ՄԻՊ. անդրադարձ խոսքի ազատության իրավունքին

«Երբ լրագրողը պատվերով կամ իր ներքին չարությունից դրդված նսեմացնում է որևէ մարդու արժանապատվությունը, պետք է հստակ գիտենա, որ նսեմացնում է ողջ լրագրողական համայնքի խոսքի արժեքը և ինքն է հենց թուլացնում չորրորդ իշխանությունը»,– իր կարծիքն է կիսում Կարեն Անդրեասյանը՝ խոսքի ազատության իրավունքին վերաբերող անդրադարձում:

Մարդու իրավուքնների պաշտպանն իր մտահոգությունն է արտահայտել հետևյալ դրույթների շուրջ.

• դատական սխալների պատճառով չպետք է սահմանափակվի լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը,
• 
օրենքի և լրագրողական էթիկայի տարրական կանոնների խախտման պատճառով իրականում չպետք է նսեմացվի որևէ մարդու արժանապատվությունը,
• 
հատկապես հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում բազմակարծության վիճակը պետք է բավարարի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի:

ՄԻՊ–ն ապրիլի 30-ին մամուլի ազատության վերաբերյալ ֆորում է նախաձեռնում, որին հրավիրվելու են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ։ Ֆորումի ընթացքում կամբողջացվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները և մայիսի վերջին նախագիծն աշխատանքային խմբի անդամների հատուկ կարծիքների, միջազգային փորձագետների եզրակացությունների հետ միասին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

 

Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև զրպարտության և վիրավորանքին առնչվող հոդվածների ապաքրեականացմանը. «Լրագրողին կամ որևէ այլ անձի սուտ կամ վիրավորական խոսքի համար չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության, սակայն գոյություն չունի ժողովրդավարական որևէ մի պետություն, որտեղ մարդն իրավունք չունենա զրպարտության կամ վիրավորանքի համար պահանջել բարոյական փոխհատուցում: Այժմ խոսքի ազատության և մարդու արժանապատվության պաշտպանությունը կախված է դատավորների՝ միջազգային չափանիշներին համապատասխան մեր այս օրենսդրության պատշաճ կիրառումից»։

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը վաղը` ապրիլի 22-ին կանդրադառնա արդար դատաքննության իրավունքին։