NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ավտոերթ և հանրահավաք Գյումրիում`
Ավտոերթ և հանրահավաք Գյումրիում`
"Ժառանգության" և հասարակական ու քաղաքական այլ ուժերի մասնակցությամբ
10.02.2011թ., ք.Գյումրի: Այսօր առավոտյան տեղի ունեցավ ավտոերթ Գյումրիից դեպի Բավրա մաքսային անցակետ: Շուրջ երկու հարյուր վարորդներ ազդանշաններով Գյումրիի միջով ուղևորվեցին դեպի Բավրա` հայտնելու համար իրենց բողոքը ավտոմեքենաների մաքսազերծման նոր պայմանների դեմ, որոնք ԱԺ մեծամասնության որոշմամբ օրենքում ամրագրվել էին 2010թ. դեկտեմբերի 22-ին: Ավտոերթին մասնակցեցին "Ժառանգության" վարչության անդամներ և պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անահիտ Ուզունյանը, "Հայք" ուսանողական-երիտասարդական միության ակտիվիստները` Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, Գյումրիի "Ասպարեզ" ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Մասնակցում էին նաև Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և ՀԱԿ-ի Գյումրու տարածքային ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանը: Քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչները նախքան ավտոերթի սկսվելը իրենց ելույթներում քաջալերեցին վարորդներին և իրենց զորակցությունը հայտնեցին սեփական իրավունքների համար մղվող պայքարում:
Ոստիկանների հարուցած խոչընդոտների պատճառով ավտոերթին չկարողացան միանալ Արթիկից Գյումրի ուղևորված մի քանի տասնյակ վարորդներ` իրենց ավտոմեքենաներով: Ոստիկանները նաև փորձ արեցին խոչընդոտել Գյումրիից դուրս եկած մեքենաներին` ուղևորվելու դեպի Բավրայի անցակետ, ինչը, սակայն, ԱԺ "Ժառանգության" պատգամավորների ջանքերով կանխվեց:
Բավրայի անցակետում վարորդները և նրանց ուղեկցող հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրականացրին կարճատև պիկետ, ապա մաքսակետ ներկայացրին միջանկյալ պահանջ` երկարաձգել վրացական համարանիշներով մեքենաների ժամկետը 1 ամսով:
Այնուհետև բողոքի ավտոերթը ուղևորվեց Գյումրի, ուր ժամը 16:20-ին թատերական հրապարակում տեղի ունեցավ ինքնաբուխ հանրահավաք, որին մասնակցեցին ոչ միայն վարորդները, այլև նրանց միացած հետիոտները` ընդհանուր առմամբ մի քանի հարյուր մարդ:
Հանրահավաքը բացեց ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ապա ելույթ ունեցան խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, "Ժառանգության" վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իսկ վերջում հանրահայտ Ջաջուռը:
Բացելով հանրահավաքը` Արմեն Մարտիրոսյանը նախ ողջունեց հավաքված վարորդներին հանուն իրենց քաղաքացիական իրավունքների խիզախորեն պայքարելու համար: Նա խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին` նշելով, որ վերջինները, չկարողանալով, իսկ ավելի ճիշտ` չցանկանալով հավուր պատշաճի հարկել այն 30-40 ընտանիքներին, որոնք տնօրինում են տնտեսության 80 տոկոսը, անցել են շարքային քաղաքացիներից վերջին լուման քամելու քաղաքականությանը:
Ստեփան Սաֆարյանը իր ելույթում նշեց, որ եթե իշխանությունները շարունակեն ժողովրդի սոցիալական վիճակը վատթարացնելու այս արատավոր գործելաոճը, ապա կհասնեն նրան, որ Հայաստանի ժողովուրդը ևս կըմբոստանա և կընդվզի` ինչպես այլ երկրների ժողովուրդներ դա վերջերս իրականացրեցին և կհասնի իշխանության փոփոխությանը:
Ռուբեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վարորդներին, որ անմիջապես տեղյակ են պահել Ժառանգությանը իրենց խնդիրների մասին և խոստացավ, որ "Ժառանգությունը" կաջակցի իրենց պայքարին: Ու թեև դեռ հաջողության չեն հասել, սակայն կյանքը ցույց է տալիս որ պետք է գնալ ավելի ակտիվ և հետևողական գործողությունների: Նա նաև կուսակցության անունից պատրաստակամություն հայտնեց պաշտպանել այն վարորդների իրավունքները, ում հանդեպ իշխանությունները, մասնավորապես` ուժային կառույցները կհամարձակվեն հետապնդումներ իրականացնել: Վերջում Ռուբեն Հակոբյանը ողջունեց նաև այն քաղաքական ուժերին, որոնք աջակցում են վարորդների այս շարժմանը:
Զարուհի Փոստանջյանը ասաց, որ սեփական իրավունքների համար պայքարը հետևողականության և համառության շնորհիվ կարող է դրական արդյունք տալ: Նա հիշեցրեց, որ "Ժառանգության" աջակցությամբ ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիների (հղի կանանց) փոխհատուցման գումարը կրճատելու հարցում կառավարությունը` քաղաքացիների հուժկու դիմադրության շնորհիվ, տեղի էր տվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողորմելի վիճակում հայտնված իշխանություններն արդեն սկսել են մտնել առավել ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների գրպանները` պատգամավորը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց կառավարությանը փոխանցելու համար հավաքել 10-ական դրամ, ինչն էլ գյումրեցիները մեծ ոգևորությամբ իրականացրին:
Այս պահին Գյումրու լրագրողների "Ասպարեզ" ակումբում տեղի է ունենում վարորդների և "Ժառանգության" ներկայացուցիչների համատեղ հավաք, ուր ճշգրտվում է հետագա գործողությունների ծրագիրը: Վարորդները նաև իրենց կազմից ընտրեցին մի քանի հոգանոց համակարգող մարմին:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում իշխանություններին են փոխանցվել մեր քաղաքացիների հստակ պահանջները, մասնավորապես`
1. վերականգնել օրենքի նախնական տարբերակը.
2. ամսական մեկ անգամ սահմանը հատելու դիմաց մտցնել 2000 դրամ ամսական վճար.
3. արմատապես փոխել ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկի համակարգը, որն այժմ իրականացվում է օրենքի կոպիտ խախտումներով:
Ա.Մարտիրոսյանը նաև տեղեկացրել էր կառավարությանը, որ վարորդներն իրենց պայքարում պատրաստ են օրենքին համապատասխան գնալ մինչև վերջ, և հորդորել էր, որ կառավարությունն այլևս չմիջամտի ու ապօրինի գործողություններ չիրականացնի և քաղաքացիներին թույլ տա` ներկայացնելու իրենց արդար բողոքը:
"Ժառանգություն" կուսակցության լրատվական ծառայություն
