NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցում խախտում են կույր երիտասարդի կրթություն ստանալու իրավունքը

Փետրվարի 11-ից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները և այլ երիտասարդներ, բողոքի ակցիաներ կազմակերպելով և սոցիալական ցանցերի միջոցով, պայքարում են կույր երիտասարդի կրթություն ստանալու իրավունքի համար։
Այս տարի ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում հրաժարվել են ընդունել ԵՊՀ սոցիոլոգիայի մագիստրատուրայի առաջին կուրսում սովորող Արտակ Բեգլարյանին՝ պատճառաբանելով, թե դպրոցը սահմանափակ կարողություններով քաղաքացիների համար չի կարող ապահովել կրթության, ինչպես նաև ընդունելության քննությունների անցկացման պայմաններ:
www.hra.am -ին չհաջողվեց կապնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հետ, քանի որ վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին, բայց մեկ օր առաջ մամուլում հնչած պատճառաբանությունների մեջ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ դիվանագիտական դպրոցը պրակտիկ մասնագիտացված հաստատություն է, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ։
Սահմանափակումները, ըստ նախարարության, սահմանվում են ՀՀ կառավարության 2002 թվականի N 121 որոշման համաձայն, որտեղ ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող 27 բացարձակորեն հակացուցված հիվանդությունների մեջ չկա որևէ հիվանդություն, որը առնչվում է տեսողական խնդիրների հետ։
Հարաբերականորեն հակացուցված 46 տեսակի հիվանդությունների մեջ ևս չի նշվում կույր լինելը, միայն առանձնացնում են աչքի ցանցաթաղանթի դիստրոֆիկ կամ դեգեներատիվ հիվանդությունները, տրախոմա, պարատրախոմա հիվանդությունները և տեսադաշտի նեղացումը, որոնցից ոչ մեկով Բեգլարյանը հիվանդ չէ։
«Նրանք նույնիսկ իմ դիմումը չեն ընդունել ու չեն էլ հարցրել, թե ես ինչպես եմ պատրաստվում տալ քննությունները»,- www.hra.am -ին հաղորդում է Բեգլարյանը։
Նա նշում է, որ կան հատուկ համակարգչային ծրագրեր, որոնց օգնությամբ համակարգիչը կարդում է իր համար ցանկացած տեքստ, իսկ քննության գնալիս նա կարող էր տանել իր տեղաշարժվող համակարգիչը, ինչպես և վարվել է միշտ համալսարանում սովորելու տարիներին։
Արտակ Բեգլարյանը ավարտել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը, այնուհետև մեկ տարի սովորել է Եվրոպական միության ERASMUS MUNDUS ծրագրի շրջանակներում Հունաստանի Սալոնիկի համալսարանում, իսկ այժմ, ինչպես արդեն նշեցինք, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող է ։
«Ես այսպես արդեն պայքարելու եմ ոչ միայն իմ, այլև բոլոր սահմանափակ հնարավորություններ ունեցող, բայց կրթություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց համար, քանի որ խախտվել է մայր օրենքով՝ սահմանադրությամբ ամրագրված կրթություն ստանալու իմ իրավունքը»,- www.hra.am -ին հաղորդում է Բեգլարյանը։
Նրա աջակիցները այսօր ԱԳ նախարարին նամակ են ուղարկել՝ հիշեցնելով, որ խախտվել է Բեգլարյանի հիմնարար իրավունքներից մեկը և ոտնահարվել է նրա արժանապատվությունը: Բեգլարյանը պատրաստվում է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին և հասնել ընդհուպ դատարան, եթե իր իրավունքները չվերականգնեն և ներողություն չխնդրեն ԱԳՆ-ից։
«Արտակը ունիկալ անձնավորություն է, ով իր աշխատասիրությամբ ու հնարամտությամբ բազմաթիվ անգամ ապացուցել է, որ կարող է լինել շատ ավելի լավը, քան տեսողության խնդիրներ չունեցող ուսանողները։ Միևնույն ժամանակ նա նվիրյալ հայրենասեր է և գործի գիտակ, ու պետք չէր այդպես վարվել նրա հետ...ես համոզված եմ, որ նա կգտնի իր տեղը հասարակական-քաղաքական գործունեության մեջ»,- www.hra.am -ի հետ զրուցելիս համոզմունք հայտնեց Բեգլարյանին քաղաքական սոցիոլոգիա դասավանդած և հետագայում բազմաթիվ գիտական աշխատանքներ համատեղ ուժերով պատրաստած ԵՊՀ դասախոս Նարեկ Գալստյանը։
Նշենք, որ տարիներ առաջ Ազգային ժողովում կար մի կույր պատգամավոր՝ Արտակ Առաքելյանը, ով ակտիվ կերպով բարձրաձայնում էր երկրին հուզող տարբեր խնդիրներ, և ոչ ոք չէր ասում, որ վերջինս չի կարող զբաղվել քաղաքականությամբ, քանի որ կույր է։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
