Հայաստանում զարգանում է քաղաքացիական հասարակությունը, սակայն մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած. փորձագետ

Հայաստանի քաղաքացիական հասարակությունն այժմ ակտիվ զարգացման փուլում է, սակայն բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած, երեքշաբթի «Քաղաքացիական հասարակության ինդեքսը. Հայաստան» զեկույցի շնորհանդեսի շրջանակներում լրագրողներին ասաց Counterpart International կազմակերպության հայկական ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը։

Ըստ Սարդարի, գոյություն ունեն երեք հիմնական մարտահրավերներ, որոնց բախվում է հանրապետության քաղաքացիական հասարակությունը։

Առաջին մարտահրավեր է նա անվանել Հայաստանի հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դաշտի վերադասակարգումը՝ նշելով, որ այդ խնդիրը պետք է լուծվի օրենսդրական փոփոխությունների փուլում։
«ՀԿ-ները պետք է առավել հստակ ներկայացվեն իրենց դաշտում»,- ասաց Սարդարը։

Բացի այդ, CI հայկական ներկայացուցչության ղեկավարը նշել է Հայաստանի հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ամրապնդման, արտասահմանյան ֆինանսավորումից կախվածության հարցը լուծելու անհրաժեշտությունը։ Ըստ Սարդարի, Հայաստանի ՀԿ-ները պետք է ֆինանսավորման տեղական աղբյուրներից օգտվելու հնարավորություն ունենան, այդ թվում՝ պետական։

Երրորդ մարտահրավերն, ըստ նրա, կամավորականների հետ աշխատանքներն : Նա տեղեկացրեց, որ հարկային դաշտում առկա խնդիրների պատճառով հայկական կազմակերպությունները չեն կարող լիովին ներգրավել կամավորականների։

«Սա օրենսդրական խնդիր է, որն անհրաժեշտ է լրացնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը այդ խնդիրների լուծման փուլում է գտնվում, և պետք է արդեն ձեռքբերված արդյունքները զարգացնել։
Զեկույցի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին նշեց, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունների անդամների թիվը մեծ չէ, և մատնանշեց ՀԿ-ների աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը, արժեհամակարգի ընդլայնումը։

Յովանովիչն ավելացրեց, որ Հայաստանում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ օրենսդրական փաթեթներ են մշակվում քաղաքացիական հասարակության զարգացման համար։

«Կարևոր է հասկանալ, որ քաղաքացիական հասարակությունը երկակի դեր է խաղում՝ որպես քննադատող կողմ, որը միաժամանակ կառավարության հետ համատեղ կարող է լուծել առկա խնդիրները»,- ասաց դեսպանը։
«Քաղաքացիական հասարակության ինդեքսը. Հայաստան» զեկույցը պատրաստված է Counterpart International հայկական ներկայացուցչության հետ համատեղ և մասնավորապես USAID-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միության (CIVICUS) տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։ Նման ուսումնասիրություններ են անցկացվում աշխարհի ավելի քան 40 երկրում։

Աղբյուր՝ www.newsarmenia.am