NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ապաքրեականացման հետևանքներ. անհրաժեշտ է օմբուդսմենի միջամտությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքը «Ժամանակ» օրաթերթի դեմ դատական գործընթացին զուգահեռ, նոր դատական հայց են ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ։
Քոչարյանը պահանջում է հերքել «Հրապարակ»-ի՝ այս տարվա փետրվարի 12-ի համարում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հոդվածը և որպես փոխհատուցում պահանջում է նույնքան, որքան «Ժամանակ» թերթից՝ 6 մլն դրամ։ Դատարանը արգելանք է դրել «Հրապարակ» օրաթերթի ֆինանսական միջոցների վրա'որպես հայցադիմումի գումարային պահանջի երաշխիք։
Նշենք, որ Քոչարյանների երկու հայցերի դեպքում էլ նրանց փաստաբանը խախտել է դատարան դիմելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը, սակայն դատարանը գործը վարույթ է ընդունել։
«Տպագիր մամուլը հայտնվել է քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների ծուղակում: Մենք զգուշացնում էինք, որ այն դառնալու է յաթաղան՝ կախված թերթերի գլխին,- ասում է Ա. Օհանյանը,- օրենքի ապաքրեականացումով, փաստորեն, Հայաստանում մտցվեց բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը կիրառվում է միայն լրատվամիջոցների նկատմամբ և որի միակ նպատակն այն է, որ թերթը չկարողանա վճարել տուգանքները ու փակվի»: Ըստ նրա՝ խմբագիրներին փորձում են դարձնել գրաքննիչներ, ովքեր կմտածեն ոչ թե հետաքրքիր ու սուր նյութեր գրելու, այլ դրանք տպագրելու հետևանքների մասին։
Սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, օգտվելով օրենսդրական փոփոխություններից, վիրավորանքի և զրպարտության հոդվածներով դատի են տալիս լրատվամիջոցներին: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը 2011թ. առաջին եռամսյակում արդեն 12 դատական գործ է հաշվարկել նշված հոդվածներով։
Դրանցից մեկը երեք պատգամավորներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հայտնի գործն էր, որը ավարտվեց ի վնաս թերթի։ Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը Սամվել Ալեքսանյանին, Լևոն Սարգսյանին և Ռուբեն Հայրապետյանին զրպարտելու համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 միլիոն 44.000 դրամ։
«Օրենքի ապաքրեականացումը լավ մտածված քայլ էր իշխանության կողմից ընդդիմադիր մամուլը վերահսկելի դարձնելու համար: Ուրիշ պատճառ չեմ տեսնում, քան հաշվեհարդարը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց մասին լավից բացի որևէ բան կգրեն» ,-ասում է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը' ենթադրելով, որ նախկինում լրատվամիջոցներին դատի չէին տալիս, քանի որ քրեական գործ հարուցելը ավելի բարդ գործընթաց է և երկար ժամանակ է պահանջում։ «Ժամանակ» օրաթերթը վերջին շրջանում ամենաշատն է հայտնվել դատական գործընթացներում (Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով 3 դատական հայց է ներկայացվել թերթի դեմ):
Ողջունելի փոփոխությու՞ն, թե՞ կործանարար մեխանիզմ
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունները կատարվել են 2010թ. մայիսի 18-ին։ Նախկինում վիրավորանքն ու զրպարտությունը համարվում էին քրեորեն պատժելի հանցանքներ (Քրեական օրենսգրքի 135 և 136 հոդվածներ)։ Զրպարտության համար նախատեսվում էր տուգանք մինչև կես մլն դրամ, իսկ երկրորդ անգամ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավը արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու դեպքում տուգանքի թիվը կարող էր հասնել 1 մլն դրամի, կամ որպես պատժի միջոց կիրառվում էր ազատազրկումը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Վիրավորանքը, այսինքն՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելը, պատժվում էր տուգանքով՝ մինչև 400.000 դրամի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչև 800.000 դրամի։
ԵԽ առջև ստանձնած պարտավորությունների շրջանակում վիրավորանքի և զրպարտության հոդվածները ապաքրեականացվեցին։ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ավելացվեց 1087.1 հոդվածը, որի համաձայն' զրպարտության դեպքում սահմանվում է փոխհատուցում նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով (2.000.000 դրամ), իսկ վիրավորանքի համար անձը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով (1.000.000 դրամ)։
Փոփոխությունների գաղափարը ողջունեց ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դ. Միյատովիչը և գնահատեց որպես առաջընթաց խոսքի ազատության ոլորտում։ Դա ամրագրվեց նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցում։ Սակայն օրենսդրական փոփոխության ընդունումից ամիսներ անց ԶԼՄ ոլորտի և հասարակական կազմակերպությունների գործիչների այն մտահոգությունը, թե իրականում օրենքը լծակ կդառնա լրատվամիջոցների ազատ գործունեությունը խոչընդոտելու համար, դարձավ իրականություն։
«Կարծում եմ, որ եթե այս գործընթացներն այսպես շարունակվեն և դատական ատյաններն օգտագործվեն որպես ֆինանսական ճնշման մեխանիզմներ, ապա դա կարող է լուրջ բացասական հետևանքներ թողնել լրատվամիջոցների և Հայաստանում խոսքի ազատության մակարդակի վրա»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ով օրենքով նախատեսված տուգանքի շեմը շատ բարձր է համարում հատկապես տպագիր մամուլի համար, որոնք կարող են սնանկության և փակման եզրին հայտնվել։
Նրա կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որ խնդիրը ոչ այնքան այդ մարդկանց պատիվն ու արժանապատվությունը վերականգնելն է, որքան ֆինանսական հարված հասցնելը, որը կհանգեցնի ինքնագրաքննադատության խորացմանը։
«Ենթադրվում է, որ այս արշավից հետո լրագրողները, լրատվամիջոցները կսկսեն հարյուր անգամ մտածել՝ արժե՞ արդյոք քննադատել, սուր հոդվածներ պատրաստել, եթե դրա արդյունքում պետք է այսպիսի լուրջ վնաս հասցվի խմբագրությանը»,- նշում է Մելիքյանը։
Իրավապաշտպանների ու խմբագիրների կարծիքով' դատարանները որոշումներ կայացնելիս կողմնապահություն են դրսևորում՝ կիրառելով մաքսիմալ տուգանք և անտեսելով բերված հակափաստարկները:
«Դատարանը «Հայկական ժամանակի» պարագայում հաշվի չի առել, որ թերթը հերքում է տպագրել, որից հետո բացահայտել է նաև լրատվության աղբյուրին, որի հարցն ընդհանրապես չի քննվել դատարանում, այնինչ դա առանցքային նշանակություն կունենար»,- ասում է Ինֆորմացիաի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը:
Իրավապաշտպաններն արդեն մի քանի ամիս է բողոքում են, բայց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանն, ով օրենսդրական այս բարեփոխումների նախաձեռնության ակունքներում է, միայն վերջերս արձագանքեց։
Ապրիլի 4-ին հրապարակային հաղորդագրության մեջ Անդրեասյանը հանրային դեմքերին հորդորում է ավելի հանդուրժողական լինել մամուլի կողմից իրենց հասցեին հնչող քննադատությունների նկատմամբ։ Նա նշում է 8 կետեր, որոնք վերաբերում են արտահայտվելու ազատության իրավունքին։ Մասնավորապես ասվում է, որ անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների, մեկնաբանությունների ճշմարտացիությունն ու հավաստիությունը։ Բացի այդ, լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաև դիմել «որոշակի չափազանցության, նույնիսկ սադրանքների»։
Մինչդեռ «Ժամանակ»-ի խմբագիր Արման Բաբաջանյանն ամոթալի է համարում, որ խմբագիրներին հանդիպելու և օրենքի փոփոխության կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն մարդու իրավունքների պաշտպանը ձևական հայտարարություններ է տարածում։ Թերթերի խմբագիրները ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են համարում նաև Կարեն Ադրեասյանին:
«Պետք է այս խոսակցության մեջ ներքաշել օմբուդսմենին, որը եփել է այս ճաշը, և պիտի ամեն ինչ անի, որ օգնի դուրս գանք այս իրավիճակից»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Ա.Բաբաջանյանը մտահոգված է, որ Հայաստանի նման անազատ երկրում օրենքի ապաքրեականացումը կործանարար կարող է լինել տպագիր մամուլի համար։ «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը կարծում է, որ լավագույն լուծումը կլինի բարոյական վնասի փոխհատուցման համար խորհրդանշական տուգանք սահմանելը կամ լիովին վերացնելը, քանի որ խմբագիրների համար ամենածանր պատիժը հերքում տպագրելն է։
Կարինե Իոնեսյան
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
