NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը թերանում է ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում (վիդեո)

«Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ նոր փուլ են մուտք գործում: Գործընկերության նպատակն է Հայաստանը դարձնել եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր, որը կատարում է ԵԽ առջև ստանձնած իր պարտավորությունները»,- մարտի 9-ին «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010-ին» զեկույցի ներկայացման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Բրյուսել» կազմակերպության ներկայացուցիչ Ժակլին Հեյլը:
Զեկույցը պատրաստվել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից, որը ներկայացնում է 60-ից ավելի հասարակական կազմակերպություն: Զեկույցում ներառված են մարդու իրավունքներին առնչվող տարբեր ոլորտներ՝ քրեակատարողական համակարգ, զինված ուժեր, ոստիկանություն, դատարաններ և այլն:
Ըստ Ժակլին Հեյլի՝ Հայաստանում քաղաքական բարեփոխումների ընթացքը թերություններով լի է եղել, և երկրի ստանձնած պարտավորությունները այս ոլորտում չեն կատարվել: Նա հղում արեց Եվրամիության վերջին զեկույցին, որտեղ ասվում է, որ Հարավային Կովկասում դեռևս լուրջ խնդիրներ կան բարեփոխման խոստումները իրականություն դարձնելու հարցում։ «Երկրում դեռևս կան քաղաքական բանտարկյալներ, խոսքի ազատությունը սահմանափակված է, ընդունվել է օրենք, որով գործադրի կողմից ՀԿ-ների աշխատանքին միջամտելու հնարավորություն է ստեղծվել»,- ասաց նա։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը նշեց, որ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագիրը, կարելի է ասել, որ անցել է հաջողությամբ:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին՝ Ռաուլ դե Լյուցենբերգերը նշել է, որ բարեփոխումներ կատարելու պարտականությունը ստանձնել է երկրի կառավարությունը, և ԵՄ չի կարող պարտադրել այդ բարեփոխումները: «Շատ հաճախ քաղաքացիական հասարակությունը կցանկանար, որպեսզի մենք այս գործիքը նորմատիվ եղանակով իրականացնենք, այսինքն՝ ստիպենք, պարտադրենք բարեփոխումները։ Սակայն դա չէ մեր նպատակը»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ներքին բարեփոխումների տեսանկյունից Հայաստանը որոշակի հաջողությունների հասել է: «Միգուցե դա այդքան տեսանելի չէ, սակայն ակնհայտ է, որ լուրջ աշխատանք է կատարվել»,- նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց Հայաստանում խոսքի և մամուլի ազատության վիճակի մասին: Նա ընդգծեց, որ առանց խոսքի ազատության հնարավոր չէ պատկերացնել որևէ ոլորտի բարեփոխում: Նավասարդյանը մտահոգություն հայտնեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի շուրջ, որը սահմանափակում է խոսքի բազմազանությունը:
Նա նաև մտահոգություն հայտնեց զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացված հոդվածով սահմանված տուգանքի մեծ չափի վերաբերյալ, որի չվճարման պատճառով որոշ լրատվամիջոցներ կարող են հայտնվել լուծարման վտանգի առջև:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը իր զեկույցում անդրադարձավ դատաիրավական համակարգի մի քանի մտահոգիչ բացերի, որոնք են՝ նախագահի մեծ լիազորությունները դատական համակարգի և դատավորների վրա, դատախազության ոչ բավարար անկախությունը, դատավորների և դատախազների միջև ամուր կապերը, ստորին ատյանների դատարանների կախումը Վճռաբեկ դատարանից, դատական համակարգի սոցիալական անկախության ոչ բավարար երաշխիքները: Նա նաև ներկայացրեց ոլորտը բարելավելու մի շարք առաջարկություններ:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
