NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարորդներին ցրել են

Փետրվարի 8-ին' առավոտյան ժամը 10-ին, Շիրակի մարզի վրացական պետական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները հավաքվել էին Գյումրիի կայարանամերձ հրապարակում և այնտեղից պետք է շարժվեին Բավրա' փակելու Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը:
Ավտոերթը վրացական պետական համարանիշերով մեքենաների ազատ տեղաշարժի արգելափակման և պարտադիր մաքսազերծման դեմ էր:
Սակայն ավտոերթը չի կայացել. մոտ 300 ոստիկաններ փակել են վարորդների ճանապարհը և մի քանիսին տարել անհայտ ուղղությամբ: Ըստ ականատեսների' ոստիկանների ձեռքներին մահակներ են եղել:
Շիրակի մարզի' վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների դիմում-բողոքը իշխանություններին
"Մենք' Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստիպված դիմում ենք ձեզ, ներկայացնելով մեր խնդիրներն ու պահանջները:
Մեզ համար անընդունելի են մշակված և ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով, և, որոնցով մեզ ստիպում են մաքսազերծել այդ ավտոմեքենաները խայտառակ բարձր գներով, որ մենք ի վիճակի չենք: Տեղեկացնում ենք, որ մենք այդ ավտոմեքենաները վարում ենք վրացական պետական համարանիշերով այն հասարակ պատճառով, որ մեր ֆինանսական վիճակը հայաստանյան օրենսդրությամբ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քմահաճորեն սահմանած առասպելական սակագներով թույլ չի տալիս մեզ մաքսազերծել, ավել գումար ունենալու դեպքում ավելի թանկարժեք մեքենա ձեռք կբերեինք, կամ եթե իմանայինք, որ հայրենի կառավարությունը նման դավադիր օրենսդրական փոփոխություն էր ընդունելու, այդ մեքենաները պարզապես չէինք գնի և ժամանակավոր ներկրի Հայաստան:
Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունները ՀՀ օրենսդրության մեջ արվել են առանց տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը հաշվի առնելու, առանց այդ փոփոխությունների տնտեսագիտական, սոցիալական և ժողովրդագրական հետևանքները հաշվարկելու, ունենալով, լավագույն դեպքում մեկ նպատակ' ամեն գնով բյուջե լցնել, իսկ վատագույն դեպքում' շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոհիշյալը, այդ օրենսդրական փոփոխությունները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում և Հայաստանի Հանրապետությունում:
Պարոնայք իշխանավորներ, խնդիրը խաղաղությամբ կարգավորելու համար դիմում ենք ձեզ, ներկայացնելով հետևալ պահանջները, առաջարկելով շուտափույթ կատարել դրանք.
1. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթևեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թվի վերջը:
2. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթևեկության հին ռեժիմի վերականգնման հետ մեկտեղ, առաջարկում ենք ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական վճար' 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտավոր կլինենք վճարել պետական բյուջե առանց սահմանը հատելու:
3. Արմատապես բարեփոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը և վճարները, այնպես, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել և մաքսազերծել:
4. ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարումը լիազորագրով վստահել այլ անձանց:
Պարտավոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի և սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, հետևողականորեն, դիմելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներին, ժողովներ, երթեր և հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին:
Ձեզ կոչում ենք ողջամտության, սեփական քաղաքացիների շահերն իսկապես և ոչ թե խոսքով ու ձևականորեն պաշտպանելու":
Աղբյուր' www.a1plus.am
