NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեղական և ներկրված բանջարեղեն. սպառողների և ջերմոցատերերի շահերը բախվում են

Հայաստանի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը բողոքում են, որ Թուրքիայից ներկրվող էժան լոլիկի ու վարունգի պատճառով իրենց բիզնեսը տուժում է: Նրանք կասկածներ ունեն, որ նշված բանջարեղենները Հայաստան են բերվում առանց մաքսազերծման, այլապես այդքան էժան չէին վաճառվի:
Արդեն երեք տարի է Արարատի մարզի Դարակերտ գյուղի մի խումբ ֆերմերներ գյուղապետի հետ միասին նամակներ ու դիմումներ են հղում պետական տարբեր ատյանների:
«Մեր խնդրանքն է, որ եթե հնարավոր է, մեզանից գազի համար չգանձեն ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), որպեսզի կարողանանք զարգանալ և բանջարեղենով ողջ տարին ապահովել մեր բնակչությանը: Եվ պահանջում ենք խիստ հսկողություն սահմանել մաքսային անցակետերում, որ պոմիդորը ճիշտ քանակով գրանցվի և մաքսազերծվի, թե չէ ինչքան ուզում են, թող բերեն, դա մեզ չի խանգարում»,- ասում է Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը' ավելացնելով, որ սեզոնին իրենք գնի հետ կապված խնդիրներ չունեն:
Մայիսի 2-ին Արարատի և Արմավիրի մարզերի մի խումբ ջերմոցատերեր բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև և հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետի հետ: Ֆերմերներին ընդունել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով խոստացել է պարզել, թե արդյոք այս տարի Թուրքիայից կամ այլ երկրից լոլիկ և վարունգ ներկրվել է Հայաստան:
Այնինչ, Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն' 2011թ առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան է ներկրվել 147 տոննա լոլիկ (373 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով) և 286 տոննա վարունգ (809 հազար դոլար մաքսային արժեքով): Իսկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության եռամսյակային զեկույցի տվյալները արձանագրում են, որ այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան ներկրված բուսական ծագման արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ մեկուկես անգամ ավելի է:

Դարակերտ գյուղի բնակիչ, ֆերմեր Վարուժան Խոդեդանյանն ունի 2200 քմ ընդհանուր մակերեսով ջերմոց, որի համար 40-42 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է արել: Գումարի մեծ մասը բանկից վարկով է վերցրել: Մարտի 15-ից մինչ օրս արտադրել է 4.5-5 տոննա լոլիկ ու վարունգ և ամբողջը վաճառել է:
«Այս տարի ես առանց թույների եմ մշակել, մեծ ծախսերով: Եթե սովորական ջերմատներում 1 կիլոգրամի ինքնարժեքը նստում է 700-750 դրամ, ինձ վրա նստել է 850-900 դրամ, բայց ոչ մեկը դա չի հասկանում»,- ասում է նա' ավելացնելով, որ գազի և պարարտանյութերի բարձր գների պատճառով իրենք չեն կարողանում մրցակցությանը դիմակայել, պարտքեր են կուտակում, ինչի պատճառով հնարավոր է ջերմոցները փակեն:
Խոդեդանյանը և ջերմոցային տնտեսությունների մյուս սեփականատերերը կարծում են, որ լոլիկ և վարունգ արտադրողների ու ներմուծողների համար ստեղծված չեն հավասար մրցակցային պայմաններ: Նրանք անտրամաբանական են համարում դրսից ներկրված լոլիկի ու վարունգի ցածր գինը:
«Ներկրողները 370-420 դրամ միայն մաքսային տուրք պիտի վճարեն, իսկ իրենք այդ գումարով վաճառում են: Իսկ ո՞ւր մնացին արտադրելու վրա կատարված ծախսը, ճանապարհածախսը: Միանշանակ, էստեղ ինչ-որ գաղտնիք կա, որ մենք չգիտենք: Եթե մաքսը վճարեն, չեն կարող այդքան էժան վաճառել: Երևի չեն վճարում, ինչ ուզում, անում են: Գյուղացու ապրանքն էլ չի վաճառվում, ընկնում է պարտքերի տակ»,- ասում է Դարակերտի գյուղապետը: Նրա խոսքերով' լոլիկը և վարունգը Թուրքիայից Հայաստան են բերվում Վրաստանի միջոցով և մաքսային անցակետերում գրանցվում են որպես վրացական ապրանք:
Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը Թուրքիայից ներկրված բանջարեղենի ցածր գինը այսպես է բացատրում. «Թուրքիայի ծովափնյա հատվածում կլիման մեղմ է, առանց ջեռուցման ջերմոցներում կարողանում են աճեցնել լոլիկ և վարունգ' այլ տեխնոլոգիաներով, համակցված պարարտանյութերով, որոնք խթանում են արտադրանքը: Դրա համար էլ ավելի ցածր ինքնարժեք են ունենում: Մեզ մոտ ինքնարժեքի մոտ 60 տոկոսը միայն ջեռուցման ծախսերն են կազմում»:
Բերբերյանի խոսքերով' շուկայական ազատ հարաբերությունների պայմաններում հնարավոր չէ շուկան փակել և արգելել ներմուծումը կամ արտահանումը: Նա նշում է, որ թեպետ ինքը պետք է պաշտպանի ֆերմերների շահերը, սակայն պետք չէ մոռանալ նաև սպառողների մասին:
«Եթե որակով և մատչելի վարունգ ու լոլիկ կարող են գնել մարդիկ, դա, իհարկե, շատ լավ է»,- ասում է ագրարագյուղացիական միության նախագահը' ավելացնելով, որ բարոյական չէ պաշտպանել միայն տեղական արտադրողների շահերը, իսկ սպառողին մատուցել տեղական թանկ արտադրանքը:
Մինչդեռ ջերմոցային տնտեսությունների տերերը պնդում են, որ դրսից ներկրված լոլիկը տեղական լոլիկների համեմատ ցածրորակ է և տարբերվում է պինդ կեղևով, ոչ բնական գույնով ու սպիտակ միջուկով:
Նրանք մտահոգված են, որ իրենք կարող են հայտնվել ֆինանսական սնանկացման եզրին: Դարակերտն ունի 750 տնտեսություն, որի 40 տոկոսն ունեն ջերմոցներ` 30 հեկտար ընդհանուր մակերեսով: Ջերմոցային տնտեսություն ունեցողների 90 տոկոսը, գյուղապետ Ղուկասյանի խոսքերով, վարկով են աշխատում: Իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը սկզբում 24% էր, այժմ իջել է 12-15%-ի: Գյուղապետը համոզված է, որ եթե գազի գինը թանկ չլիներ, ջերմոցատերերի թիվն ավելի մեծ կլիներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքերով' լոլիկի և վարունգի գների տատանումը պարաբոլ է հիշեցնում. տարեսկզբին գները բարձր են, ամռան սեզոնին իջնում են, տարվա վերջին կրկին բարձրանում:
Գյուղացիներն անտրամաբանական են համարում ներկրված լոլիկի և վարունգի ցածր գները, իսկ սպառողները'տեղական ապրանքի բարձր գները: Տնային տնտեսուհի Էլինա Ղազարյանը գնում է դրսից ներմուծվածը, քանի որ համեմատաբար ավելի էժան է: «Անգամ սեզոնին 100 դրամով պոմիդոր չես գտնի շուկայում: Մարդկանց մասին չեն մտածում: Ինչ է, ուզում են վարունգն ու պոմիդորը էկզոտիկ բանջարեղեն սարքե՞լ, որ մարդիկ առիթից-առիթ դնեն սեղանին: Արդեն համին ուշադրություն չենք էլ դարձնում, որը ավելի մատչելի է, նա ենք գնում»,- ասում է նա:
2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին լոլիկի 1կգ.-ի գինն աճել է 34,8 տոկոսով`դառնալով միջինը 1260 դրամ, այնուհետև անցած երեք ամիսների ընթացքում նվազել է` ապրիլին դառնալով մոտ 1020 դրամ:
Վարունգի գինն անցյալ տարվա դեկտեմբերին եղել է միջինը 1300 դրամ, հունվարին բարձրացել է մինչև 1730 դրամ, իսկ փետրվար-ապրիլ ամիսներին նկատվել է գնանկում և վարունգի 1 կգ շուկայում եղել է միջինը 1130 դրամ:
Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը խորհուրդ է տալիս ջերմոցատերերին վերանայել իրենց բիզնեսը: «Եթե դրսից ներկրված ապրանքը ավելի մրցունակ է մեր շուկայում, ուրեմն իրենք պետք է մտածեն ինչ-որ նոր արտադրության մասին, դա կարող է լինել ծաղիկ, պղպեղ կամ այլ արտադրանք, որը շուկայում մրցունակ կլինի: Եթե դու չես կարողանում քո արտարդրությունը ճիշտ կազմակերպել, մեղադրել պետությանը անիմաստ է»,- համոզված է նա:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը` www.hra.am
