուժողի տարիքը բարձրացնելով մենք քրեաիրավական պաշտպանության տակ ենք առնում բոլոր անչափահասներին, երեխաներին, որոնց հետ կատարվել է սեռական հարաբերություն չափահասի կողմից, քանի որ ազգային և միջազգային օրենսդրությամբ երեխա ասելով հասկանում են 18 տարին չլրացած անձ»,- այսպես է մեկնաբանում իրավագետ Դավիթ Թումասյանը, ով մասնակցել է օրենքի նախագծի մշակմանը:
www.hra.am-ը այս հոդվածի կապակցությամբ փորձեց հավելյալ պարզաբանումներ ստանալ օրենքը մշակողներից: Ստացվում է, որ չափահաս տղան, ով փոխադարձ համաձայնությամբ ընտանիք է կազմել, օրինակ, 17 տարեկան աղջկա հետ և նրա հետ գտնվում է փաստացի ամուսնական կապի մեջ, սակայն ամուսնությունը գրանցված չէ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ՔԿԱԳԳ), կարող է ազատազրկման դատապարտվել 2-6 տարով՝ 141-րդ հոդվածի հատկանիշներով:
Դավիթ Թումասյանը բացատրեց, որ գրանցված ամուսնությունը պարտադիր պայման է դիտարկվել, որպեսզի չափահասը չազատվի պատասխանատվությունից անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար այն հիմնավորմամբ, որ ինքը ամուսնական կապի մեջ է գտնվում կամ պատրաստվում է ընտանիք կազմել նրա հետ: «ՀՀ ընտանեկան օրենսգրքում կանանց համար ամուսնական տարիք նշված է 17 տարեկանը: Եթե չափահասը ցանկանում է ամուսնանալ 17 տարեկան անձի հետ, ապա կարող է դիմել ՔԿԱԳԳ և գրանցել ամուսնությունը»,- հավելում է իրավագետը:
Նկատենք, որ օրենքը ոչինչ չի նախատեսում 18 տարին չլրացած անձի կողմից 18 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
