NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քննություն նորընտիր ՄԻՊ-ի համար. ՄԻՊ մամլո հաղորդագրություն
16 մարտի 2011թ., ք. Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին «168 ժամ» թերթում և «Հետք» ինտերնետային կայքէջում տպագրված հոդվածներում տեղ գտած` Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից աշակերտին ծեծելու տեղեկության առնչությամբ: Ստորև ներկայացնում ենք այդ նամակը:
«2011 թվականի փետրվարին «168 ժամ» թերթում և «Հետք» ինտերնետային կայքէջում տպագրվեցին հոդվածներ, որտեղ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ծնողները պատմում էին տնօրենի կողմից աշակերտին ծեծելու ու անպատիվ խոսքերով նրա արժանապատվությունը ոտնահարող հակաօրինական արարքի մասին: Այս տեղեկությունները ստուգելու նպատակով ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից դպրոցում իրականացվել են գործողություններ, որոնց մասին նույնպես տեղեկացել եմ մամուլից: Ըստ տեղեկությունների, այդ ստուգումների ժամանակ, ոտնահարելով երեխաների արժանապատվությունը, նրանցից կորզել են տնօրենի վարքագիծը հերքող խոստովանություններ, որով փորձ է արվել արմատախիլ անել այդ երեխաների մեջ քաղաքացիական սերմի ծիլը` ապագայում հասարակությունը ստրկամիտ ու շողոքորթ անդամներով համալրելու կործանարար նպատակով:
Այնինչ երեխաների հետ (մոտավորապես 15 հոգի) իմ անձնական հանդիպման ժամանակ ես բարձր գնահատեցի տնօրենի կողմից իրենց ընկերոջը հասցված վիրավորանքի մասին անթաքույց արտահատվելու եւ սեփական կարծիքը ասելու իրենց համարձակությունը: Նրանք արդարամիտ որոշում էին պահանջում` համարելով, որ իրենց արժանապատվությունը նույնպես վիրավորված է:
Ելնելով Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայից եւ ՀՀ օրենքներից, խնդրում եմ Ձեր գրասենյակի եւ անձամբ Ձեր միջնորդությունը` վերոնշյալ ավագ դպրոցի երեխաների կարծիքն ու ազատ արտահայտվելու իրավունքը եւ արժանապատիվ քաղաքացի դառնալու պարտականությունը պաշտպանելու համար:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տեղեկացնել Ձեր կողմից իրականացված քայլերի մասին ՚:
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Գրասենյակի նոր հասցեն է` Երեւան 0002, Մոսկովյան 31, բն. 76ա: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի հեռախոսով` (37410) 53.69.13, հեռապատճենով` (37410) 53.26.97, էլ. փոստովª office@heritage.am, info@heritage.am
