Արձագանք մամուլի հրապարակումներին

Արձագանքելով «Վարդաշեն» քրեկատարողական հիմանարկում պահվող դատապարտյալների բարձրացրած հարցերի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և մասնավորապես նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ է նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին:
Հրայր Թովմասյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո անձամբ այցելել է մի շարք քրեակատարողական հիմնարկներ, այդ թվում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղում ծանոթանալու դատապարտյալների պահման պայմաններին: Այցելության ընթացքում նախարարը զրուցել է նաև դատապարտյալների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այցելությունների ավարտին ամփոփվելու են արդյունքները և տրվելու են համապատասխան հանձնարականներ քրեակատարողական վարչության ղեկավարությանն ու անձնակազմին:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից նախարարին հասցեագրված դիմումում բարձրացված հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են, ներկայում նախարարությունում ուսումնասիրվում է նաև պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցը:
Դատապարտյալների կողմից բարձրացված մյուս հարցերի առնչությամբ հարկ է նշել, որ պատժի կրման «բաց տեսակի» հետ կապված հարցերը կարգավորված են քրեակատարողական օրենսգրքով և այդ կարգավորումներից հստակ երևում է, որ պատժի կրման այդ տեսակին անցնելու համար գոյություն ունեն հատուկ սահմանված կանոններ:
Նույն օերնսգրքով ամրագրված է նաև դատապարտյալների կարճատև մեկնումների իրավունքը, որը տրամադրվում է բացառիկ հանգամանքներում, օրինակ` հարազատի մահը, սակայն սա ևս ունի առանձնահատկություն, որը կապված է դատապարտյալի գործած հանցավոր արարքի տեսակի, ազատազրկման ընթացքում նրա դսևորած վարքագծի հետ:
Քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող պայմաններն, ինչից իրավացիորեն դժգոհում են դատապարտյալները, մեծամասամբ պայմանավորված է այդ հիմնարկների գերբեռնվածությամբ, շենքային ոչ բավարար և այլ օբյեկտիվ պայմաններով: Ուստի հստակ քայլեր են մշակվում և ձեռնարկվում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայություն