3 երեխաներին տարել են մանկատուն

Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաներին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանը, առանց ծնողների համաձայնության, տեղափոխել է մանկատուն` այն պատճառաբանությամբ, որ ընտանիքը զուրկ է սոցիալական պայմաններից:

Հայրը, սակայն, պնդում է, որ ինքն ունի աշխատանք եւ կարող է երեխաներին ապահովել: Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանը գրեթե ամեն օր այցելում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ, ապա շտապում Թռչունյաց տուն տեսակցելու իր փոքրիկ որդուն` Հարությունին:

Սեյրան Հարությունյանն իր երեխաներին է պահանջում.- ինչ իրավունքով են երեխաներիս մանկատուն տեղափոխել, այն դեպքում,երբ տանը չեմ եղել,- ասում է նա:

Ըստ Թռչունյան տուն մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանի, օրենքը թույլ է տալիս առանց ծնողների համաձայնության երեխաներին տեղափոխել մանկատուն:

Երեխաներին ընտանիք վերադարձնելու հույսով Սեյրան Հարությունյանը շարունակում է դռներ թակել, օգնություն խնդրել մարզային ու քաղաքային իշխանություններից:

ՓԱՅԼԱԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ
Գյումրի, Հանրային թղթակից ծրագրի շրջանակում հատուկ lragir.am-ի համար

Աղբյուր՝ http://lragir.am