NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«ԳԱԼԱ»-ի անտենան՝ իշխանությունների կոկորդին

«Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ -ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Այսօր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Երեմի Հակոբյանը հրապարակեց վճիռ, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է ավելի ահագնանալ: Դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը և պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը /անտենան/ և մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջը, դատարանը մերժեց: Դատավորը նաև կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:
Հիշեցնենք, որ այս գործով ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը դեռևս 2008թ.-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը ևս մնաց նույն դիրքորոշմանը, որ քաղաքապետարանի հայցը ենթակա է բավարարման, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը դարձյալ ուղարկեց ՀՀ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով, նոր քննության: Նոր կազմը ևս մնաց հաստատակամ և կայացրեց այնպիսի որոշում, որը սպասելի էր: Իսկ այս գործի նախապատմությունը, երկարաժամկետ հետաձգումները, կասեցումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պարզապես իշխանություններն իրենց առաջ խնդիր էին դրել ժամանակ շահել և ճիշտ պահին լռեցնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դատական հերթական որոշումը մենք համարում ենք ակնհայտ կողմնակալ և ապօրինի, ուստի շարունակելու ենք պայքարը ազատ խոսքի պաշտպանության և հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար»։
