NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ա1+»-ը «Արմնյուզին» մեղադրում է մրցույթը կեղծ փաստաթղթերով հաղթելու մեջ

Փետրվարի 17-ին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը հայտարարեց, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա «Արմնյուզ» հեռուստաընկերությունը հաղթել է կապուղիների մրցույթում, անօրինական է:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից դատական կարգով վերցնելով և ուսումնասիրելով իրենց մրցակից «Արմնյուզ» ՓԲԸ մրցութային փաթեթը՝ «Մելտեքս» ընկերության ներկայացուցիչները մի շարք անճշտություններ են արձանագրել:
«Արմնյուզ» ընկերությունը ՀՌԱՀ-ին է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից իրեն կես միլիարդ ՀՀ դրամ վարկ տրամադրելու պատրաստակամությունը հավաստող փաստաթուղթ, որտեղ «Արմնյուզ» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) փոխարեն նշված է «Արմնյուզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ): Դրանք տարբեր իրավական կարգավիճակ ունեցող ընկերություններ են, ավելին՝ «Մելտեքսը» պարզել է, որ «Արմնյուզ» ՍՊԸ իրականում գոյություն չունի: «Կես միլիարդ դոլարը, այն գումարի հավաստագիրը, այն փաստաթուղթը չէ, որ ՀՌԱՀ-ը չստուգեր»,- ասում է Տիգրան Տեր-Եսայանը:
Փաթեթների ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ «Արմնյուզի» ներկայացրած աշխատակազմի մի մասը ներկայացված է նաև «Արմենիա» հեռուստաընկերության մրցութային փաթեթում: Աշխատակիցներից մեկի՝ եթերային մասնագետ Գրիգոր Խաչատրյանի կենսագրականում գրված է, որ նա «Արմնյուզում» աշխատում է 2001-ից, մինչդեռ հեռուստաընկերությունը ստեղծվել է 2002-ին: «Արմնյուզը» իր անձնակազմի մեջ ներկայացրել է բոլոր այն դերասանների կենսագրականները, ովքեր նկարահանվել են իրենց կողմից ցուցադրված սերիալներում:
«Ա1+»-ի նախագահ և փաստաբանները կարծում են, որ «Արմնյուզի» մրցութային փաթեթում ներկայացված անճշտությունները ՀՌԱՀ-ը չի հայտնաբերել իր անգործության, անփութության և ոչ օբյեկտիվ լինելու պատճառով: Մինչդեռ հանձնաժողովը մի շարք հարցումներ է արել և հայտնաբերել է «Ա1+»-ի փաթեթում առկա թերությունները: «Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՀՌԱՀ-ը չի նկատել «Արմնյուզ»-ի միակ ֆինանսական փաստաթղթի անճշտությունը, և դրա հիման վրա, դրան հղում տալով, 96-Ա որոշմամբ հաղթող է ճանաչել «Արմնյուզին»,- ասում է Տեր-Եսայանը:
Փաստաբանը և «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը տարօրինակ են համարում, որ 37 աշխատանքային օրվա ընթացքում ՀՌԱՀ-ի 8 անդամները ուսումնասիրել են 20 հեռուստաընկերությունների փաթեթները, ընդ որում՝ փաթեթների ընդամենը երկուական օրինակ ունենալով: Նրանց կարծիքով՝ ֆիզիկապես հնարավոր չէ այդքան կարճ ժամանակահատվածում հասցնել կարդալ և վերլուծել 200 էջից բաղկացած փաթեթները:
Փետրվարի 21-ին «Ա1+»-ը պատրաստվում է դիմել ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի ՀՌԱՀ-ի 16.12.2010թ. 96-Ա որոշումը չեղյալ համարվի և ճանաչվի «Մելտեքս» ՍՊԸ խախտված իրավունքը:
«Եղել է պատվեր, կատարվել է փնթի ձևով, որի համար առաջին հերթին պատվիրողը պետք է պատժի Ամալյանին, որից հետո՝ ես»,- հայտարարեց «Ա1+»-ի տնօրենը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
