NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների պաշտպանվածության հարցը ընդհանուր առմամբ դրական է. Դաֆինա Գերչևա

Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը 2010թ.-ի ընթացքում հրավիրել և ընդունել է մարդու իրավունքի ուղղվածությամբ երեք բարձրաստիճան պատվիրակություն, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան hra.am -ին կարծիք հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ցուցադրել է իր նվիրվածությունը ու հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
«Թեև ընդհանուր առմամբ դրական է իրավիճակը, կառավարությունը չի կարող բավարարված լինել, և պիտի շարունակի աշխատանքը»,- համոզված է Գերչևան, ով կանանց միջազգային օրվանից՝ մարտի 8-ից 4 օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում մարտահրավերային են համարվում ընտանեկան բռնությունը և կանանց շահագործումը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից պատրաստված տեսանյութերի և ուսումնասիրությունների հիման վրա, նա եզրակացրել է, որ այնտեղ ներկայացված կանանց տխուր և երբեմն սարսափելի պատմությունները, ընտանիքներում բռնությունների ու ճնշումների ենթարկվելը ընտանիքի անդամների ու ամուսինների կողմից, ինչպես նաև իրենց կողմից անցկացված հատուկ հարցում-հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ընտանեկան բռնությունը երկրում լուրջ խնդիր է իրենից ներկայացնում։
Գերչևան անդրադարձավ նաև քաղաքականության մեջ աշխարհում և Հայաստանում կանանց ներգրավվածության խնդրին։ Նրա ներկայացրած տվյալներով՝ ամբողջ աշխարհում պետական և մասնավոր օղակներում կանայք միայն 17 տոկոս են զբաղեցնում, իսկ 150 ընտրված երկրներից միայն 7-ի ղեկավարներն են կանայք։
«Հայաստանը ևս քիչ է տարբերվում բացասական ցուցանիշով։ Այստեղ
131 պատգամավորներից միայն 8-ն են կին, կա 2 նախարար, 6 փոխնախարար և մեկ փոխմարզպետ... Բայց առաջընթաց ենք համարում
վերջին տարիներին նաև մեր ծրագրերի շնորհիվ 24 քաղաքապետի, գյուղապետերի և 50 փոխնախագահների պաշտոններ զբաղեցնող կանանց ի հայտ գալը»,- հայտնում է Գերչևան։
Հ.Գ. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, անդրադառնալով մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկին, որտեղ էին գտնվում նաև նրա նշած 8 կին պատգամավորներից 2-ը, նշեց, որ դատապարտում է ցանկացած բռնություն քաղաքացիների նկատմամբ, բայց համոզված է, որ այդ հարցը հետաքննելիս պետք է լսել երկու կողմին էլ։ Նա համոզված, որ ամեն ինչ այդպես էլ կլինի, քանի որ վարչապետը անձամբ է հրահանգել, որպեսզի աչալուրջ լինեն այդ դեպքի հետաքննության հարցում։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
