NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրություն

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ռ.Մնացականյանը փետրվարի 22-ին հացադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին: Դիմումն ընդունվել է և տրվել է համապատասխան ընթացք, որի համաձայն դատապարտյալը գտնվում է բժշկական ծառայության մշտական հսկողության ներքո, առողջական վիճակը լավ է:
Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե իբր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Ռ.Մնացականյանին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել հիմք ընդունելով նրա դիմումը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, ապա դա չի համապատասխանում իրականությանը:
Կարևորելով հասարակության` անաչառ, օբյեկտիվ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք, որ դատապարտյալ Ռ.Մնացականյանը ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել այն պատճառով, որ նախկինում ենթարկվել է թվով 7 կարգապահակ տույժի, այսինքն` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատապարտյալը թույլ է տվել չարամիտ խախտումներ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարոնակելու նպատակով»:
Հավելենք, որ իրականությանը չի համապատասխանում նաև այն տեղեկությունը, թե իբր դատապարտյալը խնդրել է իրեն տեղափոխել ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում դատապարտյալից նման խնդրանքով որևէ դիմում չի ստացվել: Բացի դրանից, ներկայումս անհնար է դատապարտյալին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ տեղափոխել, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկը նախատեսված չէ պատժի կրման փակ տեսակի համար:
Աղբյուր՝ http://www.moj.am
