NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ըստ եվրոպացի փորձագետների՝ ազատազրկումը ամենաթանկ և ամենաանարդյունավետ պատժատեսակն է

Մարտի 16-ին «Ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցների վերաբերյալ» քննարկման ժամանակ եվրոպացի փորձագետները ներկայացրեցին իրենց երկրների փորձը:
Քրեակատարողական իրավունքի մասնագետ, Մաաստրիխտի համալսարանի պրոֆեսոր Ջերարդ դե Յոնգը նշեց, որ Հոլանդիայի օրենսդրությունը ունի այլընտրանքային պատժատեսակների մեծ «զինանոց», որի շնորհիվ տարեցտարի նվազում է ազատազրկվածների թիվը: Հոլանդիայում մի քանի քրեակատարողական հիմնարկներ նույնիսկ փակվել են և վարձակալության հիմունքով տրամադրվել Բելգիային, որի շնորհիվ պետությունը տարեկան 30 միլիոն դոլար եկամուտ է ունենում:
«Բոլորը հասկացել են, որ ամենաանարդյունավետ սանկցիան ազատազրկումն է, եթե, իհարկե, խոսքը չի գնում առանձնակի ծանր հանցանքների մասին, որոնց դեպքում ազատազրկումը այլընտրանք չունի»,- ասում է Ջերարդ դե Յոնգը:
Նա Հայաստանի համար ավելի հրատապ է համարում ոչ այնքան ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, որքան ազատազրկվածների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի խնդիրը: Հղում անելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, համաձայն որի՝ արգելվում են խոշտանգումները և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, փորձագետը կարծիք է հայտնում, որ եթե պետությունը ի վիճակի չէ ապահովել արժանավայել պայմաններ քրեակատարողական հիմնարկներում, պետք է այլընտրանքային պատժատեսակ կիրառի:
Մեծ Բրիտանիայի Սասսեքսի համալսարանի իրավագիտության ավագ դասախոս Ռիչարդ Վոգլերը նկատում է, որ վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածություն է նկատվում ամբողջ աշխարհում: Ըստ փորձագետի՝ ԱՄՆ-ում, օրինակ, մոտ երկու անգամ ավելացել է ՔՀԿ-ների ծանրաբեռնվածությունը:
«Ազատազրկումը համատարած կիրառելը սխալ է և անարդյունավետ: Իմ երկրում ասում են՝ ազատազրկումը հանցանք գործած մարդուն ուղղելու ամենաթանկ ճանապարհն է: Քրեակատարողական հիմնարկներում լավ պայմաններում մարդ պահելը մեծ գումարների հետ է կապված»,- նշում է Վոգլերը: Նա իր զարմանքն է արտահայտում ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված ընդամենը 2 այլընտրանքային պատժատեսակների առնչությամբ, ինչը, ըստ փորձագետի, դատավորներին ավելի ճկուն գործելու հնարավորություն չի տալիս:
Անգլիացի փորձագետը հույս ունի, որ երկօրյա քննարկման ընթացքում կհայտնաբերվեն Հայաստանում այլընտրանքային պատժատեսակների հետ կապված օրենսդրական բացերը և միջազգային փորձի միջոցով դրանց կտրվեն «հայկական լուծումներ»:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
