NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սեռական հանցագործության համար պատժաչափերը կխստացվեն

Սեռական բնույթի հանցագործություն կատարած անձի նկատմամբ տուգանքը' որպես պատիժ կիրառելն անընդունելի է. այս եզրակացության են եկել հասարակական և պետական սեկտորի ներկայացուցիչները: Իսկ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն մշակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) հոդվածների փոփոխությունների և լրացումների նախագիծ:
«Սեռական բնույթի հանցագործությունը պետք է դիտվի որպես ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն, հատկապես եթե կատարվել է անչափահասի նկատմամբ»,- ասում է Թրաֆիքինգի դեմ պայքարի և ռեսուրս կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանը, ով մասնակցել է նախագծի մշակմանը:
Նախագծում ներառված են սեռական հանցագործության համար ծանրացուցիչ հանգամանքները, ինչը բացակայում էր գործող օրենքում: Պատիժն ավելի խիստ պետք է լինի, եթե հանցագործությունը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, զենքի գործադրմամբ կամ սպառնալիքով, այնպիսի հաստատությունում, որտեղ տուժողը կախվածության մեջ է (կալանավայր, զորամաս, բուժհաստատություն):
Ծանրացուցիչ հանգամանք է նաև 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական գործողությունը, երեխայի ծնողի, մանկավարժի, կամ նրա խնամքի ու դաստիարակության պարտականությունը ստանձնած անձի կողմից կատարված ոտնձգությունը:
Վերը նշված գործողությունների համար որպես պատիժ սահմանված է ազատազրկում 8-15 տարի ժամկետով, հանցագործը կարող է նաև մինչև 3 տարի ժամկետով զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Դավիթ Թումասյանն առաջարկում է նաև փոխել սեռական հանցագործությունների վաղեմության ժամկետները, քանի որ անչափահաս երեխաների մեծ մասը կամ չեն գիտակցում իրենց հետ կատարվածի լրջությունը, կամ՝ գտնվելով խոցելի վիճակում, վախից, ամոթից չեն խոսում դրա մասին. «Հիմնվելով ԵԽ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունների դեմ պայքարի կոնվենցիայի» դրույթներից' նախատեսեցինք, որ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելիս վաղեմության ժամկետները հաշվարկվեն ոչ թե հանցագործությունը կատարելու պահից, այլ՝ տուժողի 18 տարեկանը լրանալուց հետո, երբ երեխան փաստացի ի վիճակի է գիտակցելու իր հետ կատարվածն ու դիմելու իրավապահ մարմիններին»,- ասում է փաստաբանը' հավելելով, որ չնայած այդ դեպքում դժվար կլինի ապացուցել տարիներ առաջ տեղի ունեցածը, բայց գոնե իրավապահները բողոքը չեն մերժի:
Օրենքի նախագիծը մի խումբ պատգամավորների կողմից նախնական հավանության է արժանացել և ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացնելու է այն Ազգային Ժողովի քննարկմանը:
Հավելենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության տվյալներով՝ Հայաստանում սեռական ազատության ու անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունների աճ է գրանցվել: 2010թ.-ի առաջին կեսին գրանցվել է 54 հանցագործություն, 2009-ի նույն ժամանակահատվածում՝ 30։ Տուժողների մեջ անչափահասները փոքր տոկոս են կազմում:
Փաստաբան Դավիթ Թումասյանի խոսքերով՝ պաշտոնական վիճակագրությունը արտացոլում է փաստացի հանցագործությունների 30-40 տոկոսը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
