Ցմահ ազատազրկվածի հայցով դատական նիստը հետաձգվեց

"Համացանցում շարունակում է մնալ Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող Հետաքննություն հաղորդումը, որի ժամանակ սխալ տեղեկատվություն էր հնչել իմ պաշտպանյալի մասին",- Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսված ու հետաձգված դատական նիստի ավարտին ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ քրեական գործի էությունը խեղաթյուրելու համար Մհեր Ենոքյանը հերքման իրավունքի պահանջով քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան, երբ հերքման համար օրենքով սահմանված բոլոր ժամկետները սպառվել էին: Այնինչ Կենտրոն ՀԸ-ն իր լիազոր ներկայացուցչի միջոցով նախորդ նիստի ժամանակ ներկայացրել էր նոյեմբերի 28-ի հաղորդման ձայնագրությունը` հերքման տեքստով:

Սակայն, ըստ փաստաբան Վահագն Մանուկյանի, հերքումը կատարվել է` խախտելով հերքման օրինական կարգը. Այն հեռարձակվել է հեռուստաընկերությանը օրինական կարգով դիմելուց երկու ամիս անց միայն, մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների մասին օրենքի, հերքումը պիտի հրապարակվի առավելագույնը մեկ ամսյա ժամկետում։

"Բացի այդ, իմ պաշտպանյալը պահանջում է հրապարակել իր քրեական գործի վերաբերյալ սխալ տեղեկատվության տրամադրման աղբյուրը և հեռացնել տեսանյութը ինտերնետից",- նշեց Ենոքյանի փաստաբանը:

Նշենք, որ այս դատական նիստին ևս չէր ապահովվել հայցվորի` Մհեր Ենոքյանի ներկայությունը` առանց որևէ պատճառաբանության, չնայած նրան, որ փաստաբանը դիմել էր համապատասխան մարմնին՝ դատական նիստին հայցվորի ներկայությունն ապահովելու խնդրանքով:

Դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի մասնակից Կենտրոն հեռուստաընկերության ներկայացուցիչը ներկայացրեց լիազորագիր, որի վրա, սակայն, բացակայում էր կնիքը, ինչն էլ դատական նիստի հետաձգման պատճառ դարձավ: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 11-ին:

Մհեր Ենոքյանն արդեն 15 տարի գտնվում է անազատության մեջ` բազմաթիվ անգամներ դիմելով ՀՀ բոլոր երեք նախագահներին, տարբեր ատյաններ գործի վերանայման խնդրանքով: Երկու անգամ ՔԿՀ-ներից փախուստի դիմելով` հայտարարել է, որ դրանք ակցիաներ են` ուղղված իր քրեական գործի վերաբացմանը:

Աղբյուր՝ http://lragir.am