NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վերլուծություն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում աշխատողի հեռացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իրավունք է տալիս գործատուին լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` հիմնվելով այն փաստի վրա, որ ինքը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցրել է:
Սակայն օրենսդիրը չի սահմանափակվել օրենսգրքի միայն այս դրույթով և, որպեսզի վստահության կորստի այս վերացական և ընդարձակ հիմքը գործատուի համար չարաշահումների տեղ չտա, սահմանել է նաև 122-րդ հոդվածը, ինչը նշում է կոնկրետ հիմքերը, որոնց առկայության պարագայում միայն գործատուի մոտ առաջանում է նման իրավունք:
Համաձայն 122-րդ հոդվածի` գործատուն իրավունք ունի oրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`
1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.
2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.
3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը:
Սա նշանակում է, որ առկա են կոնկրետ և սահմանափակ քանակությամբ հիմքեր, որոնցից միայն մեկի առկայությունը բավարար է գործատուի մոտ նման իրավունքի ծագման համար: Եվ այս հիմքերից դուրս գործատուն չի կարող ներգրավել որևէ այլ պատճառ, հիմք, որը կարող է 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով վստահության կորստի հիմք հանդիսանալ :
1. Այսպես. գործող 122-րդ հոդվածի առաջին հիմքը խոսում է դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս այնպիսի արարքներ կատարելու մասին, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս: Սա նշանակում է, որ այս հիմքով աշխատողը կարող է իր նկատմամբ վստահությունը կորցնել, եթե`
ա. իր աշխատանքային գործունեությունն առնչվում է դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելու հետ, այսինքն` առկա է նման գործունեությամբ զբաղվող սուբյեկտը,
բ. առկա է անզգուշությամբ կամ դիտավորությամբ կատարված արաք (գործողություն կամ անգործություն),
գ. գործատուն կրել է նյութական վնաս (իրական վնաս կամ բաց թողնված օգուտ),
դ. առկա է պատճառական կապ աշխատողի արարքի և գործատուի կրած վնասի միջև:
Միայն այս բոլոր պայմանների առկայության պարագայում գործատուն կարող է հիմնվել 122-րդ հոդվածի առաջին մասի վրա:
2. 122-րդ հոդվածի երկրորդ հիմքը խոսում է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի մասին, ով թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակել ու հետ անհամատեղելի արարք:
Սա նշանակում է, որ`
ա. աշխատողը պետք է հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ (ուսուցիչ, դասախոս և այլն),
բ. առկա է ուսումնադաստիարակչական աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի, անզգուշությամբ կամ դիտավորությամբ կատարված արարք (գործողություն կամ անգործություն):
"Ուսումնադաստիարակչական աշխատանքը շարունակելու հետ անամատեղելի արարք" արտահայտությունն ունի մեկնաբանման լայն հնարավորություն, սակայն ամեն անգամ այս դրույթը կիրառողը, տվյալ դեպքում` գործատուն, պետք է հիմնվի այն կանխադրույթի վրա, որ կատարված արարքն իր բնույթով այնպիսին է, որ այն իրականացնողն իր բարոյական, անձնական կամ այլ որակներով չի կարող շարունակել պատշաճ ուսումնադաստիրակչական աշխատանքը:
Եվ այստեղ կարևոր չէ արարքի առաջացրած հետևանքները. բավարար է միայն արարքի առկայությունը:
3. 122-րդ հոդվածի երրորդ հիմքը խոսում է այն մասին, որ աշխատողը հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը: Սա նշանակում է, որ`
ա. գաղտնիքը համարվում է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական ,
բ. աշխատողը որևէ ճանապարհով ձեռքբերման ուժով կա՛մ ի պաշտոնե, կա՛մ իր աշխատանքի բնույթով պայմանավորված տիրապետում է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիք և գիտակցում է կամ պետք է գիտակցի, որ դրանք հանդիսանում են պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիք,
գ. աշխատողն անզգուշությամբ կամ դիտավորությամբ հրապարակել է այդ գաղտնիքը, այսինքը` այն ինչ-որ եղանակով հասանելի է դարձրել երրորդ անձանց, կամ դրանց մասին անզգուշությամբ կամ դիտավորությամբ հայտնել է մրցակից կազմակերպությանը:
Այստեղ նույնպես կարևոր չէ արարքի առաջացրած հետևանքները. բավարար է միայն արարքի առկայությունը:
Վերոնշյալ երեք հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում գործատուն կարող է հիմնվել 122 հոդվածի վրա, պնդել, որ ինքը կորցրել է վստահությունն աշխատողի նկատմամբ և 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը:
Տարոն Սիմոնյան
Փաստաբան, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս
Աղբյուր՝ www.hra.am
