NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինվորի մայրը պահանջում է կա՛մ տղային բուժել, կա՛մ ծառայությունից ազատել

Փետրվարի 24-ին Կառավարության շենքի առջև հավաքված ցուցարարների մեջ էր Մարտակերտի զորամասերից մեկում ծառայող զինվոր Մերուժան Հարությունյանի մայրը՝ Ռիտա Հարությունյանը: 20-ամյա տղան 2010թ. մայիսին զորակոչվել է բանակ ոչ շարային ծառայության: Նա ունի ծնկի վնասվածք՝ («արտաքին մենիսկի վնասվածք»), որի պատճառով ծնկի հատվածում հեղուկ է կուտակվում:
Մայրը պատմում է, որ ծառայության 9 ամիսների ընթացքում իր տղայի առողջական վիճակը վատ է եղել: Պաշտպանության նախարարի հրամանով երկու անգամ Մերուժան Հարությունյանը տեղափոխվել է հոսպիտալ բուժվելու համար, սակայն, մոր խոսքերով, նրան «առանց բուժելու հետ են ուղարկել զորամաս, իսկ պաշտպանության նախարարին ներկայացրել են, որ բուժել են»:
Այժմ, մոր հավաստմամբ, իր տղան ծունկը այտուցված վիճակում զորամասի սանմասում պառկած է և բուժվելու կարիք ունի: Նա հոգեպես ճնշված վիճակում է: Վերջին անգամ Մուրացանի հոսպիտալի բժիշկ Ժամագործյանը տիկին Ռիտային ասել է, որ եթե նույնիսկ նախարարն էլ հրամայի, ինքը չի վիրահատի Մերուժանին, քանի որ նա հաշմանդամ կարող է դառնալ: «Ասում են՝ չի բուժվում, չենք կարող բուժել: Իմ միակ պահանջն է՝ թող տղայիս բուժեն: Նա էլի կշարունակի ծառայել, նա ծառայությունից չի խուսափում: Իսկ եթե չի բուժվում հիվանդությունը, թող ազատեն: Ի՞նչ են ուզում, որ երեխաս մեռնի՞»,- արցունքները աչքին՝ ասում է զինվորի մայրը:
Ռիտա Հարությունյանը կառավարության շենքի առջև էր առաջին հերթին պաշտպանության նախարարին հանդիպելու ակնկալիքով: «Պետք է ասեմ, եթե չեք հավատում, որ իմ երեխան վատ է, եկե՛ք միասին գնանք, տեսե՛ք, համոզվե՛ք, որ չենք խաբում»: Կառավարության նիստի ավարտից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է զինվորի մորը և խոստացել, որ վաղը նրան կրկին կտեղափոխեն Մուրացանի հոսպիտալ:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
