Քաղբանտարկյալների շփումը լրագրողների հետ սահմանափակվում է

«Չնայած օրենքը շրջանցելու հնարավորություն տալիս է, բայց իմ կարծիքով՝ դա մարդու իրավունքների սահմանափակում է, և հիմնարկի վարչակազմը պիտի միջոցներ ձեռնարկի դատապարտյալներին լրագրողների հետ շփվելու հնարավորություն տալու համար»,- ասում է Սարգիս  Հացպանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը մերժել է «Հետք» թերթին տեսակցել և հարցազրույց անցկացնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Սարգիս Հացպանյանի հետ։

Հիմնարկի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մերժումը հիմնավորել է քրեակատարողական ծառայության աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և առաջարկել նորից դիմել մեկ կամ երկու ամիս հետո:

«Եղածի առթիվ առավել քան վստահ եմ, որ ոչ Հրայր Թովմասյանը, ոչ էլ այլ որևէ ատյան ձայն-ծպտուն չի հանելու: Հույսս էլի զլմ-ներն են, որոնցից ՔԿՀ աշխատակազմերը վախենում-սարսափում են: Այդ Բաբայան Արսեն կոչվածը ամեն ինչ անում է, որ ձեր, ձեզանից մեկի-երկուսի այս հիմնարկ մուտքը խոչընդոտի»,- երեկ «Հետքի» խմբագրությանն է դիմել Ս. Հացպանյանը՝ կոչ անելով ԶԼՄ ներկայացուցիչներին ակտիվորեն պայքարելու իր և մնացածների ազատության և իրավունքների համար (նամակն ամբողջությամբ):

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքերով՝ սա առաջին դեպքը չէ, երբ նույն՝ ծանրաբեռնված լինելու հիմնավորմամբ, լրագրողներին թույլ չեն տալիս դատապարտյալների հետ հարցազրույց անցկացնել:

Նշենք, որ 2010թ հունվարին Հացպանյանը բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ճանաչել իր՝ ազատության, անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական ընտանեկան կյանքը հարգելու և արտահայտվելու ազատության իրավունքների խախտումը:

Հացպանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին զորակցող հայտարարությամբ ապրիլի 6-ին հանդես է եկել Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների  պաշտպանության կոմիտեն:

Հայտարարության մեջ ասված է, որ 2009թ. ամռանը հրապարակված համաներման արդյունքում Սարգիս Հացպանյանը պետք է ազատ արձակված լիներ, սակայն «ՀՀ իշխանությունները արհեստական ու մտացածին պատճառաբանություններով հրաժարվել են նրան ազատ արձակել», իսկ հետագայում անհիմն մերժել են նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակել:

«Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտում է գործող իշխանությունների այս քինախնդիր վերաբերմունքը Սարգիս Հացպանյանի և մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ և իր զորակցությունն է հայտնում նրանց»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am