NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԻՊ. անդրադարձ սոցիալական իրավունքներին

«Այսօր Հայաստանում աղքատ է բնակչության 34,1 տոկոսը' յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված 32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, և այն չի դիտարկվում որպես պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության, սոցիալական վճարների հաշվարկման հիմք: Բացի այդ, պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52 հազար դրամ, և դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն՝ որպես նվազագույն կենսապահովման բյուջե: Վստահ եմ, որ աշխարհում գոյություն ունեցող որևէ մեթոդաբանություն չի կարող հաստատել, որ 32 հազար 500 դրամը Հայաստանում, որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել»,-իր մտահոգությունն է կիսում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ այսօրվա անդրադարձում։
Կարեն Անդրեասյանը 50-օրյա լռությունից հետո անցնում է հրապարակային և թափանցիկ գործունեության։ Մարդու իրավունքների ամենահրատապ խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով նա առաջիկա օրերին անդրադարձ է ներկայացնելու՝ սոցիալական ապահովության, հավաքների ազատության, սեփականության, արդար դատաքննության իրավունքներին, բռնության և խոշտանգումների խնդիրներին և 2008 թ.մարտի իրադարձությունների հետևանքներին։
ՄԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել հասարակության տարբեր խմբերից, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և անհատ անձանցից ստացվող կառուցողական առաջարկները ներկայացնել ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն՝ ազդելով սոցիալական ապահովության ոլորտում ընդունվող պետական քաղաքականության վրա:
Պաշտպանը լրագրողների հարցերին կպատասխանի ապրիլի 26-ին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ:
