NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կմշակվի ՀԿ օրենսդրական ոլորտի բարեփոխումների նոր փաթեթ

Քաղաքացիական հասարակության ավելի քան մեկուկես տարվա պայքարի շնորհիվ «Հասարակական կազմակերպությունների մասին» մեծ աղմուկ հանած օրինագծի քննարկումը հետաձգվել է մինչև Ազգային ժողովի աշնանային նստաշրջան:
Մինչ այդ Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունը Արդարադատության նախարարության և Ազգային ժողովի փորձագետների հետ նախատեսում է ստեղծել աշխատանքային խումբ և մշակել ՀԿ օրենսդրական ոլորտի բարեփոխումների նոր փաթեթ:
«Լավագույն տարբերակը կլինի այն, որ տարբերակված մոտեցում ցուցաբերվի հասարակական տարբեր կազմակերպությունների' ստեղծագործական-մասնագիտական միություններ, դասական ՀԿ-ներ, վերլուծական կենտրոններ, քաղաքացիական նախաձեռնություններ և այլն: Դա կարելի է անել մեկ համապարփակ օրենքում կամ յուրաքանչյուրի համար առանձին օրենք մշակել»,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
Օրենքում փոփոխությունները արվել են 6 ստեղծագործական միությունների (Գրողների միություն, Ժուռնալիստների միություն, Նկարիչների միություն և այլն) առաջարկով: «Միությունների մասին օրենքի նախագիծ մշակելու առաջարկ էինք ներկայացրել նախարարություն, որը մերժվեց, հետո նախարարի կողմից առաջարկ արվեց ՀԿ-ների մասին նախագծում մեզ էլ ներառել՝ավելացնելով «միություն» բառը»,- նշում է Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը: Խնդիրն այն է, որ ՀԿ-ների մասին օրենքն արգելում է հասարակական կազմակերպությունների անվանման մեջ «միություն» բառը օգտագործելը: Միությունների ղեկավարները առաջարկել են նաև իրենց ֆինանսական միջոցների սղությունը հաշվի առնելով' կրճատել համագումարներ կազմակերպելու հաճախականությունը:
Արդարադատության նախարարության կողմից մշակված օրինագիծը 2009-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց, սակայն այն քննադատաբար ընդունվեց հասարակական ոլորտի ներկայացուցիչների կողմից:
Օրենքի ընդդիմախոսները ձևավորեցին Քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ, որը «ՀԿ մասին» օրենքի նախագծի ետկանչմանն ու լրամշակմանը ուղղված քարոզարշավ և ստորագրահավաք կազմակերպեց:
ՀԿ սեկտորի ներկայացուցիչները պնդում էին, որ օրենքի նախագիծը խախտում է հասարակական կազմակերպությունների ինքնակառավարման սկզբունքը' սահմանելով լրացուցիչ պարտականություններ և պահանջներ, ստեղծում է հաշվետվությունների ներկայացմանն առնչվող ավելորդ վարչարարություն և պետության կողմից ՀԿ-ների գործունեությանն ուղղակի միջամտելու հնարավորություն:
Քաղաքացիական հասարակության նախաձեռնող խմբի փորձագետ Արսեն Ստեփանյանի խոսքերով' իրենք դեմ չեն, որ օրենքում փոփոխություններ արվեն: Խնդիրն այն է, որ ՀԿ-ները չեն ներգրավվել իրենց վերաբերող օրենքի մշակման մեջ և նրանց առաջարկությունները հաշվի չեն առնվել:
Ըստ Ստեփանյանի' ՀԿ-ների աշխատանքը հեշտացնելու համար ընդհանուր ժողովի հաճախականությունը կրճատվել է, սակայն, մյուս կողմից, պարտադրանք է դրվել ամեն տարի 11 կետից բաղկացած հաշվետվություն հրապարակել ոչ պակաս քան 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով և դրա մեկ օրինակը հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ պետական լիազոր մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն): Հաշվետվությունը պետք է տեղեկատվություն պարունակի կազմակերպության գործունեության, իրականացրած ծրագրերի, բոլոր եկամուտների և դրանց աղբյուրների, կատարված ծախսերի, ղեկավար մարմնի և անդամների մասին: Բացի այդ նախարարությանը պետք է տրվեն հարկային և այլ մարմիններին ներկայացված տարեկան հաշվետվությունների պատճեններ:
«Այս ամենը հասարակական կազմակերպություններին կառավարելի է դարձնում իշխանությունների կողմից և ստեղծում է ավելորդ դժվարություններ ու հավելյալ ծախսեր»,- նշում է փորձագետԱ. Ստեփանյանը:
ՀԿ ոլորտի որոշ գործիչներ ասում էին, որ իրենց համար օրենքը մեծ խնդիրներ չի առաջացնի, քանի որ առանց օրենքի պարտադրանքի իրենք ապահովում են գործունեության թափանցիկություն կազմակերպության կայքի կամ տարբեր հրատարակությունների միջոցով: Սակայն չէին բացառում, որ սահմանափակ միջոցներ ունեցող կազմակերպությունների համար դա կարող է առաջացնել հավելյալ ծախսեր և ծանրաբեռնվածություն:
«Իրականում հարկային մարմինները երբեք զրկված չեն եղել վերահսկելու հնարավորությունից և ցանկացած ժամանակ կարող են թակել դուռդ և ստուգում իրականացնել»,- ասում է Թևան Պողոսյանը: Նրա համոզմամբ' Կառավարության համար դա վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ էր, որը կօգտագործվեր, թե՝ ոչ, դժվար է ասել, սակայն հավելյալ ռիսկեր էր պարունակում:
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հայտարարում էր, որ օրինագիծը միտված է ոչ թե ՀԿ-ների վրա վերահսկողությունը մեծացնելուն, այլ' նրանց գործունեությունը հասարակության համար թափանցիկ դարձնելուն:
«Հանրային հարաբերություններում գործող յուրաքանչյուր կառույց պետք է հայտնի իմաստով պահպանի հրապարակայնորեն գործելու նվազագույն պահանջները, դա նաև հնարավորություն է տալիս վերջիններիս զերծ մնալու՝ քաղաքականության վրա ստվերային ազդեցություններից, իրենց ոչ բնորոշ գործունեություն իրականացնելուց և որևէ քաղաքական ուժի կամ միջազգային կառույցի քողարկված թելադրանքով գործելուց»,- օրինագծի դեմ ուղղված քննադատություններին այսպես է պատասխանել Գևորգ Դանիելյանը' հավելելով, որ ազնիվ և թափանցիկ գործող ՀԿ-ները նախագծին դեմ չեն արտահայտվել:
Քաղաքացիական հասարակության բարձրացրած դժգոհության ալիքից հետո միայն կազմակերպվեցին հասարակական լսումներ և քննարկումներ օրենքի նախագծի շուրջ:
2010 թվականի սկզբին օրինագծի մասին իր փորձագիտական կարծիքը հայտնեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ): Որոշ դրույթներ համարելով բարեփոխումներ' միջազգային կառույցը մատնանշեց նախագծի հիմնական թերությունը' «օրինագիծը միտված է ուժեղացնելու պետության վերահսկողությունը ՀԿ-ների վրա», և առաջարկեց լայն քննարկումներ անցկացնել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Նույն պահանջն էին ներկայացնում նաև ՀԿ սեկտորի ներկայացուցիչները' Ազգային ժողովից ետ կանչել օրինագիծը և կազմակերպել հասարակական քննարկումներ:
Հաշվի չառնելով այս բոլոր պահանջներն ու առաջարկությունները' նախարար Գևորգ Դանիելյանը 2010թ օգոստոսի 5-ին Կառավարության հաստատմանը ներկայացրեց Արդարադատության նախարարության կազմում նոր մարմին (Իրավաբանական անձանց գործունեության օրինականության վերահսկողության տեսչություն) ստեղծելու որոշման նախագիծ, որը հավանության արժանացավ: Վարչության գործառույթներն էին լինելու' ՀՀ-ում գործող իրավաբանական անձանց կողմից իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը, խախտումների բացահայտումը և իրավաբանական անձանց ֆինանսական գործունեության թափանցիկության բարձրացումը:
Սակայն տեսչությունը մինչ այսօր փաստացի չի գործում: Քաղաքացիական հասարակության պայքարի շնորհիվ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը սառեցվեց ու թեև ընդգրկված էր այս տարվա գարնանային նստաշրջանի օրակարգում, սակայն այդպես էլ չքննարկվեց:
Թևան Պողոսյանի խոսքերով' իրենց դա հաջողվեց նաև այն պատճառով, որ Արդարադատության նոր նախարար Հրայր Թովմասյանը ավելի «առողջ» և կառուցողական մոտեցում ունի տվյալ հարցում:
«Եթե համախմբված հանդես գանք, ինձ թվում է' կգտնենք համակարգային լուծումներ»,- ասում է Պողոսյանը' ավելացնելով, որ իրենց հաջողվել է հասնել ամենակարևորին' նախարարությունը դրսևորել է քաղաքական կամք և պատրաստ է համագործակցության:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
Նկարը՝ www.armenianngo.net
