NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արտակ Նազարյանի գործով առարկություններ են պատրաստվում

Տավուշի մարզի զորամասերից մեկում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության արդյունքում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի փաստաբաններից Սեդա Սաֆարյանը առարկություններ է պատրաստել վերջին փորձաքննությունների կապակցությամբ, որոնք մի քանի օրվա ընթացքում կհանձնվեն գործով քննիչ Լևոն Պետրոսյանին և դատախազ Գևորգ Կոտինյանին:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի՝ Նազարյանին ինքնասպանության են դրդել, սակայն հարազատները պնդում են, որ իրենց որդուն դաժանությամբ խոշտանգել են ու սպանել։ Մինչև այսօր արված փորձաքննության արդյունքները Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, կարծում է, միտված են իրենց տղայի սպանության գործը կոծկելուն:
ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ՝ փետրվարի 17-ին, շենքի առջև ավանդաբար հավաքված խաղաղ պայմաններում ծառայության ընթացքում մահացած կամ սպանված ծնողներին մոտեցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում ծնողները հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հունվարի 29-ին իրենց հետ հանդիպման ժամանակ խոստացել է հանդիպել 10 օր հետո և լուծումներ առաջարկել իրենց խնդիրներին, սակայն այդ հանդիպումը մինչև այսօր չի կայացել:
«Մեզ ասացին, որ ամեն ինչ այդպես հեշտ չի լինում, բայց այդ դեպքում, թող մեզ անտեղի խոստումներ չտան»,- զայրանում է Նազարյանի մայրը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
