NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ա.Սաքունց. «Բանակում գաղտնիքները շատ են»

«Իմ խորին համոզմամբ ՀՀ զինված ուժերը դեռևս հեռու են ժողովրդավարական պետությանը բնորոշ չափանիշներից, նաև այդ ուղղությամբ փոփոխություններ կատարելու առումով խնդիր կա»,- այսպիսի հայտարարություն արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փետրվարի 22-ին «Մարդու իրավունքները բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Քննարկման կազմակերպիչներն էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը։
Ըստ Սաքունցի՝ ՀՀ Զինված ուժերի առջև ծառացած հիմնական մարտահրավերները 3-ն են՝ բանակը պետք է զերծ մնա քաղաքականությունից և չօգտագործվի քաղաքական նպատակներով, բանակը պետք է անվտանգ լինի իր ներսում ծառայողների համար, բանակը չպետք է դառնա կոռուպցիայի կամ եկամտի աղբյուր ուսադիր կրողների համար։
Խոսելով ԶՈւ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մասին՝ Սաքունցը նկատում է, որ համակարգը փակ է, «գաղտնիքները շատ են», և հասարակությունը իրազեկված չէ ԶՈւ համակարգում կատարվող ոչ մի գործընթացից։ Սա, ըստ իրավապաշտպանի, հակասում է ժողովրդավարության չափանիշներին։
«Մենք ընկնում ենք տարբեր համայնքներ, որ բանակում գրանցված դեպքերի մասին տեղեկատվություն հայթայթենք»,- ասում է Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ լավ չէ, երբ միայն տուժող կողմից ստացած տեղեկատվության վրա է հասարակությունը կարծիք և վերաբերմունք ձևավորում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
