NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Միլանոյի» գործով հերթական մերժումը. Փաստաբանը բողոք է պատրաստում Վճռաբեկ դատարան
ՀՀ վերաքննիչ դատարանը մարտի 31-ին հերթական անգամ մերժեց «Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (ԱԿ) հերթական բողոքը (նախագահող դատավոր՝ Ն.Բարսեղյան, դատավորներ՝ Ն.Հովսեփյան, Ա.Մկրտչյան):
2010թ. հոկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր վճիռ, որով «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող տարածքի սեփականության իրավունքը գրանցվում է «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության անունով։ «Օլիմպը» վերաքննիչ բողոք էր ներկայացրել և պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, քանի որ առաջին ատյանի դատավարության ժամանակ քննությանը մասնակից չի դարձել ո՛չ տարածքի սեփականատեր «Օլիմպ» ԱԿ-ն, և ո՛չ էլ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։
Մարտի 17-ին Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, իր ձևակերպմամբ, վերսկսել գործի քննությունը, քանի որ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը պատշաճ մակարդակով չի կատարվել։Սակայն մարտի 31-ին կայացրած վճռով Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։
«Փաստորեն Վերաքննիչ դատարանը միայն մի հանգամանք էր փորձել պարզել. արդյոք «Օլիմպ» ԱԿ-ի իրավունքները շոշափվո՞ւմ են վերը նշված գործով, թե՞ ոչ և հանգել էր այն եզրակացությանը, որ «Օլիմպ» ԱԿ-ի իրավունքները չեն շոշափվում այս գործով»,- վճիռը հրապարակելուց հետո hra.am - ին այսպիսի մեկնաբանություն տվեց «Օլիմպ»-ի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հայրապետյանը նշում է, որ արդեն 3 տարի է իրենք փորձում են հիմնավորել, որ, ըստ էության, «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության իրավունքը չպետք է դադարեցված լինի, քանի որ համապատասխան փոխհատուցում չի տրվել:
«Այսինքն այսօր գրվեց մի բան, ուղղակի գրվելու համար, շատ ցավալի է, որ մեզ մոտ արդարադատությունը կատարվում է այսպես»,- կարծում է Հայրապետյանը:
Հայրապետյանը պատրաստվում է վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, սակայն համոզված է, որ այն կունենա նախորդ բողոքների ճակատագիրը։ Օրենքում գրված է, որ Վճռաբեկ դատարանը գործը ընունելու վարույթի որոշումները կայացնում է համաձայն իր կարծիքի։
«Եթե Վճռաբեկ դատարանը չընդունի բողոքը, սա կարող է ծանր հետևանքներ առաջացնել «Օլիմպ» ԱԿ-ի համար՝ մոտ 4-5 մլն դոլարի վնաս, բայց Վճռաբեկ դատարանի կարծիքով սա ծանր հետևանք չէ»,- ասում է Հայրապետյանը:
Այս գործի ճակատագիրն էլ, փաստաբանի կարծքով, ամենայն հավանականության Եվրոպական դատարանը կորոշի:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
