«Ժառանգություն»-ը մտադիր է դիմել դատարան, եթե ծառայողական քննությունը արդյունք չտա

Կառավարության առջև նախօրեին տեղի ունեցածի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը կդիմի դատարան, եթե մինչև այդ խնդիրը չլուծվի և մեղավորները չպատժվեն: Այսօր ասուլիսում այդ մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով նախօրեին կառավարության առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից քաշքշոցի էր ենթարկվել:

Նշենք, որ նախօրեին վարչապետի հրամանով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել` կատարվածի մանրամասները պարզելու և մեղավորներին պատժելու համար: Հարցին, թե «Ժառանգություն»-ն ի՞նչ ակնկալիք ունի ծառայողական քննությունից, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ծառայողական քննությունից միակ ակնկալիքս այն է, որ օրենքը խախտողները պատժվեն: Կոնկրետ հետևանք պետք է ունենա, որ այդ փոխգնդապետ Ավետիսյանը ազատվի պաշտոնից»:

Աղբյուր` Panorama.am