Որքան բարձր է կրթության որակը, այնքան ցածր է կոռուպցիայի մակարդակը

Թերֆինանսավորումը, պարտադիր զինծառայությունից տարկետում վերցնելու համակարգը, կրթության անբավարար որակը, իրավական դաշտի ոչ լիարժեք լինելը, կաշառք տալու և վերցնելու շահագրգռությունը. սրանք են կրթական համակարգում կոռուպցիայի պատճառները, որոնք նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ։

«Բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության ու արդարության ավելացում» թեմայով հակակոռուպցիոն համաժողովին, որն անցկացվեց ապրիլի 6-ին, մասնակցեցին պետական մարմիններ, համալսարանների, քաղաքացիական հասարակության, առևտրային ընկերակցությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ավելի քան 150 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԿԳ նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

«Նախարարությունն արդեն իսկ փորձեր է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարում, որի արդյունքում 2010թ.-ի դեկտեմբերի 30-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ընդունել է    «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. միջոցառումների համալիր ծրագիրը», որում ներառված գործողություններն ուղղված են բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը և կրթության մատչելիության ապահովմանը»,- ասաց Ա.Աշոտյանը:    

Ընդգծելով կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն դկտ. Ջաթինդեր Չիման և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն այդ հարցում Հայաստանին օգնելու պատրաստակամություն հայտնեցին։

Համաժողովի ընթացքում հայաստանյան բանախոսները ներկայացրին տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ իրենց կատարած աշխատանքները։ Ռումինիայից, Ղրղզստանից, Ուկրայինայից և Վրաստանից հրավիրված բանախոսներն էլ կիսեցին իրենց հաջողություններն ու  ոլորտում արդարության ավելացմանն ուղղված միջոցառումների արդյունքում քաղված դասերը։

Ուկրայինայի դեպքում նշվեց կոռուպցիայի նվազեցման մեխանիզմների ստեղծումը և բարձրագույն կրթության ոլորտում ուսանողական ԶԼՄ-ների ակտիվ հակակոռուպցիոն գործողությունների խրախուսումը:

«Յուրաքանչյուր ուսանող տվյալ ԲՈՒՀ-ի հայելին է». Վրաստանում ԲՈՒՀ-ն իրեն պարտավորված է զգում պատրաստել որակյալ կադրեր' իր իսկ արժանապատվությունը բարձր մակարդակում պահելու համար:

Ռումինիայի համալսարաններում ստեղծվել է թափանցիկության ու արդարության խթանման կոալիցիաներ, որոնք ընդգրկել են անդամներ ինչպես քաղաքացիական հասարակությունից, այնպես էլ ուսանողներից և դասախոսներից: Ստեղծվել են նաև 20 գնահատող թիմեր, ովքեր պատասխանատու են եղել համալսարաններում պատահականորեն ընտրված մեկ ֆակուլտետի գործունեության գնահատման և այդ մասին զեկույց պատրաստելու համար: Շահերի բախումից խուսափելու համար այս թիմերը գնահատել են իրենց երկրի այլ քաղաքների համալսարանները: Արդյունքում  գրանցվել է, որ երկրի համալսարանների 70%-ում հիմնական կանոնները ընդհանրապես չեն կիրառվում, համալսարաններից մեկում' Օրադեա պետական համալսարանի ուսանողների քանակի մասին հայտնաբերվել է կեղծ տեղեկատվության տրամադրում. 2008թ.-ին պետական հակակոռուպցիոն վարչությունը գործն ուղարկել է դատարան:

Հետաքրքիր  է նաև, որ Ղրղզստանում  դասախոսի աշխատավարձը կարող է կապված լինել ուսանողների գնահատումից /համենայնդեպս, այդպես նշեց բանախոսը, իսկ, թե ինչքանով է դա կիրառվում, կարելի է միայն գուշակել/։ Հայ ուսանողները վերջին ժամանակաշրջանում նույնպես դասախոսին գնահատելու հնարավորություն են ունենում, սակայն ի տարբերություն Ղրղզստանի, ուր այդ գնահատումից կախված է դասախոսի աշխատավարձը, Հայաստանում ուսանողները լրացնում են դասախոսի գնահատման թերթիկը ու այդպես էլ չեն տեղեկացվում գնահատման վերջնական արդյունքներից: Հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսանողներն արդեն տեղյակ են, որ նման արարողակարգը կրում է ձևական բնույթ:

Արտասահմանում լայնորեն կիրառվում է նաև «ակադեմիական ազնվության» գաղափարը, որը նախատեսում է յուրաքանչյուր ուսանողից խոստում տալ' պահպանելու ակադեմիական ազնվությունը, այսինքն սովորել ազնիվ մեթոդներով, այդ թվում չկաշառել դասախոսներին: Բնական է, որ այս խոստումը իրագործելը կախված է յուրաքանչյուր ուսանողի կամքից. ոչ ոք չի պարտադրվում դրան հետևել, սակայն խոստումը չիրագործելու դեպքում էլ պատիժը խիստ է լինում' ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:

Թեև համաժողովի կեսից դահլիճում ներկա չէին ոչ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, ոչ էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչները' լսելու համաժողովի ամենահետաքրքիր և կարևոր մասը' միջազգային փորձը և այն կիրառելու, իսկ ԶԼՄ-ների դեպքում էլ այդ փորձը հանրությանը ներկայացնելու համար, այնուամենայնիվ, հանդիպումը բոլորվին չտուժեց այդ հանգամանքից, քանի որ հետաքրքրված անհատները, այնուամենայնիվ, ներկա էին և առիթն օգտագործեցին միջազգային փորձը լսելու և տարատեսակ հարցեր ուղղելու միջազգային փորձագետներին:

Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am