NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հետքի» լրագրողը փոխհատուցում է պահանջում իրեն հայհոյած պատգամավորից

«Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը մարտի 1-ին Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Լրագրողը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել իրենից ներողություն խնդրել, որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 1 մլն դրամ, փոխհատուցել դատարան դիմելու համար կատարված ծախսերը:
Նշենք, որ Գրիշա Բալասանյանը փետրվարի 2-ին զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին՝ ճշտելու, թե ինչո՞ւ է «Հայկական ժամանակ» օրաթերթից բարոյական վնասի փոխհատուցում պահանջում: Պատգամավորը կոպիտ էր խոսել, լրագրողին անվանել էր «տգետ» և հեռախոսը անջատել: Իսկ Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգին ի պատասխան՝ իմանալով, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, Հայրապետյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր տեղացել և վերջում ավելացրել՝ «լավ արեցի»:
Դեպքի հաջորդ օրը «Հետքը» հանցագործության մասին հաղորդագրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կից ուղարկելով հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հատուկ քննչական ծառայությունը գործի վերաբերյալ քրեական գործ չէր հարուցել և խորհուրդ էր տվել քաղաքացիական հայցով դիմել դատարան:
Իր հայցադիմումում Գրիշա Բալասանյանը հղում է կատարել ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պայմանագրերի պահանջներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին:
«Պետությունները պարտավոր են պաշտպանել անձի ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունն այլ անձանցից: Կասկած չի հարուցում, որ անձի ֆիզիկական անձեռնմխելիության խախտումների գործերով ձևավորված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս դիրքորոշումը վերաբերելի է նաև անձի բարոյական անձեռնմխելիության խախտումների դեպքերին: Կասկած չի հարուցում նաև այն, որ հայցվորի պատվի և արժանապատվության դեմ պատասխանողի կատարած անպարկեշտ ոտնձգությունը հայցվորի բարոյական անձեռնմխելիության, ինչպես նաև նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի կոպիտ խախտում է»,- նշված է հայցադիմումի մեջ:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
