NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարեդարձին ընդառաջ. ձեռքբերումներ և խնդիրներ

«Պատմությանը հայտնի չէ մի դեպք, երբ ազգային բանակը կազմավորվում է պատերազմին զուգընթաց, շրջափակման, երկրաշարժի ավերիչ հետևանքների, տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական իրավիճակի պայամններում»,- Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Վանիկ Մինասյանը:
Բանակ-հասարակություն կապը ամրապնդելու համար ստեղծվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը, որի մեջ այս պահին ընդգրկված են 75 հասարակական և ուսանողական կազմակերպություններ:
Վանիկ Մինասյանի խոսքերով, բանակն այսօր կատարում է իր առաքելությունը, որը ժողովրդի և պետության անվտանգության ապահովումն է:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանը այն համոզմանն է, որ մենք շատ զգուշությամբ պետք է վերաբերվենք բանակին: «Սիրելով մենք պետք է վերաբերվենք մեր բանակին, որտեղ մեր երեխաներն են՝ և՛ զինվորները, և՛ սպայական կազմը»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր բանակը «թասիբով է»:
Լրագրողները մտահոգություն հայտնեցին բանակում վերջին շրջանում գրանցված միջադեպերի կապակցությամբ: «Ձեր մտահոգությունը տեղին է, բայց նույն մտահոգությունն ունի նաև մեր պաշտպանության նախարարությունը և ամբողջ հրամկազմը»,- ասում է «Զինվորի մայր» ՀԿ նախագահը: «Այն, ինչ որ անում է պաշտպանության նախարարը, շատ ճիշտ է անում, որովհետև պետք է լինի շատ լուրջ վերաբերմունք»,- նշում է նա: Տիկին Միրզոյանը հավատացնում է, որ յուրաքանչյուր դեպքի իրենք մանրամասն ծանոթանում են և աշխատանքներ տանում, որպեսզի դրան այլևս չկրկնվեն:
Իսկ գնդապետ Վանիկ Մինասյանը ավելացնում է, որ յուրաքանչյուր դեպք ուշադրության է արժանանում ՊՆ ղեկավարության կողմից, և կարգազանցները օրենքի առջև պատասխան են տալիս:
Պարոն Մինասյանի խոսքերով՝ ՊՆ ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և հրամանատարական կազմի պատրաստվածությանը: 2011թ. առաջին կիսամյակը հայտարարված է կարգապահության արմատական բարելավման և ամրապնդման կիսամյակ:
Բանակում ռազմական հոգեբանների պակաս կա, քանի որ համապատասխան կադրեր չկան: Նրանց բացը առայժմ մասամբ լրացնում են հոգևոր աշխատողները: «Մանկավարժական համալսարանը արդեն երկրորդ տարին է շրջանավարտներ է տալիս, որոնք վերապատրաստվում են և զորամասերում աշխատանքի անցնում: Մեզ համար առաջնահերթ է սահմանային զորամասերում սպա-հոգեբան ունենալը, ժամանակի ընթացքում նաև մյուս զորամասերում կլինեն»,- ասում է գնդապետը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
