NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բժշկական օգնության կարիք ունեցող պատերազմի նախկին մասնակցին մեղադրել են պատերազմին մասնակցելու մեջ

Պատերազմական գործողությունների, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում օրենքով իրենց հասանելիք բժշկական սպասարկումից՝ ասելով որ երկար քաշքշուկներից «մի փոքր բինտ կամ էժան քսուկ տալը անվճար բժշկական օգնություն չէ»։
Անվճար բուժօգնության մասին վկայում է ՀՀ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածը, որը հաշմանդամ նախկին զինծառայողների հավաստմամբ միայն թղթի վրա է արձանագրված։
«Մենք արդեն չենք էլ դիմում, միայն երբեմն կանչում ենք տեղամասային բժշկին, ով իր ծառայությունների համար գումար չի վերցնում»,- www.hra.am -ին հաղորդում է քառասուներեքամյա Գևորգ Հովհաննիսյանը, ով Արցախի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում 1994թ-ից դարձել է առաջին կարգի հաշմանդամ և գամված է սայլակին։ Օրենքով հասանելիք բոլոր օգնություններն ու թոշակները միասին կազմում են 76000 դրամ, որոնք չեն բավականացնում, որպեսզի նա կարողանա հոգալ իր առողջական ծախսերը։
«Ուզում եմ գնալ արտասահման և կատարել ողնուղեղի վիրահատություն, բայց գիտեմ, որ դա իրատեսական չէ, քանի որ դրա համար կպահանջվի ամենաքիչը $100.000»,-ասում է Հովհաննիսյանը։
Այժմ Հովհաննիսյանը գամված է անկողնուն, քանի որ վերջերս մարմնի վրա առաջացել է բաց վերք, որը ոչ մի կերպ չի կարողանում բուժել։
Նույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն նման կարգավիճակ ունեցող ցանկացած մարդ կարող է օգտվել ջրահեռացման, աղբահանության բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից, որը ևս ոչ միշտ է գործում մեր իրականության մեջ։
Սիսիանում բնակվող պատերազմի 50 հաշմանդամներից մեկը ՝ 57 ամյա Բագրատ Մուրադյանը, www.hra.am -ին հայտնում է, որ իրենք ամեն ամիս վճարում են ինչպես սովորական մարդիկ, և դա միշտ է այդպես եղել։ Մուրադյանը ևս չի օգտվում անվճար բժշկական սպասարկումից։
«Հենց հիմա ես վիրահատության կարիք ունեմ, բայց չեմ գնում հիվանդանոց, որովհետև գիտեմ՝ ինչ են ասելու, իսկ երբ ասում ես, որ կռվել ես, ասում են՝ դու ես գնացել պատերազմ, չգնայիր»,- հիվանդանոցներում ստացած արձագանքներն է մեզ փոխանցում Մուրադյանը։
Հայրենիքը պաշտպանած և 3 երեխայի ու երկու թոռան տեր Մուրադյանը ստանում է 55000 դրամ թոշակ և դրամական այլ օգնություններ պետության կողմից, երբեմն նաև պարգևատրում են տարվա ընթացքում 10000-ական դրամով։
«Չեմ վիրահատվում, քանի որ գիտեմ, որ մեծ քանակությամբ գումար են ուզելու»,- պատմում է Մուրադյանը։
Մուրադյանի կինը՝ 53ամյա Հասմիկ Թադևոսյանը, չի հասկանում, թե ինչու իր դուստրը չի օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու իր իրավունքից։
«Ուզում էր ընդունվել Երևանի պետական գյուղատնտեսական ակադեմիա, սակայն ասացին, որ արտոնյալ միայն մեկ տեղ ունեն, որն արդեն զբաղված է»,- պատմում է Թադևոսյանը։
Նշենք, որ 37-րդ հոդվածը սահմանում է, որ ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների և նրանց երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ կատարվում է մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Եթե հաշմանդամության կարգ ունեցող պատերազմի մասնակիցները բողոքում են, որ օրենքը չի կիրառվում ըստ պատշաճի, վերջին տարիներին խաղաղ պայմաններում հաշմանդամ դարձած զինծառայողները չեն ուզում անգամ դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար։
«Որ դիմենք, միևնույն է՝ մեզնից գումարներ են ուզելու, որը մենք այսօր չունենք»,- www.hra.am -ին ասում է քսանմեկամյա Աշոտ Ոսկանյանի մայրը 53ամյա Քնարիկ Ոսկանյանը։
Նա պնդում է, որ իր որդուն նախ ծառայության են ուղարկել՝ հաշվի չառնելով, որ վերջինս ունեցել ծնկահոդերի հետ լուրջ խնդիրներ, որը անմիջապես արտահայտվել է ծառայության 4-րդ օրը, երբ Ոսկանյանին վազեցնելուց հետո նա վայր է ընկել, և բժիշկները հայտնաբերել են տղայի մոտ գերշարժունակություն՝ ոսկորների ոլորում։
«Ու չնայած նրան, որ ծառայության առաջին տարվա ընթացքում նրան մի քանի անգամ հոսպիտալ տարան, նույնիսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց՝ կարգադրելով, որ բուժեն և միայն լիարժեք առողջանալու պարագայում բանակ տանեն, մեր տղային թեթևակի բուժում նշանակեցին, դրանից հետո մեկ տարի միայն պառկեց հոսպիտալում առանց որևէ բուժման և տուն եկավ»,- պատմում է մայրը։
Այժմ Ոսկանյանը վիրահատության կարիք ունի, որը պետք է նաև պարբերական բնույթ կրի, և դա արժե մոտ $6000-10000, սակայն 30000 դրամ նպաստ և ամուսնու 3-րդ կարգի հաշմանդամ լինելու համար 16000 դրամ թոշակ ստացող ընտանիքը չի կարծում, որ այդ վիրահատությունը երբևէ իրականություն կդառնա։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հայտնել էր, որ իրենք այս տարի զբաղվելու են այն հարցով, որ զինվորական հոսպիտալներում զինծառայողների ծնողները մոտ 2-3 ամիս հերթ չկանգնեն բուժվելու համար։
Խնդրի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով www.hra.am -ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն, ինչին ի պատասխան պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ միայն գրավոր հարցման պարագայում կտան պարզաբանում:
www.hra.am -ը ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն արդեն դիմել է Պաշտպանության նախարարություն և օրեքնի համաձայն առաջիկա 5 օրերի ընթացքում ակնկալում է պատասխան ստանալ։ Համապատասխան պարզաբանումներ ստանալու դեպքում կհրապարակենք նաև դրանք։
Կարինե Իոնեսյան
Աղբյուր՝ www.hra.am
