NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ազատության ծոմը» շարունակվում է. Ր.Հովհաննիսյանը հիշեցնում է իր պահանջները (ֆոտոշարք և վիդեո)

Այսօր` մարտի 22-ին, լրանում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մեկ շաբաթը: Նա լրագրողներին հրավիրել էր Ազատության հրապարակ մի քանի պարզաբանումներ անելու նպատակով:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իր հայտարարած հացադուլ-ծոմը ոչ մի կապ չունի քրիստոնեական Մեծ պահքի հետ:
«Ազատության հրապարակ իմ մուտք գործելն իմ քաղաքացիական իրավունքն իրականացնելու համար է, և ոչ թե որևէ ծիսակատարության կամ Մեծ պահքի շրջանակներում անցկացվող ծոմ»,- շեշտեց Ր.Հովհաննիսյանը:
Պատասխանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ թերթերից մեկին տված այն մեկնաբանությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղված է ցուցադրական ծոմապահությամբ, ինչը հակասում է քրիստոնեական բարոյական կոդեքսին, «Ժառանգության» առաջնորդը ևս մեկ անգամ նշեց, որ իր պահած ծոմը քաղաքական, քաղաքացիական համեստ ահազանգ է և չի տեղավորվում քրիստոնեական ծիսակարգի շրջանակներում: Նա առաջին նախագահին մաղթեց Աստծո օրհնություն և երկարատև կյանք՝ հավելելով, որ եթե կա մարդ, որ իրեն ցանկանում է «սատանայի կործանում», ապա դա նրա իրավունքն է:
«Նրանք, ովքեր հայտարարում են, թե իմ հացադուլը ավելի շատ քրիստոնեական ծոմ է, քան քաղաքացիական հացադուլ, ըստ երևույթի, չեն ծանոթացել մարտի 13-ին կայացած «Ժառանգության» ընդլայնված նիստի որոշմանը, որտեղ շատ հստակ գրված է մեր քաղաքական պահանջը՝ շատ դիպուկ, շոշափելի քաղաքական պահանջատիրությունը: Երևում է, որ մարդիկ չեն ընթերցել նաև մարտի 15-ին «Ժառանգության» քաղաքացիական հավաքի ժամանակ իմ խոսքը, որը հիմքն էր այս ազատության ծոմի»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը հարկ համարեց կետ առ կետ հիշեցնել իր կուսակցության և ողջ ժողովրդի պահանջները. «Ո՛չ, կուսակցապետությանը», «Ժողովուրդն է երկրի տերը», «Ձայն բազմաց, ձայն Աստծո», «Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր», «Ազատ քաղաքացի, անվտանգ պետություն», «Արժանապատիվ ապագա հայ երիտասարդին», «Ժողովրդին աշխատանք», «SOS, Հայաստանը հայաթափվում է», «Ո՛չ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին», «Վե՛րջ իշխող կոռուպցիային», «Ուժը բարոյականության մեջ է նաև», «Ո՛չ արձանագրություններին, այո՛ Հայաստանին», «Արցախին ճանաչում» և «Հայաստան»:
«Ժառանգության» առաջնորդը լրագրողներին փոխանցեց, որ իր մեկշաբաթյա ծոմի ընթացքում արդեն 15 հազարից ավելի մարդ է իրեն այցելել և աջակցություն հայտնել։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ սեփական կամքով է նստել հացադուլի և իր պայքարը կշարունակի այնքան, որքան «մարմինը կների, և Աստված կկամենա»:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
