Ռազմական հոգեբանը առաջնային է համարում առաջին հոգեբանական օգնության կանոնների կիրառելի լինելը բանակում

Նախորդ տարվա ընթացքում բանակում գրանցված սպանության և ինքնասպանության դեպքերին անդրադառնալով՝ ռազմական փորձագետ, հոգեբան Դավիթ Ջամալյանը համոզմունք հայտնեց, որ նման միջադեպերի ակունքներում ոչ միայն տվյալ զինվորի բանակում ադապտացիայի բացակայության խնդիրն է, այլ չինովնիկի թերացումն ու կոնֆլիկտային կոնկրետ իրադրությունը, որի անկանխատեսելի զարգացման արդյունքում էլ գրանցվում են ողբերգական միջադեպեր։

«Այժմ մշակվել է զինված ուժերի ներքին կանոնակարգի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը եթե ներդրվի ու կենսագործվի, թույլ կտա ավելի հեշտությամբ հարմարվել... հիմա փորձ է արվում զինվորի անձը, արժանապատվությունը, կյանքը ավելի պաշտպանված դարձնել»,- հայտնեց Ջամալյանը մամուլի ասուլիսի ընթացքում։

hra.am-ի հարցին, թե արդյոք բանակում ապահովվում են հոգեբանական դասընթացները սպայական և ավելի բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձնակազմի համար, որպեսզի կարողանան զինծառայողների հետ ճիշտ աշխատել, Ջամալյանը պատասխանեց, որ շատ է կարևորում առաջին հոգեբանական օգնության գիտելիքները սպաներին փոխանցելու գաղափարը։

«Մասնագետներ հրավիրվում են, կամ սպայական հավաքներ են լինում, ես էլ եմ դասախոսություններ ունեցել, ուղղակի մի քիչ էլ նախաձեռնողականության խնդիր կա, այսինքն՝ համակարգված ու պարբերաբար հոգեբանները այցելեն զորամասեր... կա մի կազմակերպություն, որը առաջարկություններ է ներկայացրել բանակին համագործակցելու համար, տեսնենք...»,- հայտնում է Ջամալյանը։

Ռազմական հոգեբանի կարծիքով՝ զինվորականների ադապտացիայի խնդիրը զգալիորեն լուծվում է, եթե տվյալ զինծառայողը սպորտսմեն է լինում, և հաղթելու, առաջինը լինելու մրցակցային ոգին օգնում է մարտիկին զինված ուժերում ավելի արագ հարմարվել։

Այս առումով Ջամալյանը առանձնացնում է Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի գործունեությունը, որը Հայաստանում գործող իր 42 դպրոցներով ֆիզիկապես ու հոգեպես կոփված զինվորներով է ապահովում հայկական բանակը։

«Դրա ապացույցը այն էր, որ վերջին շրջանում ադրբեջանական դիվերսիոն հերթական խմբի առաջընթացի կանխողներից մեկը, ով անցել է այդ դպրոցը, շատ հանգիստ դիվերսանտին տարել է մի կողմ, գցել է գետնին ու գործը ավարտել է։ Սա մի տեսանելի օրինակ է, բայց այն մարտիկները, ովքեր դիվերսիա չեն կանխում, իրենք էլ իրենց գործն են անում»,- համոզված է Ջամալյանը։

Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նշում է, որ ինքը հետևում է իր սաներին ծառայության ընթացքում և համագործակցում է պաշտպանության նախարարության հետ։

«6 ամիսը մեկ հանդիպումներ ենք ունենում, ու իրենք էլ համոզված են, որ մենք ոչ միայն մարզիկ ենք ուղարկում բանակ, այլ՝ իրենց համար օգնականներ։ Մեզ մոտ երիտասարդ մարզիչները նաև մարզչական սեմինարներ են անցնում և բանակում օգտակար են լինում իրենց գիտելիքներով»,- համոզված է Հայրապետյանը։

Նա կոչ է անում, որ այլ սպորտաձևերով զբաղվող ֆեդերացիաները ևս հետամուտ լինեն իրենց սաների ճակատագրերին։

Կարինե Իոնեսյան

Աղբյուր՝ www.hra.am